Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց
Նմանատիպ
Սիրելի Վարանդ,
Ստացա՛ :
Բացվում է և ընթերցվում գրեթե մի շնչով` ապշեցնելով ինձ: Վերջին 20-25 տարում հայերեն գրված հազվագյուտ նորություններից է, որն ինձ այսպես տպավորեց: Այս ի՜նչ համարձակ գործ ես ձեռնարկել: Եվ սքանչելիորեն հաջողել: Ասես նորօրյա դյուցազներգություն լինի, որ հանդուգն նորարարություն է` հին ու ծանոթ ակոսների վրա:
Եվ ի՜նչ հոյակապ հայերեն է` ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ, որն այսօր անպատիժ, զանգվածաբար, օրնիբուն ոտնահարվում ու պղծվում է Հայաստանում, ուր, իբրև թե, պետականորեն պաշտպանված է:
Չգիտեմ, բառերս կհերիքե՞ն արտահայտելու համար հիացմունքս վիպա-քերթողական քո ԱՍՔ-ի հանդեպ, շնորհակալություն հայտնելու այն հաճույքի համար, որ պատճառեցիր ինձ անցած երկու օրվա ընթացքում, երբ ընթերցում էի քո եզակի երկը: Իրոք ԵԶԱԿԻ, դժվարանում եմ նմանը զատել անցյալի մեր հարուստ գրականության մեջ: Ներկայի մասին էլ չեմ խոսում: Կարող ենք գուցե հեռավոր նմանություն գտնել Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսի» հետ, որը Վազգեն Շուշանյանը Փարիզի «Մենք» հանդեսում որակեց որպես «գրադարանային դյուցազներգություն և մտքի անսահման գիջություն մը»:
Թերևս որոշ զուգահեռներ կարելի է գտնել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատան» հետ, հուզական պոռթկումի մեջ ծնված մի գործ, որը գրվեց գուցե, այսպես ասած, շիրազյան հայրենասիրական պոեզիային հակադրվելու համար:
Բայց թողնենք զուգահեռներ փնտրելու հոռի սովորույթը և դառնանք քո զարմանալի գործին: Այո՛, զարմանալի իր անսպասելիությամբ, իր հումորով, մեր պատմության բացառիկ անձանց հորդառատ ներկայությամբ, վիպական գրավիչ պատումով, որը չի թողնում հայացքը կտրել էջից, լեզվական անսպառ հարստությամբ, ժամանակներն իրար կապելու աներևույթ, բայց անքակտելի հանգույցով… Ո՞ր մեկն ասեմ, շա՜տ են գործիդ արժանիքները, շատ շատ, եղբայր, սփռել ես առատորեն, թափվում են էջերիդ եզրերից, մի երկուսն էլ մեր ճապաղ գրչակներին տայիր, մի քիչ շնորհք երևար նրանց կաուչուկե տողերում:
Շատ բան ունեմ ասելու, մանավանդ որ ամեն ինչ չասացի, հուսամ դեռ առիթներ կունենամ արտահայտելու կարծիքս, բայց շտապեմ շնորհակալություն հայտնել ԱՍՔ-իդ մի երկու կարևոր արժանիքի համար` ի թիվս մյուսների:
Սիրելի ՔԵՐԹՈՂ, կարդում էի գործդ ու մի երկու հազար տարի հետ գնում մտովին, ասես Գողթան երգիչներից լավագույնին ունկնդրեի… Այո՛, այո՛, համեմատությունս բնավ հաճոյախոսություն չէ, ոչ էլ չափազանցություն: Նրանք հենց այդ վայրերում էին ապրում, և այդ ոգին է խոսել մեջդ հարազատորեն:
Եվ երկրորդ` գործդ ասես հանրագիտարան լինի: Որքա՜ն անուններ, պատմական կարևոր փաստեր, եղելություններ իմացա քո էջերից:
Սա մեկ օրվա կամ քաղաքական հանդիսության համար չես գրել` որպես պետականորեն հանձնառու, իսկ շիտակն ասած, որպես պալատամերձ գրիչ, այլ հավերժության համար ես գրել որպես ազատ ստեղծագործող:
Այս անկեղծ տողերը գրվեցին ուղիղ մեկ տարի առաջ, իրանահայ բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաք»` իրոք բացառիկ ստեղծագործության ոգևորիչ ընթերցանության անմիջական տպավորությամբ, գրվեցին տեղնուտեղը, ընթերցումն ավարտելուն պես:
Պիտի խոստովանեմ, որ համակարգչի էկրանին գեղարվեստական գործ կարդալուն այդպես էլ չընտելացա: Ինձ համար և, կարծում եմ, իմ սերնդի մյուս գրաքննադատների համար նույնպես, էկրանը գեղարվեստական և հատկապես մասնագիտական-աշխատանքային ընթերցանության համար չէ: Մեր առջև պետք է գիրք լինի, լրագիր, թեկուզ ձեռագիր էջ, մի խոսքով, թղթին հանձնված տեքստ:
Սակայն Վարանդն ինձ ստիպեց առաջին և հուսամ վերջին անգամ հրաժարվել մասնագիտական սկզբունք դարձած իմ սովորույթից և 366-էջանոց դյուցազնապատումը կարդալ գրեթե մի շնչով ` համակարգչի էկրանին: Հիմա, տասներկու ամիս անց, երբ նորից կարդում եմ հեղինակին հասցեագրած իմ անմիջական տպավորությունը, ցանկություն չի առաջանում խմբագրելու ուղերձս, մեղմելու հիացական ոգին, ինչ-ինչ բառեր ջնջելու…
Ներկայացնում եմ ընթերցողին այնպես, ինչպես գրվեց մեկ տարի առաջ, առանց որևէ փոփոխության:
Եվ այսօր, երբ բավական ժամանակ է անցել առաջին ընթերցումից հետո, երբ խանդավառությանը փոխարինել է հանգիստ ու կշռադատված մեկնաբանության և գնահատության պահանջը, ես տեսնում եմ, որ իմ ոգևորությունը լիովին հիմնավորված էր Վարանդի ստեղծագործության գեղարվեստական բարձր արժանիքներով, նորությամբ, ինքնատիպությամբ և արդիականությամբ:
«Բերդաքաղաքը» նկարագրում է, թե ինչպես 1921 թ. փետրվարյան ապստամբությունից հետո Լևոն Շանթը և մի խումբ մտավորականներ ու քաղաքական գործիչներ, անցնելով Արաքսը, ապաստան գտան Թավրիզում: Փառահեղ անունների մի բույլ, որոնց մի մասը, այդ թվում և Լ. Շանթը, Եգիպտոս մեկնելուց առաջ, մի որոշ շրջան մնում են այդ քաղաքում: Եվ հեղինակը դեպքերի, դեմքերի մի փառահեղ հրավառություն է մատուցում ընթերցողին` համոզելով մեզ, որ իրանահայ գաղութն այդ տարիներին ապրում էր մշակութային-կրթական բացառիկ մի աշխույժ կյանքով: Թատրոն, գրականություն, կերպարվեստ, կինո, լուսանկարչություն, երաժշտություն և նույնիսկ աճպարարության և մոգության բարձր ու շշմեցնող արվեստ: Ներկա են նաև իրանական մշակույթի ականավոր դեմքեր և նույնի՜սկ ֆակիրներ, որոնք Արևելքի գույնն ու հմայքն են ներկայացնում:
Ոչինչ չափազանցված չէ: Իրոք այդպես է եղել: Եվ հեղինակը մեզ համոզում է, որ, ցավոք, բավականաչափ ծանոթ չենք բառացիորեն մեր կողքին ապրող հայկական մեծ գաղութի մշակութային հարուստ կյանքին:
«Դյուցազնապատում» և «Ասք» գործածեցինք` բնորոշելու համար այս ստեղծագործության գրական սեռը: Իրոք այդպես է, քանի որ «Բերդաքաղաքը» համակված է հերոսական շնչով: Բայց, հավանաբար, պետք է նաև «թատերախաղ» և «սցենար» եզրույթները գործածել, առավել ճշգրիտ ներկայացնելու համար իրար հաջորդող, փառահեղորեն «բեմադրված» տեսարանները, որոնցում հերթով տողանցում են գործող անձինք. մի կողմից Լ. Շանթը` Առաջին Հանրապետության մի շարք կարևոր դեմքերի հետ, մյուս կողմից` իրանահայ գաղութի սերուցքն ի դեմս արվեստի և գրականության ծանոթ և անծանոթ գործիչների: Եվ ինչպիսի՜ վարպետությամբ է կարողացել հեղինակ-բեմադրիչը վերստեղծել այդ տարիների մթնոլորտը:
Գործածեցինք նաև «սցենար» եզրույթը: Այո, այս գիրքն ամբողջությամբ հրաշալի նյութ կարող է դառնալ բազմասերիանոց պատմական ֆիլմի համար, սակայն ո՛չ սերիալային հակագեղարվեստական և, չվարանենք ասել, հակազգային «գեղագիտությամբ»: Եվ եթե Աստված տա՛ այս երազն իրականություն դառնա, ապա կարծում ենք, որ հնարավոր կլինի նաև հետաքրքրել իրանական կողմին, մի երկիր, որն այսօր համաշխարհային կինոարվեստում պատվավոր դիրքեր է նվաճել:
Շարունակում եմ ընթերցանությունը, և հանկարծ, կատարյալ հայտնությո՛ւն, կարդում եմ տերյանական ոգով, բայց արդեն ինքնուրույնության անժխտելի կնիքը կրող քնարական հրաշալի տողեր: Համոթ ինձ, հեղինակի անունն առաջին անգամ եմ կարդում, ես, որ ժամանակին, 60-70-ականներին բառացիորեն կլանում էի «Նոր էջը»` իրանահայ գրողների հրաշալի հանդեսը: Սարհադ Քաջազյան… Ինչպե՞ս է պատահել, որ այս անունը չի դրոշմվել հիշողությանս մեջ: Գուցե նրա բանաստեղծությունները չեն արժանացել խմբագրական խորհրդի հավանության: Հազիվ թե…
Իմ և Վարանդի հերթական հեռախոսազրույցներից մեկի ընթացքում պիտի պարզեի, որ այդպիսի բանաստեղծ գոյություն չի ունեցել, և որ այդ նրբին տողերի հեղինակը ոչ այլ ոք է, քան ինքը` Վարանդը: Հրաշալի՜ միստիֆիկացիա: Եվ ինչպիսի՜ վարպետ ոճավորում` տերյանական ոգով: Դրանք նաև երգի հրաշալի տեքստեր են: Ամեն մի բանաստեղծության ետևը մի գեղեցիկ մեղեդի կա, որը մեր կոմպոզիտորները պիտի շտապեն գտնել:
Ի դեպ, երգի տեքստը:
Հիշում եմ, որ Արցախյան շարժման առաջին օրերին, Բեռլինում ապրող, ծագումով իրանահայ կոմպոզիտոր լուսահոգի Լուդվիգ Բազիլից ստացա հայկական նոր հանրապետության օրհներգը` հրաշալի մեղեդի, Վարանդի տեքստով: Հիշում եմ նաև, որ տեղնուտեղը, վստահելի անձանց միջոցով ուղարկեցի Ստեփանակերտ: Ավա՜ղ, ուշադրության չարժանացավ: Խառն օրեր էին, ինչ իմանաս` ինչու՞: Բայց գոնե պահպանվե՞լ է…
Առիթից օգտվելով պետք է ասեմ, որ Վարանդը Հայաստանում իր տաղանդին համարժեք ուշադրության և գնահատության չարժանացավ: Ավելին` նույնիսկ խանգարել են, վնասե՜լ: Մեկ այլ փաստ պիտի հիշեմ, այս անգամ ցավալի: 1985 թ. «Սովետական գրող» հրատարակչությունը, գեղարվեստական գրականության բաժնի վարիչ Ստեփան Թոփչյանի նախաձեռնությամբ, լույս ընծայեց «Սփյուռքահայ գրականություն» ծավալուն տարեգիրքը, որտեղ բավական ընդարձակ և տպավորիչ ծաղկաքաղով ներկայացված էր նաև Վարանդը: Գիրքն ընդամենը մի քանի օր էր, ինչ առաքվել էր հանրապետության գրախանութներ, երբ իմացանք, որ համապատասխան մարմինների հրահանգով, ամբողջ տպաքանակը հանվել է վաճաքից և ոչնչացվել: Մեզ համար կատարելապես անհասկանալի էր այդ որոշումը, քանի որ տարեգրքում զետեղված տեքստերը քաղաքական-գաղափարական առումով որևէ խնդիր չէին կարող հարուցել: Պարզվեց, սակայն, որ տեքստերը չեն մեղավոր, այլ ներկայացված հեղինակներից մեկը` Վարանդը, ՀՅԴ-ի համակիրը լինելու հանգամանքով: Պարզեցինք նաև, որ գրախանութները հասցրել են ընդամենը երկու հարյուր օրինակ վաճառել… Այնպես որ, տարեգիրքն այսօր բացառիկ արժեք ունի, ունեցողները թող լավ պահեն:
2018 թ. հոկտեմբերին Երևանում լույս տեսած «Բերդաքաղաքն» այդ «բախտին» չարժանացավ, սակայն չէի ասի, թե այդքանով հանդերձ ավելի բախտավոր եղավ: Գրողը երբեմն ավելի բախտավոր է դառնում արգելված, դատարան ընկած կամ այրված գրքով: Ֆրանսիացի քննադատներից մեկը ժամանակին գրեց, որ Ֆլոբերի «Մադամ Բովարին» այդպիսի փառքի չէր արժանանա, եթե չդատվեր: Այդ վեպը, անշուշտ, հանճարեղ է և լիովին վաստակած փառքի է արժանացել, բայց, հավանաբար, չենք կարող պնդել, թե քննադատի կարծիքը կատարելապես անհիմն է:
Առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում լույս է տեսնում սփյուռքահայ գրողի տաղանդավոր երկը և մեր քայքայված ու դասալքված գրաքննադատության բացարձակ լռությանն արժանանում: Դա անհամեմատ ավելի վիրավորական է, քան այրելն ու արգելելը: Գրքեր կան, որոնց հայտնվելը պետք է անմիջապես մեկնաբանվի ու գնահատվի մամուլում:
Վարանդի գրքին հարկ է ավելացնել ֆրանսահայ բանաստեղծ և արձակագիր Դընի Տոնիկյանի «Աղբաստան» և ամերիկահայ արձակագիր Պողոս Գուբելյանի «Փտախտ» վեպերը, որոնք անպայման պիտի դառնային մեր մամուլի և հատկապես գրական հանրության սևեռուն ուշադրության առարկան: Բայց ավա՜ղ… Եվ եթե դա տեղի չունեցավ, նշանակում է գործ ունենք լուրջ թերացման հետ, երբ համապատասխան անձինք դադարել են իրենց մասնագիտական և հասարակական պարտականությունները կատարել կամ թացը չորից այլևս չեն ջոկում և առանց դույզն-իսկ ամոթի, հրապարակավ, «տաղանդավոր» և նույնիսկ «հանճարե՜ղ» են համարում ոմանց միջակ շարադրանքը:
Ափսո՜ս: 1921 թ. մեր թշնամիները` ներքին թե արտաքին, չկարողացան նվաճել այդ Բերդաքաղաքը, իսկ այսօր մեր գրաքննադատությունը չկամեցավ մտնել բարեկամների առջև բացված «Բերդաքաղաքի» դարպասներով և սիրով ու գնահատությամբ «նվաճել»:
Անգամ մեր պետականության վերականգնման 100-ամյա տարեդարձի՜ն: Չէ՞ որ գրքի երրորդ էջին այսպիսի ընծայագիր կա. «Ձօն Հայաստանի Ա. Հանրապետութեան Կերտման 100-ամեակին»:
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ
փետրվար, 2019 թ., Փարիզ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում