«Երևանյան Հեռանկարների» 20-րդ հոբելյանական փառատոնը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Irates.am: Ապրիլի 29-ին ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում բրիտանական «The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով կազդարարի հոբելյանական տարվա մեկնարկը: Հիսուն տարվա պատմություն և հինգ Գրեմմի մրցանակ ունեցող խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից:
Առաջին «Սվինգլները» էստրադային երգիչները` Շարլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի ձայնակցողներն էին, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը:
Խմբին համաշխարհային ճանաչում բերեց 1960թ.-ին թողարկած Յոհան Սեբաստաին Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: «Սվինգլների» նորարարական և վիրտուոզ երգեցողությանը անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ: Երևանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է «Սվինգլ»-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն և Գարֆունկել, Բիթլզ և ավելին:
«Սվինգլների» երկացանկը ընգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն: Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ` Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից:
«Սվինգլը» արդեն կես դար շարունակ ընդլայնում է վոկալ երաժշտության պատկերացումների հորիզոնը։ Նրանք դարձել են բազմամիլիոնանոց լսարանի սիրելիները,հոլիվուդյան և այլ հայտնի ֆիմերի սաունդթրեքերը ձայնագրելու համար:
Խումբը համարվում է մոլորակի ակապելա երգեցողության բոլոր ժամանակների չգերազանցված վարպետը: Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը «Սվինգլների» չգերազանցված կարողությունն է, որը տասնյակ տարիների ընթացքում նմանակվել է բազմաթիվ կատարողների կողմից` ոգեշնչման աղբյուր դառնալով բազմաթիվ կոմպոզիտորների համար: Լուչիանո Բերիոն իր սենսացիոն «Սինֆոնիայում առաջին անգամ ուսումնասիրեց և բացահայտեց «Սվինգլների» ձայները նվագախմբային դասակարգմամբ:
Խումբը նույն շուքով և մեծագույն արձագանքների ներքո, շարունակում է կատարել այդ ստեղծագործությունը ողջ աշխարհում, որի վերջին կատարումները հնչել են Սան Ֆրանցիսկոյի Դեյվիս համերգասրահում՝ Մայքլ Թիլսոն Թոմասի, Լոնդոնի «Ռոյալ Ֆեստիվալ» համերգասրահում՝ Վլադիմիր Յուրովսկու և Միլանի Լա Սկալայում՝ Ջոն Աքսելրոդի ղեկավարությամբ։
Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Եվրոպա և Ասիա իրենց կանոնավոր շրջագայություններից բացի խումբը յուրաքանչյուր հունվար ամսին Քինգս Փլեյսում հանդես է գալիս իր «Լոնդոնյան ակապելլա» փառատոնով: Բրիտանական մայրաքաղաքում փառատոնն առաջինն է իր տեսակի մեջ, որը հյուրընկալում է աշխարհի ամենատաղանդավոր վոկալի վարպետներին։ … շքեղ վերարտադրություններ՝ նուրբ բիթբոքսի և հնչեղ հարմոնիաների ուղեկցությամբ․․․ հերոսական երգեցողություն, որն իսկապես սարսուռ է առաջացնում։
– THE GUARDIAN Վոկալ և երգչախմբային աշխարհը վերջին 50 տարվա ընթացքում էականորեն փոխվել է․․․ բայց «Սվինգլս»-ին հաջողվել է պահպանել իր արտառոց նշաձողը` շարունակել բարգավաճել։
– CHICAGO SUN-TIMES «Սվինգլները» հրաշագեղ ակորդները երգում էին լազերային ճշգրտությամբ… սա տրիումֆ էր – THE DAILY TELEGRAPH «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Փառատոնի 20-րդ հոբելյանական տարին իրականանում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ:
«Երևանյան Հեռանկարները» նոր էջ է բացել Հայաստանի երաժշտական կյանքում՝ երկու տասնյակ տարիների ընթացքում փոխելով իրականությունն ու ստեղծել նախկինում նմանը չունեցող միջավայր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում