Քանի՞ գրոշ արժեր մշակութային գործիչների ընդվզումն ի պաշտպանություն Օրբելյանի

Քանի՞ գրոշ արժեր մշակութային գործիչների ընդվզումն ի պաշտպանություն Օրբելյանի

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Irates.am: Կոնստանտին Օրբելյանին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացնելուց հետո բարձրացած բողոքի ալիքը միանգամից մարեց, երբ օրերս կառավարության դիմաց հավաքված ու մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշման դեմ բողոքող որոշ արվեստագետների ընդունեց անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թատրոնի ներկայացուցիչներին ու արվեստագետներին վարչապետը ներկայացրել էր, թե ինչ չարաշահումներ ու խախտումներ է թույլ տվել Օրբելյանը, ինչն էլ պատճառ է դարձել, որ նրան հեռացնեն պաշտոնից: Ընդգծել էր նաև, որ Օրբելյանը ՊՈԱԿ-ների մասին օրենքի խախտումով է տնօրեն նշանակվել:

Ոչ միայն մաեստրո Օրբելյանին պաշտոնում վերականգնելու, այլև մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնած Ղարիբյանին պաշտոնանկ անելու մշակույթի գործիչների պահանջը երկրորդվեց Փաշինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո: Դեռ պարզ չէ, թե վարչապետն ինչ կարող էր ասել իր հետ հանդիպման գնացածների «ականջին», բայց փաստն այն է, որ «մանր-մունր փորձանքներից չենք վախի» երգող արտիստների պահանջ-երգը լռեց դրանից հետո: Ակամա հիշեցի Չարենցավանի թիվ 3 ավագ դպրոցի ուսուցչական անձնակազմի ու աշակերտների կազմակերպած գործադուլ-դասադուլը, երբ վարչապետի «մռութիկ ջան, վաղը դասի կգնաս, չէ՞» արտահայտությունից հետո հաջորդ օրը դպրոցն անցել էր բնականոն աշխատանքի՝ մոռանալով նորընտիր տնօրենի՝ մինչ այդ բարձրաձայնված մի շարք թերությունների մասին: Իհարկե, այս երկու դեպքերն այդքան էլ համեմատելի չեն, բայց երևույթն է նույնը՝ հասարակությունը կուլ է գնում վարչապետի ցանկացած խոսքի:

Մշակութային գործիչների դեպքում լռելն ու պահանջատեր չլինելն առավել քան տարակուսելի է: Ի՞նչ իմաստ ուներ օրեր շարունակ ի աջակցություն Օրբելյանի ցույցեր կազմակերպել, եթե Փաշինյանի հետ հանդիպումից հետո բոլորը մեկ մարդու նման «հանգիստ նստելու էին տեղները»: Աշխարհահռչակ մաեստրոն վերականգնվե՞ց իր պաշտոնում՝ ոչ, Ղարիբյանը հրաժեշտ տվե՞ց մշակույթի նախարարի պաշտոնակատարի պաշտոնին՝ նորից ոչ:

Հասարակության կրթական ու մշակութային մակարդակի համար պատասխանատու այդ անձինք նախկինում էլ, այժմ էլ սիրահոժար գլուխ են խոնարհում իշխանությունների առաջ ՝ ֆիլմ նկարելու, ներկայացում բեմադրելու, ցուցահանդես կազմակերպելու և այլնի ակնկալիքով: Եթե պետք է՝ պայքարի երգ կերգեն: Պետք չէ՝ լռության ու նահանջի մասին կփիլիսոփայեն օրերով:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հ. Գ. Իհարկե, Օրբելյանին Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացնելու համար անիմաստ էր պահանջել տիկին Ղարիբյանի հրաժարականը, քանզի նրան այդ որոշումը ստորագրելու հրահանգը վերևից էր տրվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում