Արմեն Բաբախանյան. «Մեր երիտասարդությունը չի ճանաչում հայ մեծանուն կոմպոզիտորներին»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, Aravot.am: ՀԲԸՄ դահլիճում երեկ տեղի ունեցավ Հայ դաշնամուրային անթոլոգիա նախագծի չորրորդ սկավառակի շնորհանդեսը։
Միջոցառումը նվիրված էր Ալեքսանդր Սպենդիարյանին և Սարգիս Բարխուդարյանին։ Ճանաչված դաշնակահար Արմեն Բաբախանյանի կատարմամբ հնչեցին Հայ դաշնամուրային անթոլոգիայում ստեղծված մի քանի գործեր, որոնց նոտաները հազիվ են պահպանվել 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսերից։
Պարոն Բաբախանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և սրտացավ մարդկանց, որոնք նույնպես մտահոգված են հայ երաժշտությունը որպես մեծագույն արժեք պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար.
«Մեծ ցավով եմ ասում, բայց այսօրվա մեր հասարակությունը ՝ հատկապես երիտասարդությունը, չի ճանաչում մեծանուն այն հայ կոմպոզիտորներին, որոնց թողած ժառանգությունը մեծ արժեք է մեր երկրի ու մեր ազգի համար։ Եվ հենց սա է մեր ձեռնարկած գործի ողջ նպատակը. հավաքագրել արժեքավոր այդ գործերը , ձայնագրել և պահպանել։ Թույլ չտալ, որ ժամանակին զուգընթաց մոռացվեն այս գոհարները, և սա յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է, – ավելացրեց Արմեն Բաբախանյանը։
Միջոցառմանը ներկա էր նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Նա շնորհավորեց նախաձեռնության հեղինակներին և կազմակերպիչներին, կարևորեց հայ երաժշտական արժեքների պահպանումը լուրջ վտանգ ներկայացնող մարտահրավերներից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում