Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Panorama.am: ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական տարվա առաջիկա երկու համերգներն են` «Տիգրան Մանսուրյանը Չարենցի հետ» (մարտի 21) և «Տիգրան Մանսուրյանն Ավետիք Իսահակյանի հետ» (մարտի 26): Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը։
«Այս համերգների միջոցով ցույց ենք տալու մեր պոետների հետ կապված հսկա աշխատանքը՝ մեծ կոմպոզիտոր Մանսուրյանի կողմից։ Մաեստրոյի կողմից միշտ նպատակ է եղել հայ պոեզիան երաժշտության միջոցով մեր ունկնդիրներին ներկայացնելը։ Սա կլինի սկիզը, որոնք հետագայում կներկայացվեն նաև Հայաստանի սահմաններից դուրս»,- ասաց Մլքեյանը։
Ասուլիսին ներկա կոմպոզիտոր Մանսուրյանն էլ պատմեց, որ արդեն քանի տարի է պատրաստվում է այս երկու համերգներին, որ ամբողջ մի երեկո անցկացնի միայն Չարենցի, և ամբողջ մի երեկո՝ միայն Իսահակյանի հետ։
«Անշուշտ հայ դասականների հետ էլի ունեմ կապեր՝ Համո Սահյան, Հովհաննես Թումանյան, միջնադարյան պոեզիա, բայց այս երկու հեղինակները, որ մեր քաղաքում քայլել են, ինձ համար շատ կարևոր է հենց այդ նույն քաղաքում իրենց նվիրված համերգներ ունենալ»,- ասաց կոմպոզիտորը։
Մանսուրյանի խոսքով, մեր երաժշտության մեջ բաց կար, բարձրագույն պոեզիան երգելու առումով:
Հիշեցնենք, որ Տիգրան Մանսուրյանի հոբելյանական տարվա առաջին համերգը եղել է հունվարի 27-ին՝ Լոս Անջելեսի «Զիփեր հոլ» դահլիճում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում