Երկու վատթարագույն կոնֆիգուրացիայի մասին, կամ Փաշինյանի անվտանգությունը կրկնապատկեք, պարոնայք

Երկու վատթարագույն կոնֆիգուրացիայի մասին, կամ Փաշինյանի անվտանգությունը կրկնապատկեք, պարոնայք

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Facebook: Վերջին օրերին հաճախակի է դարձել վարչապետ Փաշինյանին ֆիզիկապես վերացնելու վարկածը: Այս վարկածը բնույթով հանցավոր, իսկ հետևանքներով աղետաբեր է ՀՀ-ի համար: Փաշինյանին լիկվիդացնելու վարկածը դաշտ է նետվել Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների կարկառուն «մուտիլովչիկների» կողմից հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը թարմացնելու ֆոնին, երբ Վահան Շիրխանյանն իր բաց նամակով դիմեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ Քոչարյանի կողմնակիցները սկսեցին Նիկոլին հիշեցնել թե ինչ իրավիճակ էր տիրում մինչ հոկտեմբերի 27-ը: Ընդհանրապես նախկին կոռումպացված օպոռտունիստների ակտիվանալը վերջին օրերին հեչ լավ հեռանկար չի խոստանում, իսկ ներքաղաքական իրավիճակը վերջիններիս գործունեության համար պարարտ հող է ստեղծել: 

Հիմա մի պահ պատկերացրեք, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անհաջող կամ բարեհաջող մահափորձ է իրականացվել. ո՞վ է դրանից ամենաշատը տուժում և հատկապես որ շրջանակներն են շահում:

Ներկայիս իրավիճակը հիշեցնում է 1995 թվականը, երբ Վազգեն Սարգսյանի նկատմամբ մահափորձ էին պլանավորել, ինչից հետո բոլորը պետք է դրանում մեղադրեին ՀՀՇ-ին և իշխանությունը սկուտեղի վրա մատուցեին նրան խիստ ընդդիմացող ինստիտուցիոնալ ուժին: Վանո Սիրադեղյանն այս մասին գրել է վտարանդիության առաջին տարիներին և շեշտել, որ 95-ի հեղաշրջումը կանխվեց Դավիթ Շահնազարյանի շնորհիվ:

Հիմա մենք գտնվում ենք գրեթե նույն վիճակում, երբ Նիկոլ Փաշինյանն ունի բարձր լեգիտիմություն և շատ ներքին հակառակորդներ, որոնց չի կարողանում արհեստական քրեական գործերով լռեցնել, իսկ իր հետ մի բան պատահելու դեպքում դրանում մեղավորության բոլոր սլաքները թեքվելու են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց մերձավորների դեմ: Այս պարագայում անխուսափելի են լինելու փողոցային հաշվեհարդարները և երկիրը մտնելու է տոտալ քաոսի շրջափուլ, իսկ արդյունքում Ալիևը արագ լուծելու է Արցախի հարցը:

Նման բովանդակությամբ սցենարը կարող է իրականացվել երկու հնարավոր կոնֆիգուրացիայով. 

1. Կամ պղտոր ջրում ձուկ որսացողները կկազմակերպեն այդ դավադրությունը Նիկոլի դեմ` դրա արդյունքում իշխանությունը վերցնելու հույսով:

2. Կամ Նիկոլ Փաշինյանն ինքն իր դեմ անհաջող մահափորձ կկազմակերպի, մի քանի օր կթողնի, որ ժողովուրդն իրականացնի Լինչի դատաստանը և վերջում բոլոր իրեն խանգարող ուժերին կլցնի բանտերը, որպեսզի դրանով լուծի բոլոր հարցերը:

Վերոգրյալ երկու սցենարների պարագայում էլ ուղղակիորեն կտուժի մեր պետականությունն ու միարժեքորեն հավիտյանս կկորցնենք Արցախը: Էս օդում պտտվող դավադրության հեռանկարը պետք է հենց օրորոցում խեղդել, մենք Լիբանանի վերածելու հայրենիք չունենք: Հիշեք, թե ինչ ուժեր են այսօր շունչները պահած սպասում նմանատիպ իրավիճակի, հիշեք և օր առաջ կանխեք արդեն իրականությանը շատ մոտ թվացող դավադրության իրագործումը: Նորից եմ ասում էս պլանի հավանական իրագործողներին Քոչարյանական և Սարգսյանական շրջանակներից դուրս փնտրեք:

Նարեկ ՍԱՄՍՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում