Աղասի Այվազյան․ Օրհաս

Աղասի Այվազյան․ Օրհաս

Հայր մեր որ յերկինս ես…

Հեռապատկերը չէր երևում…

Հինգ շարք տարիներ էին…

Սկսեցիր քայլել…

Շարքերը դարձան տասը…

Վազեցիր…

Ավելի արագ…

Էլ ավելի թեթևակի…

Ոտքերիդ տակ հողը և՜ պինդ էր, և՜ հող չկար…

Հեռապատկերը այդպես էլ չէր երևում…

Եվ տեսնելու, նկատելու միտում էլ չունեիր, պարզապես չէիր մտածում դրա մասին, այսինքն՝ ընդհանրապես միտք գոյություն չուներ…

Ընթացքդ դարձավ արագապտույտ…

Հայտնվեց երկու տարիների համակցությունը՝ ձեռք-ձեռքի բռնած, չգիտես ինչու մեղավոր ու շփոթված: Ինչո՞ւ, ինչո՞ւ…

Ինչի՞ց եք շփոթվել…

Անձրևի՞ց…

Ցրտի՞ց…

Անձրևաջրի կաթիլների հավերժության մելամաղձը երգող կաթկթոցի՞ց…

Ասֆալտի վրայի նրա թողած հպանցիկ որմնանկարի՞ց…

Օրվա երկարությունի՞ց, նրա մգլոտ միապաղաղ սահմանափակությունի՞ց…

Չգիտե՜ս: Իհարկե՝ չգիտես: Այն որ պառավ, իր օրն ապրած պոռնիկը յուր փոքրիկ դստերն է բերել-ցուցադրել թաց մայթի բեմին՝ մի պատառ հաց վաստակելու նպատակո՞վ…

Չէ: Իհարկե՝ չէ: Քանզի դու էլ ես նրաց նայում շաա՛տ-շաա՛տ հեռվից, դեռ տեսողության հարթակին չհասած: Քո մեջ էլ զզվանքը վերածվում է հեշտասիրության, տարպանքի…

Ո՞վ ես դու: Հենց նոր հայտնված գո՞յ: Քո մի փոքրիկ կյանքի աննշան հատվածը փռելով հավերժության մարմնի վրա: Ուրեմն՝ ո՞վ ես դու: Պլագիատ, գոյագողություն, անմեղսունակ կրկնություն…

Դու շարունակում ես քայլել…

Ոչ, քայլդ արդեն փութաշարժ է և միաժամանակ ծույլ: Այդ պարադոքսի մեջ երկար կմնաս, շաա՛տ երկար…

Հեռապատկերը նորեն անտեսանելի է…

Նա վարագույրի ետևում է, որի բացողը դեռևս իրեն չի ցուցահանել: Վարագույրն այնքան հեռվում է, որ դու դրսում ես քեզ զգում, տակավին փողոցում…

Փողոցը քոնն է և դահլիճ մտնելը մտքիցդ հեռու է: Շարունակի՜ր քայլել հաջորդ տարիների կապուկի վրայով: Այդ տարիները կոտրած սանդուղքի նման են, որոնց աստիճանները վեր ու վար են, նաև պակասում են տեղ-տեղ: Փույթ չէ, որ երբեմն-երբեմն ոտքդ ընկնում է երկու սանդղոտների արանքի պարապուտի մեջ: Դեռ աստիճանները շարունակվում են, և դրանց հաշիվը դու չես ուզում իմանալ…

Եվ ինչի՛դ է պետք…

Դու ոչ առաջինն ես, ոչ՝ վերջինը:

Սակայն դու միակն ես:

Տարիների հաջորդականությունը լղոզվում է հետզհետե, նրանք միակցված են, բոլորաձույլ՝ արյունով ու թարախով, մթությամբ և լույսով, վախով ու լկտիությամբ, խրախճանքով ու եռանդախեղդ տենչանքով, հավատով ու անհավատությամբ…

Թեպետ քեզ հավատ դեռևս պետք չէ, նրա հետագիծը գետնի վրա է…

Երկնքում ամպերն են՝ զավեշտալի ու նկարուն, որոնց մեջ ինչ ասես կարող ես գտնել…

Տարիների շարքը մարմնալուծվում է, կերպափոխվում մի ընդհանուր ճահճանման մակերեսի: Փայլ կա վրան, բայց աղտոտ, տաղտուկ ու սիրտհատնուկ է: Ու ոտքի առջև ոտք ես դնում այդ լխճոր թանձրուկի վրայով…

Եզրը նրա հանկարծ առջևումդ է հայտնվում ու դու նշմարում ես վարագույրը..

Միայն նրա ժանգապատ շոշորթը, որի ետևում հետնադռան տարտամ ուրվականն է գծագրվում: Տարիների երկար շարանը խտանում է, և նրանից կազմված մի խլյակ մնում է ոտքիդ տակ և մտքիդ մեջ: Դու սկսում ես պատեպատ զարնվել՝ դուրս գալու համար այդ ներբակված տարածքից, սակայն գնալով ավելի է փոքրանում տարածքը…

Ընկճախտը խեղդում է քեզ…

Դու երբեք չէիր կարող, նույնիսկ մղձավանջի մեջ, երևակայել այդ տարածքի հեղձուցիչ օդը: Տարիներիդ երկայնահանդերձ, հոլովաբան, այլևս կծկված զետեղվածքը ոտքիդ տեղ չի անում: Մի պահի առկայծում ունի լոկ: Միայն մի՜ պահի, մի ակնթարթի, Աստվա՛ծ իմ, մի՜ ակնթարթի…

Նայում ես երկնքին. գուցե այդտեղ մի նեղ սահանք բացվի, որից մի նոր հեռապատկեր տեսանելի դառնա…

Երկնային խաղուն անծայրածիր լույսի մեջ կորցնում ես գծագիրդ և նորեն հայտնվում ես անելանելի նիստիդ վրա: Ուժդ, հնարամտությունդ, ճամարտակությունդ հերիք չեն անում գոնե առեղծվածային ա՜յս ելքի արահետը գտնել՝ դուրս գալու համար սույն նեղվածքից, թեկուզև դժոխք մտնելու պայմանով, բայց դուռը իր կամքն ունի, ի՜ր ինքնամփոփվածությունը:

Անգամ կմախքդ կամաց-կամաց անհամբերությունից վերևանվելով, մաշկից առաջ է անցնում՝ մղվելով դեպի պակուցիչ ելքը: Եվ տակավին օրհասական վիճակդ շարունակվում է, շարունակվո՛ւմ է, շարունակվո՛ւմ է…

2006թ. Երևան, իմ գրադարանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում