Երաժշտությունը՝ տիեզերական ֆենոմեն
Նմանատիպ
Դասական երաժշտությունը աներևակայելի ազդեցություն ունի ունկնդրի ներաշխարհի, զգացմունքների, հոգեբանության վրա: Հաղորդելով յուրահատուկ զգացողություն՝ ուղղորդում է նրան դեպի անսահմանություն, որտեղ իսպառ անհետանում է ժամանակի ու տարածության ընկալումը: Նման երաժշտությունը տիեզերական է, որովհետև իր մոգական ունակությամբ տեսանելի է դարձնում անտեսանելին, չարն ու բարին, լքվածությունը, հույսն ու հավատը: Եվ այս հակասության մեջ լույսի ու սիրո ճառագայթները, հանկարծ, մարդկության համար դառնում են տեսանելի, ողողելով ողջ էությունը, կլանում են նրան ու անէացնում:
Այսպիսին է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների մեծ մասը: Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը՝ 2013 թ. ապրիլի 24-ին, Հայաստանում հնչեց կոմպոզիտորի «Ռեքվիեմ»-ը, որտեղ սոպրանոն ու բարիտոնը, երգչախումբն ու կամերային նվագախումբը ներկայացնում են երաժշտարվեստի հիանալի կատարելություն, արվեստի եզակի մտածողության արտահայտություն:
«Ռեքվիեմ»-ի պրեմիերան կայացել է Բեռլինի ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում, հանրահայտ ՌԻԱՍ կամերային երգչախմբի և Մյունխենի կամերային նվագախմբի կատարմամբ՝ Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ: Նշանավոր երաժիշտները այն համարում են բոլորովին նոր խոսք, նոր մտածողություն համաշխարհային ռեքվիեմների շարքում:
«Ռեքվիեմ»-ը լսել է աշխարհի շատ ու շատ քաղաքների երաժշտասեր հասարակությունը, հոտնկայս, անդադար ծափահարություններով արժանացրել ջերմ ընդունելության: «Ռեքվիեմ»-ը Տիգրան Մանսուրյանի 10 տարիների աշխատանքի արդյունքն է, որն արժանի, առաջատար տեղ գրավեց «Գրեմի» երաժշտական մրցանակային անվանակարգերում: «Ռեքվիեմ»-ի համար Տիգրան Մանսուրյանը ստացել է ՀՀ Պետական մրցանակ և ՀՀ նախագահի մրցանակ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար:
Մեծ ընդունելություն է վայելում «Ձյունե թագուհին» բալետը, կոնցերտները գրված թավջութակի և նվագախմբի, երգեհոնի և լարային նվագախմբի, ալտի և կամերային նվագախմբի, ջութակի և կամերային նվագախմբի համար և բազմաթիվ այլ ստեղծագործություններ, որոնք և՛ տարբեր են, և՛ մեկը մյուսից առավել լսելի, ընկալելի ու ընդունելի:
Հոգևոր մեծ լիցք է հաղորդում նաև Տիգրան Մանսուրյանի վոկալ շարքը՝ քուչակյան չորս հայրենները, որոնք նրա լավագույն ստեղծագործություններից են, և որոնք դեռևս երիտասարդ տարիներից համահունչ են նրա գեղագիտական սկզբունքներին: Ունկնդիրը հիացմունքով է լսում «Մայրամուտի երգերը» (խոսք՝ Համո Սահյանի), «Երկիր Նաիրի»-ն (խոսք՝ Վահան Տերյանի), «Զուգահեռ երգերը» (Դպիր, Չարենց, Իսահակյան, Տերյան) Իսահակյանի ու Չարենցի խոսքերով վոկալ շարքերը:
Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների շարքում առանձնակի են կինոնկարների համար գրված գործերը, որոնցից են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք», «Մենք ենք մեր սարերը», Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», նաև թատերական «Ջոն Արքան», «Հացավան», «Մեծ լռություն» և այլ հրաշալի գործեր, որոնք եզակի են իրենց թե՛ բովանդակությամբ, և թե՛ կառուցվածքով:
– Մաեստրո՛, Դուք դժվար և բեկուն ճանապարհ եք անցել: Վաղուց արդեն Ձեր ստեղծագործությունները լսելի և ընդունելի են համաշխարհային ամենախստապահանջ երաժշտասեր հասարակությանը: Բնության կողմից Ձեզ պարգևած շնորհն ու աշխատասիրությունը Ձեր ստեղծագործությունները հասցրեցին տիեզերական ընկալման: Ո՞րն է այդ հրաշքի բանալին:
– Մնայուն աշխատանքը, տևական որոնումը, ընտանեկան սերը:
– Ձեր կյանքի ո՞ր տարիներին եք ավելի արդյունավետ աշխատել, և որո՞նք են այդ ստեղծագործությունները:
– Երաժշտություն գրելը միշտ էլ ինձ համար եղել է թե՛ տառապանք, թե՛ ապաշխարանք:
– Մաեստրո՛, մի փոքր պատմեք ձեր ապագա պլանների մասին:
– Այս աշնանը Իտալիայում (Ֆիրենզեում) կհնչի մեներգչի, երգչախմբի և մեծ նվագախմբի համար գրված իմ յոթ աղոթքների շարքը՝ ըստ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարի: Միջոցառումները նվիրված են իտալական մի միաբանության ու նրանց վանքի հիմնադրման հազարամյակին, իսկ այն հիմնադրել է ծագումով հայ Սուրբ Մինասը:
– Մաեստրո՛, դուք դեռևս սովետական ժամանակահատվածից մինչ օրս ստացել եք բոլոր պատվարժան մրցանակները: Աշխարհի շատ քաղաքների երաժշտասեր հասարակությունը հոտնկայս ծափահարել է Ձեզ: Ծափահարություննե՞րը, թե՞ արժանավայել մրցանակներն են Ձեզ հոգևոր լիցք հաղորդում:
– Այստեղ ուզում եմ կրկնել այն, ինչ ասացի, երբ «Ռեքվիեմի» համար ինձ շնորհվեց պետական մրցանակ: «Գիտեք ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության, հետո կողքին՝ պետական, հետո` մրցանակ: Դրանցից առաջին երկուսը սրբություն են, երրորդը դրանց արդյունքն է, որ նաև ինձ է բաժին հասել»։
Պատրաստեց Ջուլիետա ՄԽԻԿՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան»
Հետևեք մեզ նաև Telegram-ում