Վարդան Հակոբյան․ Ոտնահետքեր՝ չեկած վարկյանների վրա

Վարդան Հակոբյան․ Ոտնահետքեր՝ չեկած վարկյանների վրա

Գրչացում առաջին

Այն, ինչ ես գրել եմ իմ գրքերում,
բոլորը գիտեն, բայց
ոչ բոլորը գիտեն այն,
ինչի մասին ես լռել եմ: Դա գիտե իմ գրիչը:
Գիտե, որ նյութը սկիզբ է առնում հոգուց,
որ մարդ մեղսագործում է, երբ
բանաստեղծություն է գրում,
որ սիրո բացակայությունը խավարի գրոհ է,
որ ճամփան՝ ծաղկի, լույսը մութի եզրին են աճում,
որ ես բոլորից մեկը չեմ, ես պարզապես ես եմ,
որ մարդու գլխավոր նշանը ճանապարհն է,
որ մենք քայլում ենք ժամանակի, ժամանակը՝
մեր ներսում, և ոչ մեկս ոչ մեկիս չենք հասնում,
որ խիստ միամիտ է հասարակությունը, երբ
դեռ շարունակում է բանաստեղծներ ծնել,
որ սերը դադարում է հասանելի լինելուց
այն ժամանակ, երբ հասնում ես,
որ իրար ուտելու ցանկություն է սերը,
որ մեղավոր գիշերն անգամ մանկան ծննդով
դառնում է առաքինի, ինչպես
լույսը եկեղեցու բարձր գմբեթի տակ,
որ ես ինձնով փրկում եմ արահետը,
որով դեռ ոչ մեկը չի քայլել,
որ իմ ափը աշտանակն է արևի,
որ նահանջն աստղի
երազի զոհ է,
որ երբ ուղևորվում եմ, ոչ թե ուրիշ մի վայր եմ
մեկնում, այլ պարզապես
ինքս իմ ներսում ինձ ընդառաջ եմ գնում,
որ պիտի շտապել ոտնատեղ ունենալ
դեռևս չեկած վայրկյանի վրա, այլապես
այն կարող է արդեն զբաղեցված լինել,
որ ժամանակավոր է հավերժությունը՝ թռչնի
գեղգեղանք՝ անպատուհան անձրևից առաջ,
որ հեռուն երազի համար չէ, այլ հանդիպման,
իսկ հասնելը կույր աշուղի պատրանք է միայն,
որ երբ դու ինձ հետ ես մեղքի մեջ մտնում,
մեղքը միանգամից սրբագործվում է,
որ քարը ստում է՝ երբ լռում է,
որ միշտ գեղեցիկ են լինում աղջիկները,
մանավանդ՝ հեռանալիս,
որ երբ բեռից ազատ են՝ կորանում են ուսերը,
որ ապրած կյանքի չափման միավորը երազն է,
որ մարդը նշան է,
որ չսանձվող ձին լինում է ամենաբաղձալին,
որ ճամփան չի հայտնաբերում քեզ, մինչև որ
առաջինը դու չես հայտնաբերում իրեն,
որ արևը ծագելիս ամեն օր
նույն բանը չի մտածում աշխարհի մասին,
որ երբ կորցնում ես ծարավդ, միանգամից
բոլոր աղբյուրները տեղափոխվում են լուսին,
որ ուշանում ես անգամ այն ժամանակ,
երբ տեղ ես հասնում առանց ուշանալու,
որ գլխավորը կարևորվում է երկրորդականով,
որ երբ չես իմանում ինչպես գրել,
գրվում է ճիշտ այնպես, ինչպես կուզենայիր,
որ Չարենցից հետո չի եղել երբեք հետո,
որ Չարենցից հետո
եղել է միայն Չարենցից առաջ,
որ աստվածային երանություն է անմահությունը նրա,
ով ապրում է դիպուկահարի նշանի տակ,
որ գալիս է մի պահ, երբ լուրջ մարդիկ
թողնում են բանաստեղծություն գրելը,
շարունակում են գրել միայն ավելի լուրջ մարդիկ…

Գրչացում երկրորդ

…որ տխրության աչքերն արտացոլում են
վաղուց հեռացած գետերի ետհոսքը,
որ գիշերներն իրարից զատող բաժանարարը լույսն է,
որ մութը երբեք չի մատնում,
նա միշտ ասում է՝ չգիտեմ,
իսկ լույսը փորձում է պարզել՝
դառնալով N1 թշնամին լեգիտիմ և ոչ լեգիտիմ
իշխանությունների,
որ կյանքի ու մահու կռիվներն ամեն՝
միջկուսակցական,
միջպետական, հումանիստական, գաղափարական,
ազգային, ժողովրդավարական,
բոլոր գծերով ուղիղ տանում են դեպի Աթոռը վերին,
որ այդ Աթոռը նվաճելու ամենակարճ
ուղիները երկուսն են.
առաջին՝ մի ոտքիդ տեղ ես անում ժողովրդի սրտում,
երկրորդ՝ մյուս ոտքդ արդեն դնում ես ժողովրդի գլխին,
որ այդ գլուխը դիմացկուն է խիստ՝
կուզես թեկուզ ընկույզ ջարդիր վրան,
որ «երկիր-դրախտավայր» ասվածը
հենց ժողովրդի գլուխն է որ կա…
որ, ո՞վ չի ասել, տնավեր հային գիշերաշրջիկությունն
աստղագետ է դարձրել,
որ ճշմարտությունը վերադարձ է այնքան ժամանակ,
քանի տեղ չի հասել, հասնելուց հետո դառնում է
ընդամենը տարբերակ,
որ կինը, ով ժպտում է հենց քեզ և ոչ մեկ ուրիշին,
ամենագեղեցիկն է,
որ երկինքը թռիչքի մեջ է մտնում հավքի
թևերը բացվելուց առաջ,
որ հավերին կուտը,
եզներին լուծն է տանում նույն
ուղղությամբ,
որ տան ձեղունների մեջ ամենադիմացկունը
հիշողությունն է,
այն կարող է կառչել անգամ անտարածությունից,
որ արմատներն անհարաբերական են դարձնում
դարավոր ծառի ազատությունը,
որ առանց ծաղկի ու առանց պոեզիայի
բոլորովին անտանելի կլիներ կյանքը,
որ սևը ծանր է, քանի որ նրա մեջ են թափվել
Բաբելոնյան աշտարակի բոլոր քարերը,
որ վայրկյանը երկու կշռաքար ունի՝ սերը և չսերը,
որ առաջինը տեղ են հասնում նրանք,
ովքեր ոչ մի տեղ չեն գնում,
որ ամեն լեզվում լռությունն է միայն
կատարելության հասած,
որ հողին տրված հատիկներն արագացնում են
լույսի ընթացքը,
որ բոլոր աղբյուրների մեջ անմեկնելի ինչ-որ լաց կա,
որ խոտը միակ ուղին չէ մրջյունի,
որով նա երթևեկում է դեպի արևը,
և յուրաքանչյուր մրջյուն
ինքն իր հիշողության բազմապատկումն է,
որ խավարը լույսի պակաս չէ, այլ
ներքնատեսության հարկադիր վերադարձ,
որ քո մասին գրելիս գրիչս ներաճում է մատներիս մեջ,
որ հուշը աստվածաշնչյան արժեք է
և առանց նրան չի կարող կայանալ ապագան,
որ քարը քար է ավելի, երբ որ խաչքար է,
որ տեղ հասնելու համար աղբյուրի երգն էլ
վատ ճանապարհ չէ,
որ ննջուղի չէ միտքը կամ սպասումների մթագնում,
որ ոչ մի արև, որքան էլ թեժ լինի, չի կարող հալեցնել
Նոստրադամուսի երկնաշնորհ գիրը՝
բիբլիական լեռան
ձյուների վրա,
որ երբ անգամ լեռը կորցնում է ճամփան,
ճամփան հիշում է
լեռանը,
որ թռչունն իր բացված թևերի չափով
մեծացնում է երկնքի կապույտ տարածքները,
որ ժայռին ծաղկած մասրենին իր բարձրությամբ
երկիրը զգալիորեն մոտեցնում է աստղերին,
որ ծաղիկներն աստղերի
նշաններն են և հիշողությունը՝
որքան էլ գույներն իրար խառնվեն երկրի վրա,
որ յուրաքանչյուր իշխանություն ատամի տակ
թույն է պահում, անգամ՝ եթե ատամ չունի…

Գրչացում  երրորդ

…որ արևը ռիթմ է՝ վարդի ցողունն ի վեր ելնող,
որ ով հասկանում է կյանքը, նա չի ապրում ուրեմն,
որ սերն աշխարհին նետված ձեռնոց է, իսկ մենք
հաճախ այն շփոթում ենք վարդերի հետ,
որ Հենրիկ Էդոյանի սուրճի բաժակում բարձիթող
թափառում են շիկ եգիպտուհիները՝ բոլորովին մերկ,
որ բառը բարձրություն է, որին
դեռ չի հասել ոչ մի գրիչ, ոչ մի լեզու,
որ երկվորյակներ ենք ես ու չեկած վայրկյանը,
որ պիտի մեկ-մեկ ետ քաշել անթափանց շղարշը՝
տեսնելու համար այն ամենը, ինչ չկա,
որ ԵԱՀԿ Մինսկի նվագախումբը պատրաստվում է
«Արշին մալ ալան»-ից արիաներ կատարել
Բաքվում՝ Կըզ-Կալասիի պարիսպների տակ,
որ խաղաղությունը թռչուն է, բույնը՝
փոթորկի ճյուղերին,
որ բոլոր քայլերն, ի վերջո, խելագար
տեղապտույտ են մոլորակի մեջ,
որ Հիտլերը ժամանակին՝ հարձակվելով Սովետի վրա,
ասում են, փաստորեն ուզում էր տիրանալ
Բաքվի նավթահորերին և Ծամձորի թթու դրած սոխին,
որ եթե ներսում անգամ բան չկա, միևնույն է, ոչինչ
չի գեղեցկացնում դուռն այնքան, որքան կողպեքը,
որ համաձայնությունը կործանման ձև է,
որ գույնը սխալ ընտրություն է, որովհետև
ինչ իմանա մարդ, թե որն է իրական նշանը,
որ աշխարհի ինչ ծայրում էլ լինի, եթե երկու հայ
սիրում են իրար, ուրեմն՝ սիրվում է հայրենիքը,
որ մերժումը լույսի նահանջ է արձանագրում՝
չեկած առավոտի մեջ,
որ աշխարհի ներդաշնակությունը
պատերազմներն են,
որ կյանքի իմաստից խոսել, նշանակում է՝
կյանքը դարձնել բոլորովին անիմաստ,
որ անձրևն ուղևորություն է դեպի անհունը,
որ զիգզագներն ուղիղ գծերում
շատ են ավելի, քան իրենք իրենց մեջ,
որ ԱՄՆ-ի տիեզերագնացները
Պարույր Սևակի կոշիկը
հայտնաբերել են Մարսի վրա,
որտեղ պոետը ժամանակին
երկրագիտությամբ էր զբաղվում,
որ հեռավորություն բառի փոխարեն կարելի է
գրել՝ սեր, որովհետև բաժանումը սերում է սիրուց,
որ Արքիմեդից մինչև Արքմենիկ դեռ
փնտրվում է հենման կետը,
որ ամեն հայացք մի ճամփա է, ուղեծրում երազների,
որ ինքնատիպ լինելու մարմաջը
զրկում է ինքնատիպությունից,
որ սերը քեզ կործանում է,
թե դու իրեն փրկում ես կործանումից,
որ սիրո ավելցուկն ատելության նշան է,
որ քո կամրջաթող լինելը գետի մեղքերի
մեջ չի մտնում,
որ մութը փնթփնթալով է գալիս, լույսը՝ երգելով,
որ Պագանինին, ո՞վ է հիշել, որքան էլ փորձեց
փրկվել կանանցից՝ իր ջութակով,
ջութակը նրան ավելի տարավ դեպի կանայք,
որ ավելի հանճարեղ թափառաշրջիկ,
քան նա՝ դագաղում, չի եղել,
որ ես տարածքից չեմ ելնում, այլ պահից,
որ առանց ժամանակի մարդն անդեմ է,
որ եթե ինքն իմ համար չէ, ուրեմն՝ ոչ ոքի համար է,
որ անունս ինձ սպանում է,
քանզի այն տրվել է սկզբից,
որ աշխարհի բոլոր պատերազմները վարում է բառը,
որ Գինզբերգն ինքնաթիռի «պատուհանից դիտում է
Լեռնային Ղարաբաղը», ուր,
որբ երեխայի ձեռքն ափի մեջ,
Աստված քայլում է դեռևս չհանգած
մոխիրների վրայով,
որ ես միշտ սխալ խոսում ու ճիշտ լռում եմ,
թեև լռության մեջ էլ վրիպակները չեն բացառվում,
որ չընթերցելը վարակիչ է ավելի, թեև նրանում
մահացության տոկոսն անհամեմատ բարձր է,
որ լեզու, վերջապես, նշանակում է՝ հակաբանտ,
որ բառը ճամփորդություն է՝
անհարադիր ճամփաներում,
որ հադրության ձիանոցներից մեկում
վերջերս գտնվել են
Եկատերինա թագուհու կրծքակալն ու վարտիքը
(Ստեփշուկայում դրանց գինը
մեկ գրոշից չբարձրացավ),
և լոնդոնյան բորսայում վաճառվել՝
երեսունյոթ միլիոն եվրո…

Գրչացում չորրորդ

…որ ճշմարտությունն ասելը շալակդ թեթևացնում է մի քիչ,
որ մեր ռազմադաշտում աճող խոտը Ուիթմենի եղբայրն է,
որ Ցռան Վերգոն արդեն Դավթի ձին է ուզում սանձել,
որ նահատակներն են դարձյալ մեր վերջին հույսը, նրանք
կելնեն մի օր և օդը կմաքրեն անկուշտ երկրակերներից,
որ սահմանային փշալարերից այս կողմ և
այն կողմ փշալարերից
իմ տխուր հայրենիքն է վերստին՝
արյունաքամ ու բզկտված,
որ երբ ոտքս դիպչում է Ղարաբաղի սրբազան հողին,
ուզում եմ գոռալ-մռնչալ տիեզերքով մեկ՝ կեցցե արևը,
որ Վուդրոն Վիլսոնի Իրավարար ավելն, ավաղ, չհասցրեց
սրբել մեր Էրգրից «ավազակախմբերը տգետ ու անառողջ»,
և նրանք Թուրքիո տերություն հիմնելուց հետո՝
գողացված, ավերված, ավարված, արնաներկ հողերի վրա,
պետություն են մոգոնում մի նոր՝ անապատներում Սուրիո՝
որ դունչը Մեծ Թուրանին տնկած
Էրդողանը գեշումեշ ոռնում է,
աչքերում՝ կիսալուսնի ֆոսֆորը դեղին. «Դունյա մանիմ դը»,
որ աշխարհի բոլոր (ֆրանսիական, ամերիկյան,
ռուսաստանյան և այլն)
ահաբեկչությունների արմատը Ստամբուլն է,
որ սուտը խաբեություն չի ունենում, ինքն է ամբողջը,
որ ես հաճախ մրջյունի իմացությունները բացում եմ
երկնքի առաջ և վարում եմ վարքն անձրևների,
որ ես քամու հետ եմ մշակում
ռազմավարությունը ծաղկափոշոտման,
որ եթե շունն իմանար, թե ինչու է ինքն ամեն ինչ իմանում,
չէր դադարի շուն լինելուց, բայց
մարդը մարդ լինելուց կդադարեր,
որ բոլոր շղթաները հյուսվում են սիրուց,
որ ամենավերջին կառանատեղին աչքերն են,
որ չկա ավելի փուչ բան, քան մեդալը՝ գրողի կրծքին,
որ ռազմադաշտերից փախածները
կամաց-կամաց «փորձառու»
գլուխները հանում մկնածակերից ու դասեր են տալիս
կռված տղաներին,
որ ներսն ու դուրսը հարաբերական են ավելի, քան մահը,
որ կաքավն իր երգ ու կտուցով
երբեմն քորում է քարերի կողերը,
որ բառն արևի տիեզերական կացարանն է,
իսկ հեռուն՝ իմ թալիսմանը,
որ մորս ոտնահետքերը մանուշակներ են մեր հանդերում,
որ իլհամների համար պատերազմն
ընդամենը կինոնկար է-
դիտողներին բացարձակապես չի սպառնում ոչ մի վտանգ,
որ ինձ համար անբացատրելի բավականություն է,
երբ բանաստեղծություն եմ լսում իմ չիմացած լեզվով,
որ մարդկանց, ժողովուրդների, տերությունների միջև կա
պակաս՝ արվեստի, սիրո
և հարաբերությունների մշակույթի,
ու աշխարհը դրանից ամեն օր քանդվում-ավերվում է,
որ ազերիները սարսափում են,
թե սենսորների մեջ սահմանային
կարող են լինել հայկական լոբբիի կողմից հրահանգված
այլմոլորակայիններ,
որ ամբողջովին «լուծարման ենթակա է» նաև ներկան,
որ «տղամարթն էնա, վեր յիրգինքավը թռչող ղուշի
էքն ու վերցը մին ըշկըճիպումը ճոկում ա»,
որ սերը հեռավորության հաղթահարում է,
որ հետաքրքիր չէ, երբ չես փորձում ինքդ,
որ ես կարևորում եմ ոչ թե քեզ նայելը,
այլ՝ քո ընտրած դիրքը, որից նայում ես,
որ չեն սիրում՝ երբ որ սիրում են,
որ սիրում են՝ երբ որ չեն սիրում,
որ մութի միտումներն անքննելի են, ծաղկախոսության
պահերից դուրս,
որ կարոտն այն է, երբ լույսն ավելի շատ է լինում
այնտեղ, ուր «ինքը չկա»,
որ առավոտն աջը մեկնում է՝ առանց ներկայանալու,
որ իմ գրածները հետաքրքիր են ոչ թե նրանով,
ինչ ասում եմ, այլև նրանով,
ինչ ուզում եմ ասել՝ չեմ կարողանում:

Ամենը, ինչ ես գրել եմ իմ գրքերում,
գիտեն բոլորը, բայց
ոչ բոլորը գիտեն այն, ինչի մասին
լռել եմ: Դա գիտե իմ գրիչը:
Իմ գրիչը գիտե և այն, ինչ ես չգիտեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում