Հենրիկ Էդոյան․ Լուսնային արքայություն

Հենրիկ Էդոյան․ Լուսնային արքայություն

1.
Կեսգիշերին լույսն է փայլում Լյուցիֆերի,
լուսնի, որի գորշ աչքերում լճակներ կան –
լցված թույնով, այնտեղ նրա լուրթ ափերին
բնակվում է մի երաժիշտ հավերժական:

Եթե ելնեմ, եթե գնամ կեսգիշերին,
եթե գնամ երազերիս բացված հունով,
երաժիշտն այդ լույս կսփռի իմ մազերին
և իմ ուղին կողողի լուսնի թույնով –

զգացմունքի ձայնով, որ ինձ լույս կբերի,
բայց նրա մեջ թույնն է շողում Լյուցիֆերի:

2.
Դու մի կանչիր քո հուշերից ոչ մի անուն,
ինչ անցյալ է – ուժի տակ է Լյուցիֆերի,
մոռացության դաշտից ոչ ոք չի բարձրանում,
որ գա և քո սրտին իջած ժանգը քերի:

Բայց եթե նա մի պահ ելնի ինչպես Ղազար
մեռյալներից, դու ի՞նչ պիտի ասես նրան…
Քո բաժակում մոռացության թույնն է լազուր,
և քո սիրո ճառագայթն է ընկած վրան:

Այդ բաժակը դու մինչև վերջ այդպես խմիր,
հետո լուսնի հովիտներում պառկիր, քնիր:

3.
Մի կղզի է ինձ մոտենում, մի Ռոբինզոն,
իմ ռոմանտիկ և իմ անտիկ երազներում –
ես տեսնում եմ ոսկուց ձուլված մի հորիզոն
և մի լուսին – երկնի կապույտ սրահներում:

Եվ մի նավ է ինձ մոտենում ծովահենի
առագաստով… Օ, բախտ, այսքան տարիներից
ինձ մնում է այս հին կղզին Ամենայնի
և այս նավը, որ գալիս է, որոնում ինձ:

4.
Հանկարծ նրան կանչեց մի ձայն իր անցյալից,
մի դեմք ցոլաց օրվա կապույտ քողի վրա,
ծառերը լուռ ճոճվում էին ճանապարհին –
արտասվալից, ճյուղերի մեջ աղոթք ու մահ:

Կեսօրն արդեն իր գլուխն էր ներքև թեքում,
դեմքը կարծես սպասում էր գաղտնի խոսքին,
թռչունները ճախրում էին ջինջ երկնքում,
իրենց փոքրիկ սրտերի մեջ` կյանքի ոսկին:

Այդ օրն այնքան լուսավոր էր, կարծես ձմռան
ճառագայթից հյուսված լիներ օրն այդ բարի,
երբ նա բացեց իր թևերը թռչնի նման,
գնաց, ձուլվեց իր դեմ փռված ճանապարհին:

5.
Մութն է բացվում, ինչպես դանակ,
լուսիններն են ներքև հոսում,
ինչպես մի հոծ տերևաթափ…

(Զգուշացիր, երբ գիշերին
Լյուցիֆերը ինքն է խոսում
կյանքի մասին Լյուցիֆերի…):

6.
Հայրենիքը – (ծառից կախված զղջում ու մեղք),
զառանցում էր լռության մեջ իր անունի,
իսկ մենք նստած երգում էինք երգերը մեր,
երկու պղտոր գետերի մոտ Բաբելոնի:

Եվ մեր երգերն ակունքների մոտ Եփրատի
մի աստված էր մթության մեջ լսում մենակ,
իսկ մի քամի պոկվում կողից Արարատի,
խառնում էր մեր մորուքները – ծեր ու ճերմակ:

Երգում էինք երգերը մեր – և մի լուսին
լեռնաշխարհը թաքցնում էր լույսի քողով…
Այդ մեր ձեռքն էր, որ երգի մեջ կառչած հույսին,
հայրենիքի մեռած դեմքն էր ծածկում հողով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում