Քանի որ թագավոր է և տեր, կարող է տալ, քանի որ դատավոր է, գիտի տալ, և քանի որ բարեկամ է, կամենում է տալ
Նմանատիպ
Աղոթքը հոգևոր կյանքի զարգացման կարևորագույն բաղադրիչներից է: Առանց դրա մարդն ավելի խոցելի և տկար է: Աղոթքը վահան է և զորություն: Հայրաբանական գրականության մեջ եկեղեցական հայրերը բազմիցս անդրադարձել են աղոթքի կարևորությանը: Քրիստոնյայի համար էական նշանակություն ունի իմանալ, թե սուրբ հայրերն ինչ խորհուրդներ, խրատներ են տալիս, որովհետև նրանց թողած հոգևոր ժառանգությունը մարդուն օգնում է ավելի շատ գիտելիք և փորձառություն ձեռք բերել և բազմաթիվ հարցերում չսխալվել: Այս առումով նաև հետաքրքրական է, թե սուրբ Գրիգոր Տաթևացին ինչ է ասում աղոթքի մասին: Պետք է, որ աղոթողի սիրտը ցրված չլինի: Հարկ է իմանալ, որ աղոթքի խոսքերն են, որոնք լսելի են, իսկ հոգին սրտից դուրս եկող և Աստծուն հաճո իղձն ու սերն է: Ինչպես երևացող մարմինն ունի աներևույթ հոգի, և նա է մարմինը շարժողն ու նրա կենդանությունը, այնպես էլ աղոթքի մարմնի կենդանությունը սրտի բաղձանքն է և սերն առ Աստված՝ ըստ Նրա կամքի շարժվելու:
Նա, ով չունի սրտի բաղձանքը, այլ միայն աղոթքի խոսքերը, մեռած մարմին է, և աղոթքից միայն տարրն է մնացել, և ոչ հոգին: Ինչպես խունկը հրին չհպվելով անուշ հոտ չի բուրում, այդպես էլ աղոթքի խունկը, սրտի սիրո ջերմությանը չհպվելով, հաճելի չէ Աստծուն:
Աղոթքը հոգու կենդանության նշանն է: ՈՒստի և պետք է միշտ եռանդուն լինել աղոթելիս, իսկ եթե աղոթքը դադարում է, նշանակում է, թե մեռած է հոգին: Բազում են աղոթքի խորհուրդները: Նախ՝ աղոթքը խոսք է Աստծո հետ: Եվ հետո մեծությունն այն է, երբ ընթերցում ենք, Աստված է մեզ հետ խոսում, և երբ աղոթում ենք, մենք ենք Աստծո հետ խոսում: Եվ եթե փառք և պատիվ է մեզ, երբ խոսում ենք երկրավոր թագավորների հետ, որքան առավել, երբ Աստծո հետ ենք խոսում: Իսկ եթե թագավորների առաջ ահով, խելացի և վայելուչ ենք խոսում, որ չանարգվեն, առավել ևս պետք է ահով, իմաստությամբ և կարգով աղոթքներում խոսել:
Երկրորդ՝ աղոթելիս մենք մտքով Աստծո հետ ենք լինում, և Աստված բնակվում է մեզանում, ինչպես ասվում է.
«Ես և Հայրը նրա մոտ կգանք» (Հովհ. 14.23), նաև ասում է, թե Սուրբ Հոգին սկզբից բնակված էր աղոթողի հոգում «և բարեխոս էր լինում անմռունչ հեծություններով» (Հռոմ. 8.26):
Երրորդ՝ աղոթքներով սատանան հալածական է լինում, ինչպես խավարը՝ լույսից, և այնժամ նրա բոլոր որոգայթներն ու փորձությունները կորչում են, ինչպես Տերն է ասում. «Այս տեսակ դևն այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ՝ աղոթքով ու ծոմապահությամբ» (Մատթ. 17.20):
Չորրորդ՝ աստվածազգաց և հրեշտակներին հավասար ենք լինում, երբ աղոթում ենք և մտքով առ Աստված ելնում:
Հինգերորդ՝ մեր բոլոր գործերն աղոթքներով հաջողվում են և կատարվում, քանի որ ամեն գործում մարդ օգնականի կարիք է զգում, և երբ աղոթում ենք, Աստված օգնական է լինում՝ լինի վաստակ, աշխատանք, թե ճանապարհ և այլն: Իսկ եթե չենք աղոթում, սատանան ամեն գործում հակառակում և խանգարում է:
Վեցերորդ՝ աղոթքը հոգու և մարմնի զորությունն է: Որպես նեցուկ հաստատում է տունը և վերցնում տկարությունը, ինչպես Հոբն աղոթքներով վերստին զորացավ և առողջացավ տկարություններից: Նաև տան շինությունն է, ինչպես Հոբի տունն աղոթքներով կրկին շինվեց ավելի լավ, քան նախկինն էր:
Յոթերորդ՝ աղոթքը հաղթում է պատերազմը, այդպես Մովսեսն աղոթքներով՝ Ամաղեկին, Դավիթն՝ այլազգի Գողիաթին, և Հոբը՝ թշնամի սատանային: Եվ մենք էլ ենք աղոթքներով հաղթում, երբ թե՛ հոգևոր, թե՛ մարմնավոր պատերազմ է լինում:
ՈՒթերորդ՝ աղոթքը սրտի մխիթարությունն է, մարդու հոգուց հեռացնում է տրտմությունը, հոգին թեթևացնում, մեղքերը սրբում, միտքը պահում է լուսավոր, ինչպես ասում է Դավիթը. «Ինչո՞ւ ես տրտում, ա՛նձ իմ, հուսա՛ առ Աստված, խոստովանի՛ր Նրան, քո անձի փրկիչն Աստված է» (Սաղմ. 42.5):
Իններորդ՝ աղոթքով խաղաղությամբ ենք ննջում և համարձակ արթնանում: Հավատով հույս ունենք և մահից հետո Աստծո մոտ ենք մտնում: Այս է ասում Դավիթը. «Այսուհետև մենք խաղաղությամբ կննջենք ու կարթնանանք» (Սաղմ. 4.9), այսինքն՝ աղոթքներով:
Տասներորդ՝ աղոթքը գոհություն և շնորհակալություն է Աստծո երախտիքներին, որ արեց մեզ համար, թե անցյալում՝ ստեղծելով մեզ համար երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և այլն, թե ներկայում, որ ամեն բարություն մեզ է տվել՝ կյանք, խաղաղություն, առողջություն, հոգի, մարմին, շունչ, խոսք, միտք և այլն, ինչպես ասում է առաքյալը. «Նրանով ապրում ենք, և շարժվում ենք, և կանք» (Գործք 17.28):
Եվ հանդերձյալում խոստացել է հարություն, արքայություն և անմահություն, հրեշտակներին հավասար մեծություն և փառք. «Ինչ որ աչքը չտեսավ, ականջը չլսեց և մարդու սիրտը չընկավ, Աստված պատրաստեց իր սիրելիների համար» (Ա Կորնթ. 2.9):
Հարկ է իմանալ, որ մենք տասը բանից պետք է զգուշանանք աղոթքի վայրում: Նախ՝ աղոթքի վայրում պետք չէ զրուցել, որովհետև սատանային խոսակից է նա, ով զրուցում է, քանի որ մեր խոսակիցն այստեղ Աստված է, իսկ Նրան թողնել և ուրիշ մեկի հետ զրուցել պատշաճ չէ:
Երկրորդ՝ աղոթքի տեղում պետք չէ ո՛չ միմյանց նայել և ո՛չ՝ կնոջ, որպեսզի սատանան արատ չներմուծի մեր մեջ՝ աղոթքի փրկությանը հակառակ:
Երրորդ՝ պետք չէ աչք տնկել քաղցրանվագ ձայնին կամ աղտեղի գիջական խոսքերին, որպեսզի, երգողը չհպարտանա: Չպետք է նաև ծիծաղել:
Հինգերորդ՝ չպետք է մաղել մտքերը խոսքից, քանի որ աղոթքը խոսք է Աստծո հետ. պետք է միտքն ու խոսքը միասին հարմարեցնել և զգուշությամբ աղոթել:
Վեցերորդ՝ չպետք է ննջել աղոթքի տեղում, այլ արթուն մնալ, ըստ այնմ՝ «Արթուն կացեք, քանի որ չգիտեք…» (Մատթ. 24.42): Եվ եթե այնտեղ ննջում ես, ինչ տարբերություն տանը ննջելուց, և եթե քնի համար ես գալիս, ավելի լավ է չգալ:
Յոթերորդ՝ չպետք է առանձնական աղոթքն աղաղակելով ասել, այլ սրտում գոչել: Այդպես Մովսեսը ծնկեց երեսն ի վայր և սրտում աղոթեց և այս մասին է ասում. «Ինչո՞ւ ես աղաղակում ինձ» (Ելք 14.15): Եվ Տերը սովորեցրեց. «Մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները» (Մատթ. 6.6):
ՈՒթերորդ՝ չպետք է անունկնդիր լինել աղոթքի խոսքերին, այլ ունկերով և մտքով հետևել աղոթքին, և երբ ինքը չի ասում բերանով, թող ուրիշների աղոթքը լսի և միտքն առնի. այդպես էլ Սուրբ գիրքն ընթերցելիս «ուշ դիր ընթերցվածներին» (Ա Տիմոթ. 4.13),- ասում է առաքյալը:
Իններորդ՝ պետք չէ շտապել, թե երբ եմ ելնելու աղոթքից: Որքան խնդրում են, այնքան էլ ստանում են, ըստ դրա էլ՝ «Ով փնտրում է, գտնում է» (Ղուկ. 11.16): Մեր Տերը ողջ գիշերն աղոթքի մեջ էր անցկացնում:
Տասներորդ՝ պետք է թողություն խնդրել բոլոր պարտապանների համար, որպեսզի և քեզ համար թողություն տրվի: Հարկ է իմանալ, որ աղոթքի սրբությունները երեքն են՝ սրտի սրբություն, լեզվի և ձեռքերի, քանզի աղոթքը երեք բանով է կատարվում՝ սրտով, լեզվով և ձեռքերով: Ձեռքերի սրբությունն այն է, որ ասում է առաքյալը. «Կամենում եմ, որ մարդիկ աղոթեն բոլոր տեղերում, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմոթ. 2.8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահել ագահությունից, արյունից և այլն: Իսկ լեզվի սրբությունը, ինչպես Տերն աղոթեց. «Հայր, ներիր դրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23.34), այսինքն՝ Աստծուն պետք է աղոթել` զերծ մնալով բարկությունից խոսքերի և գործերի մեջ:
Եվ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է: Իր հանդեպ, որ մաքուր լինի մեղքերից և այդ դեպքում Աստված կլսի, քանզի մարգարեն ասում է. «Եթե մեղք տեսնեի իմ սրտում, մի՞թե Տերն ինձ կլսեր» (Սաղմ. 65.18): Եվ սրբությունն ընկերոջ հանդեպ, որ նենգություն չունենա իր ընկերոջ նկատմամբ, այնժամ Աստված կլսի: Իսկ Աստծո հանդեպ, որ սրտի զգաստությամբ պետք է աղոթել՝ իբրև թագավորի, տիրոջ, դատավորի և բարեկամի: Այդպես աղոթելու դեպքում Աստված կատարում է ամեն ցանկություն:
Որպես թագավորի աղոթում ենք, քանզի հավատում ենք, որ ամենակարող է, ինչ էլ խնդրում ենք Նրանից, կարողանում է տալ: Որպես տիրոջ՝ «քանի որ ծառայի աչքն իր տիրոջ ձեռքին է» (Սաղմ. 122.2-3):
Որպես դատավորի և գործեր քննողի՝ քանզի դատվում ենք Նրա առջև և խնդրում, որ չդատապարտի: Եվ որպես բարեկամի ենք աղոթում, որպեսզի ամեն բան, ինչ խնդրում ենք, կամենա տալ մեզ, ինչպես բարեկամը, որ աղերսագին խնդրեց և ստացավ: Համառոտ այսպես է, քանի որ թագավոր է և տեր, կարող է տալ, քանի որ դատավոր է, գիտի տալ, և քանի որ բարեկամ է, կամենում է տալ:
Ահա այսպես մեր բոլոր խնդիրքներն Աստծո հաճությամբ են կատարվում: Ինչպես պատկերն արտացոլվում է հստակ հայելու մեջ, աչքերի լույսն անդրադարձնում է արեգակի լույսը և ինչպես ոսկու և արծաթի պայծառ ճառագայթումն է, այսպես էլ աղոթողի հստակ միտքը ձգում է Սուրբ Հոգու պայծառ լույսը և լուսավորվում: Այդպես սրբերը, ըստ Տիրոջ ձայնի, իրենց աղոթքներում տեսնում են Աստծուն, որոնցով մեզ մեր Քրիստոս Աստվածն Իրեն տեսնելու թող արժանացնի:
Հովհաննես սրկ. Մանուկյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում