«Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծում հանդես կգա ջութակահարուհի Դիանա Ադամյանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ապրիլի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծի շրջանակում ջութակահարուհի Դիանա Ադամյանի կատարմամբ և ՀԱՖՆ-ի նվագակցությամբ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Ջութակի թիվ 2 կոնցերտը: Երկրորդ բաժնում կլինի հայաստանյան պրեմիերա. առաջին անգամ կհնչի Ֆերենց Լիստի «Ֆաուստ» սիմֆոնիան: Ռոմանտիկ սիմֆոնիզմի այս մեծակտավ ստեղծագործությունը գրված է նվագախմբի, արական երգչախմբի և տենորի համար:
ՀԱՖՆ հաղորդմամբ, համերգին մասնակցում են մեներգիչ, հայտնի տենոր Լիպարիտ Ավետիսյանը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): Համերգը ղեկավարում է ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:
Սա Դիանայի արդեն երրորդ համերգն է ՀԱՖՆ-ի հետ: Դիանա Ադամյանը հեղինակավոր Յեհուդի Մենուհինի պատանի ջութակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր է (Menuhin Competition Geneva 2018): Այս մրցույթը նաև անվանում են «Ջութակահարների օլիմպիադա», մրցույթի 35 տարվա պատմության մեջ Դիանան երկրորդ հայ ջութակահարուհին է, ով արժանացել է առաջին մրցանակին: Դիանա Ադամյանը նվագում է Նիկոլա Գալիանոյի կերտած 18-րդ դարի ջութակով՝ Քրիստոֆ Լանդոնի հավաքածուից:
«Երիտասարդ արտիստների համերգաշար»-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և YerazArt ծրագրի նախաձեռնությունն է, որի ղեկավարը ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանն է: Այն շարունակական համերգների շարք է, որտեղ տաղանդավոր երիտասարդ կատարողներին հնարավորություն է ընձեռվում մեծակտավ ստեղծագործություններով հանդես գալ ՀԱՖՆ-ի հետ:
«Երիտասարդ արտիստների համերգաշար» ծրագիրը մեկնարկել է այս տարվա մարտի 10-ին՝ միջազգային մրցույթների դափնեկիր, 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանի համերգով, ով ներկայացրեց Ֆ. Շոպենի թիվ 2 դաշնամուրային կոնցերտը: Ամռանը կկայանա «Երիտասարդ արտիստների համերգաշար»-ի երրորդ համերգը, որի ժամանակ կկատարվեն «Սայաթ Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթի (AGBU Sayat Nova International Composition Competition) դափնեկիրների ստեղծագործությունները: Մրցույթն արդեն ունի տասներեք տարվա հարուստ պատմություն և անցկացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում