Հունիսի 1-ին միջոցառումներ են կազմակերպվում Երեւանի բոլոր համայնքներում
Նմանատիպ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրվա’ հունիսի 1-ի կապակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից մեկնարկել ու ամբողջ օրվա ընթացքում շարունակվել են երեխաներին նվիրված տոնական միջոցառումները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչական շրջանների տարբեր հատվածներում, այդ թվում նաև բակային տարածքներում, մանկապարտեզների, դպրոցների և մշակութային օջախների սաների մասնակցությամբ կազմակերպվել են բացօթյա համերգային ծրագրեր’ պարային և երաժշտական կատարումներով: Նկարչական խմբակներ հաճախող կամ պարզապես նկարել սիրող երեխաները ևս հնարավորություն են ունեցել իրենց կարողությունները ցուցադրել գեղանկարի ու կավճանկարի միջոցով:
Միջոցառումների շրջանակում մանուկները հնարավորություն են ունեցել նաև շփվելու, խաղալու և լուսանկարվելու սիրված հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսների հետ:
Անցկացվել են նաև մարզական առաջնություններ: Սկսնակ փոքրիկ շախմատիստներն իրենց ուժերն են չափել խաղատախտակների առաջ:
Երեխաների հետ տոնին մասնակցել են նաև ծնողները, տատիկ-պապիկները, ովքեր հիացմունքով նշել են, որ մայրաքաղաքում տիրող տոնական ուրախ տրամադրությունը նաև իրենց է վարակել:
Օրվա առիթով երեխաների համար այցելություններ են կազմակերպվել թանգարաններ, գադարաններ, ինչը դպրոցահասակ երեխաների համար ևս մի առիթ էր ծանոթանալու հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններին:
Միջոցառումներ են անցկացվել նաև զբոսայգիներում և պուրակներում, որտեղ մանուկներին վարչական շրջանների աշխատակազմերի, տարբեր տնտեսվարողների կողմից անակնկալներ են մատուցվել: Լարախաղացներ ու աճպարարներն էլ իրենց հերթին հմուտ հնարքներով զարմացրել են փոքրիկներին:
Հունիսմեկյան միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ երեկո և կեզրափակվեն տոնական հրավառությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում