Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ

Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ

Մի անգամ տղան ասում է հորը. «Ես այլևս մանկական Աստվածաշունչը չեմ կարդա, որովհետև կարդալուց հետո, միևնույն է, ոչինչ չեմ հիշում»։ Հայրը ոչինչ չի պատասխանում տղային, այլ ասում է. «Լա՛վ, այժմ վերցրու մեր ածուխի դույլը ու գնա գետից ջուր բեր»։

Տղան ուրախացած, որ այլևս գիրք չի կարդալու, գնում է կատարելու հոր ասածը։ ՈՒ երբ ջրով լի դույլը բերում, հասցնում է տուն, տեսնում է, որ համարյա ոչինչ չի մնացել այնտեղ, քանի որ դույլը ծակ է լինում։ Հայրն ասում է. «Ոչինչ, տղաս, գնա նորից ջուր բեր»։ Տղան դարձյալ դույլը ջրով է լցնում ու մինչև տեղ կհասներ, տակը համարյա ջուր չի մնում։ Հայրը երրորդ անգամ է տղային ուղարկում ջրի, ու դարձյալ նույն բանն է կրկնվում, և դույլի հատակին շատ քիչ ջուր է մնացած լինում։ Տղան տրտնջում է, ասելով. «Ի՞նչ օգուտ, որ երեք անգամ գնացի ջրի, բայց շատ քիչ ջուր ունեցանք»։

Այդ ժամանակ հայրն ասում է որդուն. «Այժմ դույլի ներսը նայիր, ի՞նչ ես տեսնում»։ Տղան նայում է, բացի դատարկ հատակից ոչինչ չի տեսնում ու պատասխանում է հորը. «Ոչինչ էլ չկա դույլի մեջ, ի՞նչ պետք է տեսնեմ, չէ՞ որ դույլը ծակ էր, ու ամբողջ ջուրը թափվեց ճանապարհին»։ Այդ ժամանակ հայրը բացում է որդու հոգևոր աչքերը ու պատասխանում է նրան. «Տղա՜ս, երբ դու ածուխի դույլը վերցրիր ջրի գնալու, ինչպիսի՞ն էր ներսը. այն ամբողջովին սևացած չէ՞ր ածխափոշուց, իսկ երեք անգամ այն ջրով լցվելուց ու դատարկվելուց հետո, չնայած հատակի անցքի պատճառով ջուրը թափվեց, բայց մաքրվեց այդ ընթացքում, ու այն այժմ մաքուր է ներսից։ Այդպես էլ մարդիկ են, երբ նրանք կարդում են Սուրբ գիրքը, կարծես թե ոչինչ չեն հիշում, բայց իրենց սրտերը այդ ընթերցանության ժամանակ հարաբերվելով Տիրոջ սրբարար խոսքի հետ, անտեսանելիորեն մաքրվում են ներսից։ ՈՒրեմն դու էլ երբեք չդադարես Աստվածաշունչը կարդալուց, պատճառաբանելով, թե ոչինչ չես հիշում։ Քեզ այդ միտքը հուշում է չարը, որ դու այլևս չկարդաս այն ու մնաս մեղքերիդ մեջ, որ հեշտ լինի քեզ հանցանքի ծուղակը գցելն ու հետ դժոխք տանելը»։

Մի երիտասարդ վանական էլ բողոքում է վանահորը, ասելով. «Հա՛յր, ներիր, բայց ժամերգությունների ժամանակ սաղմոսները կարդալիս ոչինչ չեմ հասկանում, քանի որ հին գրաբարյան լեզվով են դրանք գրված»։ Ծեր վանականը, հասկանալով չարի հնարքները, որով նա կամենում է երիտասարդ ու անփորձ վանականին հուսահատության գիրկը գցել, ասում է նրան. «Այդ ոչինչ, զավակս, որ դու չես հասկանում սաղմոսելիս, բայց հաստատ իմացիր, դևերը, որ պտտվում են մեր շուրջը, գրաբար հասկանում են ու չեն կարողանում մոտենալ մեզ, այլ սարսափահար փախչում են, ինչպես խավարը՝ լույսից։

ՈՒրեմն ոչ մի պատճառաբանություն թող քեզ չհեռացնի աղոթելուց ու սաղմոսելուց, քանզի Պետրոս առաքյալը զգուշացնում է. «Արթուն եղեք, հսկեցեք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչացող առյուծի պես շրջում և փնտրում է, թե ում կուլ տա»։ ՈՒրեմն դիմադրե՛ք նրան, հաստատուն լինելով հավատի մեջ» (Ա Պետրոս, 4.8)։

Մի անգամ էլ տարեց քույրերից մեկը մոտեցավ ինձ ու համարյա լացակումած բողոքեց իր վերևի հարկում բնակվող հարևանուհուց, որ անընդհատ աղմկում է, դիտմամբ փայտե կրունկով կոշիկներով քայլելով տանը, ասես այդքանը քիչ է, հեռուստացույցն էլ բարձր միացնում ու չի էլ նայում, քանի որ նրա քայլերի ձայնը ուրիշ սենյակից է լսվում։ Բաղնիքի ու խոհանոցի կեղտաջրերով իր բնակարանի առաստաղը թրջելն էլ արդեն սովորության է վերածել։ Իսկ բողոքներին կոպտությամբ ու բղավոցներով է պատասխանում, ԻնԽ-ի ծառայողների ասածներն էլ բանի տեղ չի դնում։ Իսկապես ցավալի վիճակ էր քրոջ նկարագրածը, ու տեսնելով չարի որոգայթները այս քրոջ հանդեպ, ես ոչինչ չէի կարող պատասխանել, բացի Տիրոջ Խոսքից, որ այդ ժամանակ միտքս եկավ. «Քույր ջան, իսկապես ցավակցում եմ քեզ նման հարևան ունենալու համար ու ոչինչ չեմ կարող ասել, բացի նրա համար աղոթելուց, քանզի այդպես է պատվիրել մեր Տերը Իր առաքյալի միջոցով. «Օրհնեցե՛ք ձեզ հալածողներին. օրհնեցե՛ք և մի՛ անիծեք, համերա՛շխ եղեք միմյանց հետ, մի՛ մեծամտացեք, այլ խոնա՛րհ եղեք, դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք, չարի դիմաց չարով մի՛ հատուցեք, խորհե՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ. ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահե՛ք, ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թո՛ւյլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, և Ես կհատուցեմ: Եթե քաղցած է քո թշնամին, հա՜ց տուր նրան, և եթե՝ ծարավ, ջո՜ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին: Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռովմ. 13.14): Քույրը, երբ ինձնից լսեց Աստծո խոսքը, մեծ բարկությամբ ու սրտմտությամբ պատասխանեց. «ՈՒրեմն էդ լաչառ ու անիծված հարևանուհիս ինձ գիշեր-ցերեկ անհանգստացնի ու գլխիս ջուր լցնի, ու ես նրա համար աղոթք անե՞մ, հետն էլ օրհնեմ նրան, որ ավելի չար բանե՞ր անի։ Այս ինչ ես ասում դու ինձ, եղբայր։ Երբեք դա չի լինի, ես պիտի անընդհատ անիծեմ, որ սատկի էդ վհուկ ջադուն, որ այսքան տարիներ կյանքս կերավ»։ Եվ բարկացած շուռ եկավ ու գնաց, առանց խոսակցությունը շարունակելու, չնայած նրա հետ խոսելն ավելորդ էր, քանի որ չարությամբ էր համակված։

Իսկ հիմա այս վկայության հոգևոր խորհուրդը հասկանանք Տիրոջ Խոսքի լույսի ներքո։ Երբ Տիրոջ ծառան հորդորում է օրհնել մեզ հալածողներին, դա նույնն է, թե որևէ մեկը մեզ խորհուրդ տա լույս վառել, երբ խավարը մեզ պատի, քանի որ հալածանքն ու անեծքը չարի դրդումով են լինում, որը խավարի հետ կարելի է համեմատել, իսկ օրհնանքը` Աստծո լույսի, որով միայն մենք կարող ենք հաղթել խավարի զորություններին ու չարին։ Երբ մեկը դեպքերի բերումով հայտնվում է տայգայում, որտեղ վայրի գազաններ են վխտում, ի՞նչ պետք է անի, երբ գիշերվա խավարը պատի շուրջը։ Իհարկե փայտ հավաքել ու կրակ վառել, որի ահից ոչ մի գազան չի կարող մոտենալ։ ՈՒ քանի դեռ կրակը վառ է ու զորավոր, գազանները չեն կարող մոտենալ մարդուն։ Այդպես էլ աղոթող անձն ու ազգը. երբ շրջապատի ուժերը փորձում են ոչնչացնել մեզ, աղոթքն ու զենքը միակ միջոցն են թշնամիների դեմ։

Վերջում ավելացնեմ, որ այս երեք վկայությունների նպատակը մեկն էր՝ յուրաքանչյուր հայորդի քրիստոնյա չպետք է դադարի հանապազօրյա հացի նման Աստծո Խոսքը կարդալուց ու սուրբ պատարագներով զորանալուց, իսկ եթե չի կարդում, թող սկսի Սուրբ գիրքը կարդալ ու զորանալ հոգով, որպեսզի նախ խաղաղություն ունենա դրացիների ու տնեցիների հանդեպ, իսկ մեզ շրջապատող թշնամիների հանդեպ՝ հաղթություն, երբ գա դիմակայելու պահը, քանզի նրանք մոլեռանդորեն օրը հինգ անգամ են աղոթում իրենց ալլահին, իսկ մենք, առանց աղոթքի մեր հաղթող Տիրոջը` Հիսուս Քրիստոսին, այսինքն՝ առանց հոգևոր լույսի նրանց խավարի դեմ, անկարող կլինենք պայքարելու և հաղթելու, քանզի Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ ու կհաղթի Տիրոջ զորությամբ։ Ինչպես Տեր Հիսուսը հորդորեց. «Արթուն եղեք, աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթեոսի Ավետարան 25.41)։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում