«Կատարումից հետո մեր հայացքները խաչվեցին, եւ ես լսեցի աշխարհահռչակ երգչուհու արձագանքը»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Բարիտոն Նավասարդ Հակոբյանը՝ Հասմիկ Պապյանի գնահատականի, նախագահական մրցույթի ու նկատվելու մասին
Բազմապատասխան կամ թերեւս անպատասխան մնացած հարցերից է բնական շնորհի մասին հարցը: Օրինակ, ինչից է, որ մեկը ծնվում է նկարչական, պարային կամ երաժշտական բացառիկ շնորհով, այն դեպքում, երբ մյուս իր տարեկիցը ոչ «գիծ քաշել» գիտի, ոչ «աջ ու ձախն է տարբերում»։ Դեռ ոչ ոք ավարտուն չի կարողանում ասել, թե ինչ ընդհանրություն ունեն խուլ սարերում ծնված եւ երբեւէ բարձրագույն կրթություն չստացած հանճարեղ Թումանյանն ու Եվրոպայի կենտրոնում ծնված հանճարեղ Մոցարտը։ Բնությունը ահա այսպես միշտ իր անհասկանալի խաղն է խաղում մարդկային հասարակությունների հետ։
Այդ բնատուր արարածներից մեկը Գառնի գյուղում ծնված Նավասարդ Հակոբյանն է: Նա սովորել է Գառնիի երաժշտական դպրոցում, ժողովրդական երգեցողություն բաժնում: Այսօր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի երրորդ կուրսի 20-ամյա ուսանողը մասնակցում է ՀՀ նախագահի երիտասարդական մրցույթին: Իսկ թե ինչպես եղավ, որ երիտասարդը ընտրեց օպերային երգչի ուղին, Նավասարդը նախ փոքր ճշգրտում արեց, նշելով, որ ծնվել է Վորոնեժում, սակայն 6 ամսականից տեղափոխվել են Գառնի, հպարտորեն էլ ասաց՝ ես գառնեցի եմ: «Չեմ կարող հիշել երբ էր, բայց համակարգչով միամիտ լսեցի աշխարհահռչակ երեք տենորների ելույթը եւ դա պատճառ կամ առիթ հանդիսացավ, որ ես բացահայտեմ՝ ինձ համար ինչ է դասական երաժշտարվեստը: Ծանոթացա կոնսերվատորիայի վոկալ բաժինն ավարտած մի աղջկա հետ, որն ուսանել էր իմ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարանում, ու նրա խորհրդով հորս հետ հանդիպեցինք դասախոսին…»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Նավասարդը նշեց, որ կոնսերվատորիական տարիները դարձան իր համար դասական երաժշտությունը բացահայտելու շրջան: Երախտագիտությամբ հիշեց, իր խոսքերով՝ Գառնիի փոքր երաժշտական դպրոցի ուսուցիչներին, որոնք թեեւ ոչ հաճախակի, բայց իրենց ուղեկցում էին մայրաքաղաք՝ մասնակիցը դարձնելով մշակութային միջոցառումների: Հայտնեց նաեւ, թե տիկին Կոլոսարյանի խորհրդով ինքը շուրջ մեկ տարի է, ինչ ընդգրկված է Երեւանի օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրում (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան), մասնակցել է վարպետության դասընթացների, այդ թվում՝ աշխարհահռչակ Ռենե Ֆլեմինգի, խորհուրդներ է վերցրել ճանաչված երգիչներ Բարսեղ Թումանյանից, Գեւորգ Հակոբյանից, Հովհաննես Այվազյանից: Հպարտորեն նշեց, որ մասնակցել է օպերային թատրոնում կայացած 2019թ. ամանորյա գալա համերգին, որտեղ հանդես է եկել Երիտասարդական ծրագրի մասնակից, սոպրանո Մարիաննա Մարտիրոսյանի հետ դուետով: Անդրադառնալով ՀՀ նախագահի երիտասարդական մրցույթին, որտեղ «Դասական երգեցողություն» անվանակարգում 22 մասնակցից ընդամենը 3 բարիտոն են, հարցրինք՝ ինչպե՞ս է գնահատում իր շանսերը: Մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ գոհ եմ իմ ելույթից:
Հետաքրքրությանը՝ Կոմիտասի «Կռունկից» հետո իրեն «հասե՞լ» է ժյուրիի նախագահ, օպերային դիվա Հասմիկ Պապյանի հնչեցրած բրավոն, Նավասարդը ժպտալով ասաց. «Կատարումից հետո մեր հայացքները խաչվեցին եւ այո, ես լսեցի աշխարհահռչակ երգչուհու արձագանքը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում