Գեզի զբոսայգու աստիճանները պատրաստվել են հայկական գերեզմանաքարերից
Նմանատիպ
Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգու շուրջ ծավալված դեպքերն առիթ հանդիսացան, որ հետադարձ հայացք նետվի պատմությանը:
Զբոսայգու ապամոնտաժման ժամանակ շինարարական տեխնիկան գերեզմանաքարեր է դուրս բերել, որոնք ամենայն հավանականությամբ պատկանում են Թաքսիմի հրետանային զորանոցի հարևանությամբ գտնվող Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատանը: Ըստ հետազոտող Գևորգ Փամուքչյանի’ նշյալ գերեզմանաքարերն օգտագործվել են Գեզի զբոսայգու աստիճանների կառուցման ժամանակ: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
«Պարզելու համար, թե ինչպես են հայկական գերեզմանաքարերն օգտագործվել այգու աստիճանները կառուցելիս, պետք է հիշել այդ տարածքի’ ձեռքից ձեռք անցնելու պատմությունը, թե ինչպես էին արժեքավոր այդ հողատարածքին տիրանալու համար նույնիսկ ժխտում հայկական համայնքի գոյության փաստը Թուրքիայում: Գոյություն չունեցող համայնքի գերեզմանոցը Թաքսիմի հրապարակից մինչև ռազմական թանգարան է ձգվել»,- գրում է թուրքական «Սոլդեֆթեր» լրատվական կայքը:
Մեկ այլ լրատվամիջոց էլ’ «Դեմոքրաթ հաբեր» կայքը,տեղեկացնում է, որ վերոնշյալ տարածքի պատմությունը սկսվում է 16-րդ դարի կեսերից’ Սուլեյման Քանունի սուլթանի օրոք: Սուլթանի ազգությամբ հայ խոհարար Մանուկ Քարասեֆերյանը սուլթանին փրկել է նրա դեմ կազմակերպած դավադրությունից: Որպես երախտագիտության նշան’ սուլթանի հրամանոց հայկական համայնքին է նվիրաբերվել է այդ տարածքը, որը հայկական համայնքի կողմից օգտագործվել է որպես գերեզմանոց: Առաջին անգամ 1872 թվականին փորձել են այն զորանոցին հանձնելու նպատակով խլել համայնքից: Սակայն սուլթան Աբդուլազիզը նման բան թույլ չի տվել: Խլելու 2-րդ փորձը տեղի է ունեցել 1926 թվականին: Բեյօղլուի թաղապետարանը, դիմելով անշարժ գույքի սեփականության Անկարայի կադաստրի վարչություն, ցանկություն է հայտնում գերեզմանատունն իր հաշվեկշռի մեջ մտցնել: Հայոց պատրիարքարանի իրավաբանները վիճարկում է այդ որոշումը: Իսկ քաղաքապետարանի շահերը ներկայացնող փաստաբաններն անգամ պնդում են, որ Թուրքիայում հայկական համայնք և հայոց պատրիարքություն գոյություն չունի:
Դատարանը ներկայացված փաստերի հիման վրա գոնե ընդունում է, որ հայեր գոյություն ունեն: Սակայն թուրք «մասնագետների» և պատմաբաններից կազմված պատվիրակության պատրաստած զեկույցը պնդում է, որ գերեզմանատունը պատկանում է Բայազեթ սուլթանի հիմնադրամին: 1933 թվականին Ստամբուլի դատարանը գերեզմանոցների մասին օրենքի հիման վրա հայկական գերեզմանոցը հանձնում է քաղաքապետարանին:
Պատրիարքարանը բողոքարկման դիմումով հայց է ներկայացնում վերաքննիչ դատարան: 1933 գիշերը դատարանում հրդեհ է բռնկվում, որի հետևանքով գերեզմանոցի վերաբերյալ գրեթե բոլոր փաստթղթերն այրվում են: Այս փաստաթղթերի մեկական պատճեները գտնվում են անշարժ գույքի սեփականության կադաստրի վարչությունում և քաղաքապետարանում, սակայն դրանք արդեն դեպքերի հետագա ընթացքը չէին կարող փոխել: Քաղաքապետարանն առանց սպասելու դատարանի որոշմանը գերեզմանոցը բաժանում է հողակտորների և տրամադրում սեփականության վկայականներ: Այդպիսով 850 հազար քառակուսի մետր տարածք անցնումը է քաղաքապետարանին, իսկ հայկական համայքնին թողնում են ընդամենը 6 հազար քառակուսի մետր կառուցապատված տարածք:
Նշենք նաև, որ զբոսայգու տարածքում 1919 թվականին տեղադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին հուշարձանը: Այն Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակումից հետո անհետացել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում