Անատոլի Գրիգորյանի ցուցահանդեսը՝ Ազգային պատկերասրահում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Aravot.am: Ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարիչ Անատոլի Գրիգորյանի ցուցահանդեսը:
«Ամեն անգամ աշխատանքներդ ցուցադրելիս կարծես մերկանում ես»։ Անատոլի Գրիգորյանի ֆոլկլորից ընտրված այս խոսքերով նրա թոռնուհին ազդարարեց ՀՀ վաստակավոր նկարչի հետմահու առաջին ցուցահանդեսի բացումը։ 20-րդ դարի 60-ականներին ասպարեզ մտած նկարչը իր ուժերն է փորձել ոչ միայն որպես գեղանկարիչ, այլև դիզայներ, կինոնկարիչ, թատերանկարիչ։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Ազգային պատկերասրահի և նկարչի ընտանիքի նախաձեռնությամբ։ Բացման արարողությանը ներկա էին ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը, Երևանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, նկարչի ընտանիքի անդամները ։
Արամ Իսաբեկյանի խոսքով՝ ցանկացած մեծ արվեստագետ, գնալով աշխարհից, պիտի թողնի ժառանգներ, ովքեր, սերունդներին փոխանցելով նրանց ստեղծագործությունները, կանմահացնեն վերջիններիս։
Ցուցահանդեսում ներկայացված էին նկարչի ստեղծագործության բոլոր փուլերը՝ առաջին աշխատանքներից մինչև վերջին անավարտ կտավը, անձնական իրեր, լուսանկարներ։
Ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանի խոսքով՝ ցուցահանդեսի կազմակերպման նպատակը միայն հայտնի գործերի ցուցադրումը չէ. «Կան շատ կտավներ, որոնք անհայտ են հանրությանը։ Այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռնում ծանոթանալու նկարչի ստեղծագործության անհայտ կողմերին»։ Անատոլի Գրիգորյանի կտավները պահվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, ՌԴ-ում՝ Պետական Տրետյակովյան պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Մշակույթի նախարարության ֆոնդերում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 28-ը:
Էլինա Ասատրյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում