Քաղաքային ձմեռ

Քաղաքային ձմեռ

Ես սիրում եմ քեզ, իմ հայրենի քաղաք,
սիրում եմ քո հին աշունները շքեղ,
ամառները արբշիռ, գարունները կանաչ,
բայց ամենից շատ – ես սիրում եմ խեղճ
քո ձմեռը սև, անձյուն ու ցամաք,
քո ձմեռը, որ տե՛ս, դրսում կուչ է եկել –
որպես մի շուն ծեծված, մի միամիտ Չալանկ:

Որպես մի շուն անտեր, մի մոլորված Չալանկ,
որ, չգիտես ինչպես, այս քաղաքն է ընկել –
կուչ է եկել դրսում, և դողում է բարակ
ձմեռը խեղճուկրակ:-
Եվ չի սիրում նրան,
ախ, չի՛ սիրում նրան աշուններով շքեղ,
ամառներով արբշիռ, գարուններով կանաչ
հափրացած ու հոգնած հոգին հաշտ ու խաղաղ:

Բայց ես սիրում եմ քեզ, իմ հայրենի քաղաք,
և քո ձմեռը հենց, քո ձմեռը տգեղ,
քո ձմե՛ռն եմ սիրում – մի միամիտ Չալա՛նկ,
որ, չգիտես ինչպես, այս քաղաքն է ընկել,-
ես սիրում եմ այդ շանը որբ ու անտեր,
համբուրում եմ նրա դունչը սրթսրթացող,
շոյում եմ մեջքը և շշնջում եմ բառեր…

Լսիր, ասում եմ ես, լսիր ինձ, իմ Չալանկ,
դու չես տեսել երբեք, չե՛ս իմանում – ինչ է,
չես իմանում, ի՛նչ է – երբ շուրջդ ոչինչ է,
երբ շուրջդ չկա ձյուն, չկա շունչ, չկա կյանք,
երբ չոր սևություն է միայն խեղճ ու անկյանք,-
մի շո՛ւն է միամիտ, մի Չալա՛նկ է անտեր,
և շունն այդ կոչվում է – քաղաքային ձմեռ:

Եվ շունն այդ կոչվում է ոչ թե արբշիռ ամառ,
ոչ թե գարուն կանաչ, ոչ թե աշուն շքեղ,
այլ կոչվում է ձմեռ, քաղաքային ձմեռ –
պատահական, շշմած, տխուր ու մոլորված,-
կամ կոչվում է քեզ պես մի Չալա՛նկ, մի քա՛ծ,
որ, դրսում կուչ եկած, նվնվում ես դեռ –
կեղտոտ ու ինքնամատույց պոչիդ տակը բացած:

Ա՛խ, լսիր ինձ, իմ շուն, իմ Չալանկ, իմ ձմեռ,
ես սիրում եմ քեզ, թեպետ որբ ու անտեր,
քո ծծերով ցամաք, քո արգանդով չբեր –
դու խե՛ղճ ես, խե՛ղճ մի ձմեռ – քաղաք իջած,
ես համբուրում եմ քո սև դունչը սառած,
բայց փախի՛ր այստեղից, հեռացի՛ր, իմ Չալանկ,-
չե՞ս տեսնում, ոտքի տակ քեզ տրորո՜ւմ ենք մենք:

1978 թ․

Դավիթ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Հետևեք մեզ նաև Telegram-ում