Հայտնաբերվել և Հայաստան են բերվել Կոմիտասի 5 նամակներ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Կոմիտասի 150-ամյա հոբելյանը բավականին պատասխանատու իրադարձություն է մեզ համար»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։
Նրա խոսքով, այս տարի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կոմիտասագիտական նոր հետազոտություններ է իրականացրել Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ( DAAD ) հետ համատեղ։
«Կարողացել ենք հետազոտություն իրականացնել գերմանական, սաքսոնական արխիվներում և այլ հաստատություններում, որտեղ առնչություն կա Կոմիտասի կյանքի, ստեղծագործական գործունեության վերաբերյալ։ Որոշակի նյութեր են հայթայթվել, որոնք իրենց ուրույն տեղը կունենան և հետազոտությունների, և կոմիտասագիտության վերաբերյալ հետագա ուսումնասիրություններում»,- ասաց Ն. Կոստանդյանը։
Նա նշեց, որ ծրագիրն ամբողջովին ֆինանսավորել է DAAD գրասենյակը, գերմանական կողմը։
Արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Հարությունյանն ասաց, որ դեռ 2015 թվականից իրենք կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել սաքսոնական արխիվների, նաև Գերմանիայի ակադեմիական այլ հաստատությունների հետ հետագա համագործակցություն կազմակերպելու ուղղությամբ։
«Այս տարի փետրվարից սկսած Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության հովանավարությամբ կարողացա մեկնել Գերմանիա՝ Լայպցիկ, երկու ամիս աշխատել եմ սաքսոնական արխիվում, նաև Լայպցիգի Մենդելսոնի անվանի երաժշտության բարձրագույն դպրոցում։ Որոնումները կատարել ենք մի քանի ուղղությամբ։ Ուսումնասիրել ենք նամակները, անհատական նամակագրության ֆոնդերը։ Մեծ ուրախությամբ կարող ենք նշել, որ դատարկ հետ չենք եկել։ Բերել ենք 5 նամակ, տարբեր թվականներին են գրված, հասցեագրված են Կոմիտասին՝ Էջմիածին։ Դրանք մշակման կարիք ունենք, որոշ ձեռագրեր դժվար ընթեռելի է, պետք է վերծանեն։ Պարզ է այս նամակների արժեքը Կոմիտասի կենսագրության պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար»,- նշեց նա։
Կոմիտասագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտ.խորհրդի անդամ Լուսինե Սահակյանն ասաց, որ Կոմիտասին առնչվող, նրա հետ շփվող, նրա ժամանակակիցների հուշագրության փաստաթղթերը, նամակները մեծապես կարող են նպատսել Կոմիտասի մասին առավել ամբողջական, անկողմնակալ կարծիք կազմելու համար։
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտ.խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը կարևորեց արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը, նշեց, որ նման կարգի փաստաթղթերը գտնելն ու մեջտեղ բերելը բացում են Կամիտաս-Եվրոպա, Կոմիտաս- աշխարհ, Կոմիտաս-ժամանակակիցներ առնչությունները, դրանք հնարավորություն կտան առավել փաստագրված ու հիմնավորված կերպով աշխարհին ներկայացնելու համար։
Նա նշեց, որ կարևոր են նաև Պոլսում գտնվող փաստաթղթերի ուսումնասիրությունը, որքան էլ փակ լինեն, պետք է ձևեր գտնել և հետազոտություններ անցկացնել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում