Արևը և ծխախոտը
Նմանատիպ
Ես զգում եմ ապրելու անասելի ցանկություն,
երբ ամեն առավոտ զարթնում-ընդվզում եմ փարավոնյան քնի դեմ,
որսում արևի փամփուշտն առաջին,
և հանգուցելով կոշիկիս փոփոխվող կապերը`
ժայթքում եմ փողոց:
Թաղամասերի գետնախորշերից մեկում
առավոտը աշխատանքային շորերն է հագնում
և ամենօրյա հարության համար
սպասում երկնի հրահանգ-ազդանշանին,
և չի լսում, որ…
կավատ գիշերվա ցաք ու ցրիվ մայթերին
դեռ արձագանքվում է չծնված մանուկի ճիչը… առաջին… ու …
վերջին…
Այստեղ` փողոցում կարող եմ խմել մուրացկանի ողորմաթասը
և սուրճի բաժակի պես շրջել մանրադրամները խղճիս,
միայն այստեղ կարող եմ մոռանալ
սուգ-լուրերի կպչուն շարանը,
ուր ինքնաթիռ է պայթում, կամ գնացք, կամ ուղղակի մի ռումբ ուղղակի
պայթեցնողի հետ միասին
(որը նույն մետաղն է, ինչ գնացքն ու ինքնաթիռը),
կարող եմ մոռանալ սերը
և սեր երգող կիսամերկ գեղեցկուհուն,
որ նրբորեն ուղղում է վերջերս սեփականաշնորհված իր կաուչուկյա
անտառ-հատվածը:
Այո’,
Ամենքին պետք է սեփական անտառ-հատված,
Ամենքին պետք է հավատարիմ-խորամանկ կոշկավոր կատու,
Ամենքին պետք է երկաթբետոնյա թիկնապահ,
և քաղաքում ամեն րոպե հատուկ դրություն մտցնող մեքենաների շարասյուն,
Ամենքին պետք է հավերժության սեփական պատրանքը
և վայելքների գաղտնի բնակարան,
ուր անտակ նկուղի կավե դռնակը երկնային ցավ-աղոթք է խոստանում,
հրամայում ծաղկամանում կախաղանված ծաղիկներին
կրկին ժպտալ… և…
Այսպես, մարդ-շարժում էի փնտրում մանեկենազարդ ցուցափեղկերում,
փնտրում էի հոգիներ գերեզմանատներում,
անհույս հիվանդների մոտակայքում,
որպեսզի ապացուցեմ գոյությունս և ապրեմ
հավերժ,
սփոփվեմ
գիտակցեմ, որ դեռ չեմ գործել տիեզերական մեղքեր,
Եվ հին-հարազատ իմ բակում միշտ ունեմ հեծանիվ քշելու պահեստային մի
շրջան-ուղեծիր:
Վերադարձի ճամփին փոքրիկ մի Արև
խնդրեց կրակս,
որ ծխախոտն այրեր:
Վահե ԱՐՍԵՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում