Հովիկ Չարխչյան․ Բանաստեղծություններ
Նմանատիպ
Գարունը աղջիկ է մի հրաշք.
Ծաղկաբույր մի աղջիկ սեթևեթ,
Անձրևներ են վարսերը նրա.
Արևի շողեր` ջինջ ու խենթ:
Աչքերը` աղբյուր նորածին,
Աչքերը` արևներ վառվռուն.
Հասակը ծաղկած ծիրանի,
Հասակը` ջրվեժ է կանչող:
Ձայնը` քչքչոց առվակի,
Ձայնը` ծիծառի ուրախ կանչ,
Ժպիտը` ծաղիկ նորածիլ,
Ժպիտը հանդեր է կանաչ:
Խենթուկ է աղջիկն այդ հեքիաթ,
Զեփյուռ է ծիծաղկոտ ու խաս,
Որ ամռան լույսերի մեջ տաք
Սուզվում է ու դառնում երազ:
* * *
Մենք որքան հեշտ ենք հավատում ստին,
Եվ որքան դժվար` ճշմարտությանը:
Եվ երբ երազիս ափերում մոլոր
Նորից հնչում են խոսքերը քո հին,
Մի բռունցք անէ սեղմում է սիրտս.
Հավատա՞լ նորից,
Հավատա՞լ այնպես:
Քայլում ենք դարձյալ, ու մեր քայլերի
Անթիվ զարկերից անցածը կծկվել
Դարձել է լոկ հուշ:
Այդ մի բուռ հուշից ես ի՞նչը պեղեմ,
Ճշմարտությո՞ւնը,
Թե՞ սուտը լեղի:
Մենք որքան հեշտ ենք կորցնում ցանկալին,
Եվ որքան երկար փորձում ենք գտնել…
* * *
Ինչ հրաշք պահ է, – մեղեդին հոսում,
Մեղեդին կանաչ շիվեր է տալիս,
Մեղեդին երգի բառերն ակոսում,
Ձայնը թռչում է ու ետ չի գալիս:
Օրերի տտիպ գորշության միջից
Հանկարծ գույները ցողվում են մաքուր,
Հավաքիր պահը ու գույները ջինջ,
Եվ թող խարույկվի մոխիրը հոգուդ:
Երեկոն թաց է ժպիտի նման,
Երեկոն` հոգնած հուշերից անթիվ,
Ու վերջալույսի կոպերի վրա
Արևը` այրվող արցունքի կաթիլ…
ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ
Ես տառապանքից ինձ ազատեցի
Որ տառապանքի ծովը ինձ նետեմ,
Երկմտությունս, վախս նետեցի,
Սակայն տագնապս ինչո՞վ փարատեմ:
Թվում էր` գտա ուղին ետդարձի
Ու դու հույս ու սեր պիտի ինձ բերես:
Անորոշության մշուշն էր անծիր,
Որով պատեցիր մեր հոգին ու մեզ:
Դու այդ մշուշում ազատ ես այնպես,
Պարտականության սանձերը չկան,
Քո թույլ հպումից, ժպիտից քո հեզ
Իմ համառության բերդերը ընկան:
Դե ասա հիմա, ես ինչպե՞ս վարվեմ,
Չեմ եղել երբեք ես այսքան անուժ,
Քո այս կամակոր խաղերո՞վ տարվեմ,
Թե անհույս ըմպեմ պահերը-մշուշ…
Հետևեք մեզ նաև Telegram-ում