Երեխաներին ժամկետանց «խլոպիաներ» են բաժանել

«ՉԻ»-ն ահազանգ էր ստացել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից այն մասին, որ «Պարմա» սուպերմարկետը հունիսի 1-ին՝ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, «խլոպիաներ» է բաժանել երեխաներին, որոնք եղել են ժամկետանց։

Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. ««ՉԻ»-ն փորձեց սուպերմարկետի տնօրինությունից մեկնաբանություններ ստանալ եւ պարզել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք խոսակցություններն իրականությանը։ Մեր հեռախոսազանգին պատասխանեց մի աղջիկ, ով ներկայացավ սուպերմարկետի բրենդ-մենեջեր, անունն էլ՝ Հասմիկ։ «Մենք սրոկից դուրս եկած ապրանք չենք վաճառում, իսկ այդ օրը վաճառք չի եղել, ուղղակի մենք նվերի կարգով ենք տվել։ Այդ տուփերը պատրաստված են Հայաստանում, որպեսզի նվերն ավելի մատչելի լինի երեխաների օգտագործման համար, մենք մեծ տուփերից պատրաստել ենք փոքր տուփեր…»։

Խոսակցությունից րոպեներ անց մենեջերը կրկին զանգահարեց եւ ասաց. «Էսպիսի միտք կա, որ հնարավոր ա, մեր կոնկուրենտներն են նման բան արել։ Եթե ինչ-որ երեխաների տվյալներ կան, որոնք վատ են զգացել, կուզենայինք ունենալ այդ երեխաների տվյալները, որպեսզի այցելենք նրանց»։ Նա հավելեց, որ տնօրենը, որը իր կողքին է, ասում է, որ մենք ուզել ենք լավ բան անել, բայց դուրս է գալիս, որ վատություն ենք արել։ «Ուզում են վատ զգացած երեխաների տվյալներն իմանալ, որովհետեւ չենք ուզում, որ մեր ապրանքի համբավն ընկնի։ Սխալ լուրեր չենք ուզում տարածվի։ Եթե այդ լուրը լուսաբանվի, բայց ապացույցներ չունենաք՝ կդիմենք ուրիշ միջոցների»»,- մեջբերում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում