«Տոնուսի» Աշոտը Վրաստանում պահածոյի գործարա՞ն է կառուցում

Դեռևս 8 տարի առաջ մոտ 180 քաղաքացիներ «Տոնուս» ընկերության հետ պայմանագիր էին կնքել Դավիթաշեն երկրորդ թաղամասի նորակառույց շենքերից մեկում բնակարան ունենալու համար, սակայն «Տոնուսի» սեփականատեր Աշոտ Տոնոյանը, ով ԲՀԿ-ական էր, բայց վերջերս հայտարարել է, որ այլևս ԲՀԿ-ի հետ կապ չունի, հայտարարել է, թե իր ընկերությունը սնանկ է ճանաչվել, և ինքն էլ իր ընտանիքի հետ վարձով է ապրում: Բնակիչները միայն երկու տարի առաջ են իմացել, որ «Տոնուսը» չի կարողացել գրավի դիմաց պարտքը վճարել, որի պատճառով «Արցախ» բանկը չի թույլատրում շենքը հանձնել բնակարանատերերին:

Արդյունքում «Տոնուսի» Աշոտից՝ Աշոտ Տոնոյանից, խաբված քաղաքացիները՝ Դավիթաշեն երկրորդ թաղամասի նորակառույց շենքի բնակարանի սեփականատերերը, պայքար սկսեցին իրենց իրավունքի վերականգնման համար՝ դիմելով պետական տարբեր ատյաններ: Շենքի բնակարաններից մեկի համար նախնական գումար վճարած, «Տոնուս» ընկերության և «Արցախ» բանկի հետ պայմանագիր կնքած Հասմիկ Երիցյանը «Ժամանակի» թղթակցին երեկ տեղեկացրել է, որ իրենք ֆինանսների նախարարությունից պատասխան են ստացել՝ առ այն, որ «Արցախ» բանկն իրենց հետ պետք է կոմպրոմիսի գա՝ իրենք էլի գումար վճարեն և փոխարենը ստանան իրենց բնակարանները:

«Մենք ֆինանսների նախարարությունից ստացել ենք պատասխանը, պատասխանն այն է, որ բանկը բնակիչների հետ կոմպրոմիսի գա, գումարի փոփոխություն լինի, շենքը կառուցվի և տրվի բնակիչներին։ Մենք առայժմ այդ մի պատասխանն ենք ստացել, վաղը նորից պետք է հանդիպենք բանկի մոտ՝ ժամը 10-ին, որոշում կայացնենք և դիմենք դատարանին: Մենք դիմել ենք նաև Ազգային ժողով, նախագահին՝ առայժմ պատասխանի ենք սպասում։

Կոմպրոմիսն այն է, որ քառակուսի մետրի մեջ գումարի ավելացում լինի (թե ում կողմից պետք է կառուցվի՝ հիմա չեմ հիշում), հետագայում ավարտեն շենքի շինարարությունը և բնակարանները տրվեն բնակիչներին»,- ասել է նա: Հասմիկ Երիցյանը նշել է, որ նախարարությունից ստացված պատասխանի մեջ, սակայն, ոչ մի ժամկետ չի նշվել, այդ պատճառով էլ իրենց անհանգստությունն այս պահին շատ մեծ է. «Այսինքն՝ Ֆինանսների նախադրությունը կպարտադրի բանկին՝ ես այդպիսի տպավորություն ստացա նամակից։ Մենք դեռ այլ պատասխաններ ունենք ստանալու, լսել եմ նաև մեկ այլ բան, որ բանկը գումարը վերադարձնի մեզ, որը սակայն մեզ բացարձակ չի բավարարում, այդ դեպքում մեր պայքարը կխորանա»:

Հարցին,թե այս օրերի ընթացքում հանդիպե՞լ է արդյոք իրենց հետ «Տոնուս» ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանը, ով նախկինում հայտարարել էր, թե սնանկացել է և չի կարող ոչ մի բան անել, Հ. Երիցյանը պատասխանել է. «Ո՛չ, բացարձակ, ես չգիտեմ՝ կողքից լսել եմ ավելի գիտակ տեղերից, որ նա Վրաստանում պահածոյի գործարան է կառուցում, ի՞նչ սնանկ ճանաչվելու մասին է խոսքը, այսինքն’ մեզնից թռցրած գումարներով այնտեղ գործարան է կառուցում, այստեղ էլ հայտարարում է, որ սնանկ է ճանաչվել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում