Բալետարվեստի հայ արտիստներն ու քոլեջի սաները ֆուրոր են արել Վրաստանում

Բալետարվեստի հայ արտիստներն ու քոլեջի սաները ֆուրոր են արել Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Օրերս Վրաստանում խորեոգրաֆ-դասատուների ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ Թբիլիսիի քաղաքապետի աջակցությամբ 6-րդ անգամ անցկացվեց Վախթանգ Չաբուկիանիի անվան խորեոգրաֆիայի միջազգային փառատոն-մրցույթը՝ 3 տարիքային խմբերում. 9-13, 14-18 եւ 19-25: Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Չինաստանի, Վիետնամի, Բելառուսի, եթե չենք սխալվում՝ 10 այլ երկրների մի քանի հարյուրի հասնող մասնակիցների թվում Երեւանի պարարվեստի պետական քոլեջի 23 սաներից 9-ը շահել են մեդալներ (ոսկե, արծաթյա եւ բրոնզե), 6-ը արժանացել են դիպլոմների, իսկ Երեւանի օպերային թատրոնի մենապարողներ Րաֆֆի Գալստյանն ու Մուշեղ Ավետիսյանը կիսել են առաջին մրցանակը:

«Առավոտը» ժամանակին ներկայացրել է Րաֆֆի Գալստյանին (04.09.2018թ.) եւ Մուշեղ Ավետիսյանին (26.08.2018թ.): Հիշեցնենք, որ Րաֆֆին՝ դեռեւս պարարվեստի քոլեջի ավարտական կուրսի ուսանող, թատրոնում հանդես է եկել Զվեզդիչի մենապարով՝ Խաչատրյանի «Դիմակահանդեսում», մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների, այդ թվում՝ 2017-ին առաջին մրցանակի է արժանացել մոսկովյան հեղինակավոր Global Art-ում, 2018-ին երրորդն է ճանաչվել Տալլինում կայացած երիտասարդ բալետի արտիստների մրցույթում: Ընդ որում, Տալլին ժամանած ամերիկացի մենեջերները նրան հրավիրել են մասնակցելու Նյու Յորքում անցկացվող ամենահեղինակավոր մրցույթներից մեկին՝ YAGP-ի եզրափակիչ փուլին: Երիտասարդը չի կարողացել մեկնել, որովհետեւ, իր խոսքերով՝ ԱՄՆ մեկնել ցանկացողներն այնքան շատ էին, որ դեսպանատանը ահավոր հերթ էր, իսկ ժամանակս՝ սուղ: Րաֆֆին փաստորեն չի ընդունել ախարհահռչակ Բորիս Էյֆմանի աշխատանքի հրավերը զինակոչային տարիքի պատճառով: Վերջերս էլ նա արժանացավ «Արտավազդ» մրցանակի՝ Խաչատուրյանի «Չիպոլինո» ներկայացման մեջ Կոմս Բալի դերակատարման համար: Իսկ մեր թատրոնում նրան հանդիպել ենք նաեւ Մինկուսի «Դոն Կիխոտում» (Էսպադա) եւ Սպարտակի կերպարում, պատրաստվում է նաեւ Արբենինի դերապարը «Դիմակահանդեսում»:

Մուշեղ Ավետիսյանին դեռեւս ծանոթ չէ հանդիսատեսը, նրա առաջին բեմելը կկայանա ապրիլի 26-ին, Խաչատրյանի «Սպարտակում»՝ Կրասոսի դերապարով: Մուշեղը Երեւանի պարարվեստի քոլեջի առաջին կուրսից տեղափոխվել է Վորոնեժ, ուսանել այնտեղ, 2016թ. արժանացել է ոսկե մեդալի՝ Վորոնեժում անցկացվող «Պատանի կատարողներ» մրցույթում, հաջորդ տարի Բեռլինում կայացած Nanzrolin հեղինակավոր մրցույթում ներկայացրել է Վորոնեժի քոլեջը, հրավեր ստացել մոսկովյան «Գուբերնսկի» թատրոնից, որտեղ 6 ամիս կատարելագործվել է: Հետո վարպետության դասեր է առել Ստանիսլավսկի-Նեմիրովիչ Դանչենկոյի անվան եւ Մեծ թատրոններում: Նշենք նաեւ, որ այս արտիստն էլ է ունեցել հրավերներ, այդ թվում՝ Բազելի, Բեռլինի, Մարսելի հայտնի դպրոցներից ու ակադեմիաներից, սակայն, նրա հավաստմամբ՝ իրեն մերժել են մուտքի վիզա տրամադրել: Ի դեպ, մեր թատերասերները կմտաբերեն Մուշեղին ժամանակին Սոս Սարգսյանի հրավերով Համազգայինի բեմում Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» ներկայացման մեջ կրտսեր Արշակի դերով: Հիշեցնենք նաեւ, որ Վորոնեժում ուսումն ավարտելուց հետո կարճ ժամանակահատված Վյաչեսլավ Գորդիեւի հրավերով (շուրջ 1 տարի) բեմ է բարձրացել Մոսկվայի մարզային պետական թատրոնում: Իսկ հետո ծանր վնասվածք է ստացել, բուժվել մոտ մեկ տարի, ապա վերապատրաստվել է Կրեմլի թատրոնում եւ ընթացիկ տարվա սկզբից երկու ամիս հանդես եկել այնտեղ (Մուշեղը Երեւանի օպերային թատրոն է ընդունվել ընդամենը մեկ ամիս առաջ):

Մեզ հետ զրույցում արտիստները նշեցին, որ ժյուրիի կազմում հրավիրված Բեռլինի Stats-Opera-ի առաջատար մենապարող Արշակ Ղալումյանը գործընկերներին առաջարկել է իրենց ներգրավել տարիքային երրորդ խմբում՝ 19-24, սակայն առաջարկը չի ընդունվել: (Մեր արտիստները 18 տարեկան են):

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ այս ամսվա վերջերին Մուշեղ Ավետիսյանը Հայաստանն առաջին անգամ կներկայացնի Իտալիայի Սպոլետո քաղաքում 25-րդ անգամ անցկացվող հեղինակավոր մրցույթին, իսկ Րաֆֆի Գալստյանը կրկին առաջին հայ արտիստը կլինի Ֆրանսիայի Տուլոն քաղաքում 20-րդ անգամ անցկացվող մրցույթում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում