«Զանգակ» գրատանը կրկնակի տոն էր

«Զանգակ»  գրատանը կրկնակի տոն էր

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Aravot.am: Այսօր «Զանգակ» գրատանը մարդիկ տեսան և ճանաչեցին գրող Մհեր Մկրտչյանին, ով հայտնի է որպես ռեժիսոր և աչքի է ընկել իր ֆիլմերով։ Առիթը «Поцелуй пьяной обезьяны» գրքի շնորհանդեսն էր, որը կյանքի է կոչվել «Անտարես» հրատարակչության շնորհիվ։ «Ես պատիվ ունեմ այսօր ձեզ ներկայացնել Մհեր Մկրտչյանին ոչ թե որպես ռեժիսոր, այլ որպես պատանի գրող»,- ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։ Անդրադառնալով իրենց համագործակցությանը` ընդգծեց, որ սա հետաքրքիր փորձառություն էր համագործակցել արդեն ճանաչված մարդու հետ, որը գրական ասպարեզ մուտք գործելու ցանկություն ունի։ Վիպակի բովանդակությունը, գաղտնիքները, հեգնանքը, հումորը և կերպարները չբացահայտվեցին՝ ընթերցողների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով։

Մհեր Մկրտչյանը գրքի մասին խոսելու փոխարեն նախընտրեց կիսվել ներկաների հետ այսօրվա իր տպավորություններով։ Չթաքցնելով հուզմունքը` ասաց. «Ես առաջին անգամ եմ նման իրավիճակում։ Դրա համար մի քիչ վախեցած, բայց շնորհակալ եմ ձեզանից այստեղ լինելու համար»։ Գիրքն ունի նաև բավականին վառ գույներով զարդարված շապիկ, որի հեղինակն է Վիտալի Ասրիևը։ Գրատանը հավաքվել էին ոչ միայն ընթերցասերները, այլ նաև գրողի հարազատները, ընկերները, հայտնի և ճանաչված դեմքեր, քանի որ մարտի 30-ը պատահական ընտրված օր չէր։ Այսօր նաև Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է` հյուրասիրության և կրկնակի շնորհավորանքների առիթ։

Սոնա ՄԵԼԻՔՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում