Ինչի՞ տեր է Սուրեն Խաչատրյանը

Սյունիքի իբր նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատավարձով ապրող անձնավորություն է՝ միջին խավի տիպիկ ներկայացուցիչ։ Ըստ Ս. Խաչատրյանի ներկայացրած հայտարարագրի, նրա մեկ տարվա եկամուտը կազմում է 2.7 մլն դրամ։

Դա նրա մարզպետական աշխատավարձն է՝ ամսական 230 հազար, դրամ։ Նա ոչ մի ավտոմեքենա չունի։ Նա որևէ բանկում պահած փող չունի՛ ոչ մի լումա։ Չունի ոչ մի ընկերության արժեթուղթ, ոչ մի տեղ փայատեր չէ, ոչ մի բիզնես չունի։ Ունի ընդամենը մի փոքրիկ տուն Կապանում, մի տուն, մի շինություն, մի հողամաս Երևանում և ուրիշ ոչինչ։ Անկեղծ, չափազանց անկեղծ և իրականությունը լիովին արտացոլող հայտարարագիր է սա։ Ի դեպ, նույն կերպ է իրականությունն արտացոլում նաև Լիսկայի՝ մարզպետի լիազորությունները թողնելու հայտարարությունը։ Ի հեճուկս իր հրապարակային այդ հայտարարության, որևէ դիմում Սուրեն Խաչատրյանը թերևս չի ներկայացրել։ Խնդիրն այն է, որ մարզպետի հրաժարականի հարցը պետք է քննարկվի կառավարության նիստում, իսկ առաջիկա նիստի՝ երեկ հրապարակված օրակարգում նման հարց չկա։ Եթե Ս. Խաչատրյանը արձակուրդ է գնացել, ապա դա պետք է լինի վարչապետի որոշումներում, ինչը երեկվա դրությամբ նույնպես չկար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում