Նազենի Ղարիբյանը հասկացրել է` իրենց հետ չքայլածներին վստահել չեն կարող
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Irates.am: Մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանը մշակույթի գործիչներին «շատ կուլտուրական ձևով» հասկացրել է, որ հանգիստ նստեն տեղներն ու համակերպվեն որոշումների հետ: Տիկին Ղարիբյանի հետ հանդիպումներ ունեցող արվեստագետները վրդովված են` մաեստրո Կոստանտին Օրբելյանին Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը փոփոխության չի ենթարկվելու: Ավելին` գործընթացը շղթայական է լինելու ու տարածվելու է մշակութային մյուս հաստատությունների վրա:
«Տիկին Ղարիբյանին հարցրինք` եթե իշխանությունների հետ չենք քայլել, ուրեմն պետք է հրաժե՞շտ տանք պաշտոնին: Նա դրական պատասխան տվեց, պարզաբանելով, թե նախկին իշխանությունների ժամանակ պաշտոններ ստացած անձինք վտանգավոր են իրենց համար: Ընդգծեց, որ վստահելի մարդկանց են նշանակելու կարևոր պաշտոններում, բացի այդ, նոր գաղափարներով, նորարարական մոտեցումներով մարդիկ են պետք»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:
Հետաքրքիր է` երկիրը քայլածների ու չքայլածների բաժանելու երևույթը դեռ ինչքա՞ն է շարունակվելու: Քանի-քանի արվեստագետ, մասնագետ ու արժանապատիվ քաղաքացի է լքելու երկիրը, ինչ է թե նախորդ իշխանությունների ժամանակ է հրավիրվել աշխատանքի: Նույն տրամաբանությամբ կարելի է կենսաթոշակից զրկել այն տատիկ-պապիկներին, որոնց կենսաթոշակային տարիքը նախորդ իշխանությունների ժամանակ է լրացել, աշխատանքից ազատել մանկավարժների, զինվորականների, պետական համակարգի աշխատողների մեծամասնությանը, իսկ դեռ խորհրդային տարիներին աշխատանքի անցածներին գամել անարգանքի սյունին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում