ԿԳՆ հանրակրթության վարչության պետը տեղյակ չէ Դիլիջանում բացվելիք միջազգային դպրոցի մասին

Կայացել է Դիլիջանի աղմուկ հանած միջազգային դպրոցի (DIS) հոգաբարձուների խորհրդի նիստը, և դպրոցի տնօրենի պաշտոնում հաստատել են Քոլին Ջենքինսին, ով ավելի վաղ զբաղեցնում էր Ուելսում (Մեծ Բրիտանիա) UWC Atlantic College-ի տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ ակտիվ մասնակցություն է ունեցել Մաաստրիխտում, Սինգապուրում և Կոստա-Ռիկայում UWC քոլեջների կայացման գործին: Դպրոցը կգործի 2014 թ. սեպտեմբերից, կունենա 650 աշակերտ 60 երկրից:

Արդյո՞ք Հայաստանում ստեղծվող դպրոցի տնօրենը կարող է լինել օտարերկրյա քաղաքացի: «Հրապարակ»-ի հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասել է. «Չգիտեմ, ես էդ դպրոցից տեղյակ չեմ: Մենք օրենք ունենք օտարալեզու դպրոց բացելու, այդտեղ պիտի որ նշված լինի, ես հիմա օրենքի այդ կետը լավ չեմ հիշում, պիտի նայեք օրենքը: Գիտեի, որ Դիլիջանում նման դպրոց է բացվելու, բայց որ արդեն տնօրեն են նշանակել, դա չգիտեմ»:

Իսկ Անահիտ Բախշյանը, որ ԱԺ-ում անմիջապես մասնակից է եղել «Կրթության մասին» օրենքի մշակմանն ու օրենքում կատարվող փոփոխությանը, այսպես է մեկնաբանել. «2010թ. օտարալեզու դպրոցների հետ կապված մեծ աղմուկ եղավ: Որպեսզի միջազգային դպրոցի կարգավիճակ ունենա և ունենա համապատասխան ազատության աստիճաններ, օրենքում արեցին փոփոխություններ և ամրագրեցին, որ Հայաստանում կարող է լինել միջազգային դպրոց, որի կառավարումը, փաստորեն, մեր օրենքներով չէ: Ես գիտեի, որ տնօրենի մրցույթն անգլիացի է շահել, բայց ի՞նչ կարող ենք անել, օրենքը թույլ է տալիս…: Երկու մարզերում այդպիսի դպրոցներ բացելու թույլտվություն կա, որոնցից մեկը Դիլիջանի դպրոցն է: Օրենքն ավելի վատն էր, բայց քանի որ ընդվզում եղավ, ստիպված էին երկու դպրոցով, ես նույնպես ընդվզողների մեջ էի: Բայց ես դեմ չեմ, որ մեկ-երկու այդպիսի դպրոց լինի՝ մրցակցության համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում