Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանի սպանությունը պատահական դեպք էր, և մեղավորները պետք է հայտնաբերվեն ու պատժվեն. հունիսի 3-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը՝ անդրադառնալով հունիսի 1-ի ուշ երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներին, որոնց հետևանքով սպանվել էր Ավետիք Բուդաղյանը:
«Ահռելի երևույթ է տեղի ունեցել, որին պետք է պատշաճ մեկնաբանություններ տրվեն»,- ասել է Ոսկանյանը՝ նշելով, որ ինքը ցավում է այս կապակցությամբ:
Ոսկանյանը նշել է, որ ինքը Ավետիք Բուդաղյանի հետ ունեցել է ազգակցական կապեր, կոլեգաներ են եղել, մինչև հիմա էլ գործնական շփումների և բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել:
Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե Գորիսում տիրում է վախի մթնոլորտ’ Ոսկանյանը հերքել է դրանք’ ասելով, թե «այդպիսի բան չկա»:
«Գորիսը ամենաանվտանգ քաղաքն է, և ոչ մի արտակարգ դրություն չկա այստեղ»,- ասել է Ոսկանյանը՝ նշելով, որ աշխարհի բոլոր երկրներում էլ լինում են նման պատահարներ:
Հարցին, թե արդյոք ինքը վախենում է ստեղծված վիճակից, քաղաքապետը նշեց, որ ինքը ոչնչից չի վախենում՝ «իր լեզուն իր դանակն է ու իր զենքը»: Նա նաև կոչ արեց բոլորին ավելի հանդուրժող լինել’ նման պատահարներից խուսափելու համար:
Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի վերաբերյալ պահանջների մասին հարցին’ Ոսկանյանը նշեց, որ «դա միանշանակ քաղաքական որոշում է և ինքը չի կարող կարծիք հայտնել»:
«Մեղավորները կպատժվեն, ես աշխատել եմ և՛ Սուրիկ Խաչատրյանի, և՛ Ավետիք Բուդաղյանի հետ, ու երկուսից էլ գոհ եմ եղել»,- ասել է նա:
Ոսկանյանը նշել է, որ ինքը դեպքի մասին իմացել է դեպքից 15 րոպե անց ու այցելել է թե՛ հիվանդանոց, թե՛ Սուրիկ Խաչատրյանի տուն: Նա նաև նշեց, որ իրեն հարցաքննության չեն հրավիրել:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի երեկոյան Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմացի հատվածում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գլխավոր դատախազության հաղորդմամբ’ սպանության փաստով ձերբակալվել են Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: