Արմեն Աշոտյան. Դպրոցներում կաշառակերությունը մի քանի գլխանի դև է, որի մի շարք գլուխներ հաջողվել է կտրել

Ազգային ժողովում 2012-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խնդրել է դրամահավաքի թեմայով «պրեսսինգ» չանել նախարարության վրա: Այս մասին հայտնում է Pananarmenian.net-ը և  հավելում, որ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը հայտարարել է, որ դպրոցներում կաշառակերությունը մի քանի գլխանի դև է, որի մի շարք գլուխներ հաջողվել է կտրել:

«Կոռուպցիայի մի մասը գալիս է ծնողներից, որոնք շահագրգիռ են, որպեսզի իրենց երեխաները կրթություն չստանան, զավեշտալի դեպք է, երբ ծնողը պատրաստ է վճարել, որպեսզի իր երեխան չսովորի: Կոռուպցիոն ռիսկերի մի մասը գալիս է որոշ ուսուցիչներից, տնօրեններից և, ինչո՞ւ չէ, նաև վերադասներից»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ այժմ դժգոհություններն այլ հարթությունից են լինում. երբ երեխաները չեն կարողանում մշակութային օջախներ այցելել, որովհետև նախարարությունը տոտալ արգելել է դրամահավաքը: «Իհարկե լինում են դեպքեր, բայց ահազանգերի քանակը, հատկապես Երևանում, կտրուկ նվազել է: Դա էլ հարցի լուծում չէ, ընդդիմադիր պատգամավորներ էլ են բարձրաձայնում, որ երեխաներին զրկում ենք պատմամշակութային վայրեր այցելելու և դրանց ծանոթանալու հնարավորությունից: Պետությունը որոշ դեպքերում գուցե իր վրա վերցնի ֆինանսավորման հարցը: Մյուս կողմից, հիշենք, որ խորհրդային դպրոցում էլ կար դրամահավաք, երբ ծնողներն աջակցում էին կրթական պրոցեսին: Ուրիշ բան է, երբ ծնողներին պարտադրում են դրամ հավաքել, ուրիշ բան՝ որ կա սոցիալական անհավարության խնդիր»,- ասել է Արմեն Աշոտյանը:

ԿԳ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ունենալ ավելի ճկուն և սրտացավ հասարակություն, որպեսզի խնդրին ավելի թիրախային մոտեցում լինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում