Արտեմ Հարությունյան. Բանաստեղծություններ
Նմանատիպ
ԵՍ ՀԱՅ ԵՄ, ԱՐՑԱԽԻՑ…
Ես Արցախից եմ որովհետև մայրս`
Շամիրամ Ռուբենի Զաքարյանը,
Հենց նոր Արցախի սեղանին դրեց
սիրելի ճաշս` կճեխաշը,
և տաք գոլորշին ճյուղավորվելով`
դարձավ կորսված հողերի քարտեզ,
Հայ եմ, որովհետև տեսնում եմ
ազգիս աղքատացումը,
Սեմուշկա ծախող ագռավազգեստ պառավների
համբարձումը երկինք,
արևածաղկի տոպրակի ետևից,
և նրանց տխուր վայրէջքը քաղաքական խենթ
հարվածից ծռված մայթին,
կարկատած տոպրակի մեջ` հույսի սերմեր,
իսկ խևության մեջ` բիբլիական բարություն:
Հայ եմ, որովհետև տեսնում եմ աշխարհի
ողբանոց դառնալը,
իսկ հեռուստախցում քաղաքական աղբանոցը
ծխում է իր լուրերի գարշահոտը,
ուր պայթյունից կիսված մարմինը սոսկ կետագիծ է,
էլեկտրոնային նշան, ոչ ծնող ունի, ոչ արյուն,
Սոսկ կետ-գիծ, գիծ-կետ`
ահա պատրանքը մաֆիոզ մոգերի,
որով կերակրվում ենք ամեն օր:
Հայ եմ, որովհետև 14 տարեկանում
կարդացի Ուիթմենի «Ողջույն աշխարհին» պոեմը,
որտեղ հայերը մի օր պետք է վերջնականապես
բարձրանան լյառն Արարատ`
դնելով մաքառման եռագույնը ձյունոտ գլխին
արյունոտված նահապետի,
Հայ եմ, որովհետև բոլոր կրոնները անասելի
դաժան են և անտարբեր
ընկած հոգու խորխորատի առաջ:
Հայ եմ որովհետև բաց են դռները լոմբարդի,
և սարդ կա ամեն անկյունում,
ժողովուրդն այլևս ոչինչ չունի`
թշվառության երախը փակելու,
Հայ եմ` զարմացած, որ հայ ջահելը
կարող է դիմանալ մոտեցող թշվառությանը`
գրպանում ունենալով քսան լումա և
ատոմային ռումբի ահագնացում,
Հայ եմ, որովհետև սիրում եմ այս երկիրը`
հայրենի Արցախից մինչև Դիլիջան
և Լոս Անջելեսի հայ համայնք,
Հայ եմ, որովհետև պատուհանից երևացող
դաշտն ու անտառը օրեցօր
սրբանում են` հանց Արշիլ Գորկիի նկար
և տարածվում երազի քարե պատռվածքում:
Եվ վերջապես հայ եմ, որովհետև հայրս`
Շուշիից, և մայրս` Բիթլիսից,
ինձ սովորեցրել են կրկնել Նարեկացու տողերը`
«Եվ հիմա որտեղից գտնենք մխիթարություն
այսքան վշտերի համար»:
* * *
Վերջացող ամռան ընդերքը մոխիր է,
Երևանի բաց պատուհան,
Ծիրանի կորիզ, փշատ, գրված թերթեր
և մահվան բոթ, որ սավառնում է
դատարկ սենյակում:
Իսկ սկիզբը լավն էր.
Երգում էր օդը դարերի վրա,
Իշխան կար նստած ամեն դեմքի խորքում,
և հողը կարծր էր, անվրդով:
2000 Թ., ԴԱՐԻ ԱՎԱՐՏԸ
Տասներկու մինիստրությունների գերստամոքսից
դեռ փչում է հոտը խաբեության,
դառը, սոցիալական պատրանքի փայլուն
թղթի մեջ փաթաթված,
Տասներկու երաժիշտ նվագում են
անցած դարի տանգոն,
«Կոնտինենտալ» հյուրանոցի գիպսե զառամյալ
արձանների ներքո,
որոնց ոսկեզօծ փորի ծեփը թափվել է,
երևում է ստամոքսի ժանգոտ արմատուրան`
ժանգը որովայնի:
Մեծ խանութներից բուրում է անհաջող
տնտեսական ռեֆորմի քաղցրահամ դիահոտը,
որ անցած դարում շպարված-աշխույժ էր,
բուրումնավետ-կայտառ և նվաճում էր համարվում:
Անցած դարից ժառանգած ամայի
թատրոնների ձմեռային այգում
դանդաղ ննջում է խոցոտված պատմությունը,
վաղը քնելու է մուրացկանի պես մի այլ այգում,
կամ դրա նման անհույս մի բան, որ վարդերի
հոտից շշմել-սմքել է:
Լուսնոտ մեկը ռադիոյով, աներևակայելի
մեծ միկրոֆոնի առաջ փորձում է համոզել`
միակ ընտրյալն ինքն է.
և քարքարոտ հողը մռնչում է
ներսում կուտակվող գազերից,
Ասում է`
Ես եմ Քրիստոսը, ձեր հոտն արածեցնողը,
հարկեր կրճատողը, կաթի սեր քաշողը
աղքատին փրկիչ կլիզմա անողը…
Մեկ դար առաջ բռնապետին
ուղղված ծափահարությունների
ձայնագրությունը ընդհատում է նրա խոսքը`
իբր անցնող ժողովուրդը հալած յուղի տեղ
ընդունեց նրա եթերային յուղից սարքած ապուրը:
ՏԱՐՕՐԻՆԱԿ Է…
1.
Տարօրինակ է
Կոմիկական,
Բայց առաջին հարկի
գաղտնի ոստիկանության նախկին գործակալ
փիլիսոփա հոգեքննիչը դեռ ապրում է,
նրա չոր գլխի զարկը
նրանից փախչող սուբստանցի
և ջեռուցման վառարանի թուջե պատին
զնգում ու ձևափոխվում է մգլոտ արձագանքի`
ահ տալով շքամուտքի բնակիչներին:
Դրսում ամբոխը զննում է
նոր «Մերսեդեսի» քթարմատն ու կճղակը,
Իշխանության տղերքը բենզինի քսուկների վրա
սուրում են նոր թենդեր շահելու`
ընթացքում ծախելով ժողովրդի
շահերն ու պարտամուրհակը:
Վերևից`
ձյունը` փխրուն պատանդ,
սկսում է իր գործը`
սրբացած փողոցներին
քարշ տալով մահվան մանկապարտեզ:
Քաղաքը դուրս է ընկել իր շավղից:
Համլետը վաճառում է հոտած պանիր`
բանասերի հին կոստյումի տակ թաքցնելով
աղաջրից կարմրավուն խեցգետին դարձած
ձեռքերից մեկը,
Օֆելյայի բախտը բերել է`
նա բուժքույր է վերակենդանացման պալատում:
Բանկային փողոցների ակադեմիական անդորրը
խախտում է «Մակարով» ատրճանակի չորուկ հազը`
թըրաա՛խկ…
2001 թիվն է,
Հաջորդ սերունդների համար
ոչինչ չասող չնչին մի բան:
2.
Ես դուրս եմ գալիս Երևանի
պուրակների փափուկ ընդերքն համտեսելու:
Ձմեռն ուշացել է, ժամանակից շուտ ծերացած
մի աշուն փշրվում է վաֆլիի պես
զինվորական խանութից գնած ծանր կոշիկներիս տակ:
Հատուկենտ մուրացկաններ ցախ են հավաքում
սոցիալական ապահովության մինիստրության շենքի մոտ,
դոլարից ահռելիորեն գիրացած կին մինիստրի
բազեդովյան-հիվանդ գեր աչքի տակ,
նրա կարմրավուն բոխախը դրոշի պես ծածանվում է
աղքատին խաբող շենքի ճակատին,
նա ինձ խոստացել էր ձախ լույս տալ`
ի փառս հայ գրականության բարգավաճման,
և ամերիկյան լոբի ու ձեթ`
ի փառս հայ բանասիրության վերածնման
(Ձախից գալիս են քերովբեները, աջից գալիս են սերովբեները խոստումի):
Երկու խոստումն էլ նա դրժեց,
Ավելի շուտ գործից հանեցին մեռյալ հոգիներին`
18-րդ դարից մնացած բրինձ վաճառելու համար:
Հիմա նա հարկային մինիստրության աստվածուհին է,
մի գեր ազդրը եթե ընկնի բյուջեի նիհար ուսերին,
կփշրի ողնաշարը ազգի,
անատամ ուրվականներն ի վիճակի չեն
կուլ տալ նրա թունավոր մթերքը
և նախընտրում են չոր հացն ու պանիրը,
չնայած բորբոսագույն է ամեն ինչ հիմա:
Օրերի դժգույն վիճակախաղն է նստել թագին,
դիպվածն է ընտրում իր պատերազմը`
դեղին վարդի պես տարածելով իր դեղին օրերը:
Բայց հոգին ձուլում է իր մեջ երկաթը.
Ծնվել` տարօրինակ կոչումն է բոլորիս:
Աղբյուր՝ Garoun.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում