«Կարոտի կռունկ» ֆիլմը՝ Կոմիտասին նորովի ճանաչելու միջոց
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Կարոտի կռունկ» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը ներկայացրեց Հ.Հ. վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը:
Ցուցադրման սկզբում Սարգիս Նաջարյանը խոսեց ֆիլմի ստեղծման մասին. «Ես որպես հայ մոտեցա այս գործին՝ իմ հոգին լցնելու և Կոմիտասով ապրելու: Ես հաճախում էի Կոմիտասի արխիվ: Եվ ստացվեց այնպես, որ ռադիոյում աշխատելու տարիներին պատրաստեցի Կոմիտասին նվիրված մեծ հաղորդումներ և հինգ տարբեր տեսաֆիլմեր: Այս ֆիլմը շրջեց հայկական գրեթե բոլոր համայնքներում՝ Գերմանիա, Հունաստան, ՌԴ, Հորդանան, Արաբական Էմիրություններ, ինչպես նաև Արցախ, Երևան, մարզեր եւ այլն»:
Ֆիլմ-ներկայացումը Կոմիտասի կերպարը ներկայացնում է այնպես, ինչպես այն եղել է իրականում ՝ ըստ արխիվային նամակների, հուշերի, մենախոսությունների, մտքի պայծառացումների և մթագնումների:
«Ինձ պետք էր Կոմիտասի կերպարը, անձը ներկայացնել, որովհետև Կոմիտաս անունը տալիս` բոլորը պատկերացնում են խելագարված մարդ, արյուն և մահ: Ինչո՞ւ: Կոմիտասը բոլորից հրաշք մարդ է եղել : Բառեր չեմ գտնում իրեն նկարագրելու: Այստեղ ես աշխատել եմ ոչ թե գեղարվեստական արժանիք ստեղծելու վրա, այլ առաջին պլանում դրել եմ Կոմիտաս մարդուն: Արժեքը և արժանիքը այստեղ Կոմիտասն է»,-ասաց Սարգիս Նաջարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում