Շուկայում հայտնվել են առողջության համար վնասակար ձվեր

«Ժամանակ» թերթի խմբագրությունը երեկ անանուն էլեկտրոնային հասցեից լուսանկարներ և նամակ է ստացել այն մասին, որ «Լուսակերտ» և «Արզնի» թռչնաֆաբրիկաներում հիվանդ հավեր են եղել, ինչի հետևանքով նրանք թունավոր ձվեր են ածել: Թերթի տեղեկություններով՝ այս ձվերը վաճառվում են Հայաստանի մի քանի մարզերում և վերջերս հայտնաբերվել են նաև Չարբախի խանութներից մեկում: Այս ձվերը խանութներում հայտնվում են առանց մակնշման և միայն տեղ-տեղ՝ մակնշմամբ:

Սննդի անվտանգության պետական տեսչությունից «Ժամանակ»-ի թղթակցին ասել են, որ նման ահազանգ իրենք դեռ մեկ ամիս առաջ են ստացել, սակայն ստուգել են բոլոր թռչնաֆաբրիկաները և նման դեպք չեն արձանագրել: Նշել են նաև, որ որոշ անկումներ եղել են, սակայն դրանցից ոչ մեկն էլ արտառոց չի եղել:

Սննդի անվտանգության պետական տեսչության լաբորատորիայի աշխատակցուհին թերթի թղթակցին ասել է, որ բոլոր ձվերը չէ, որ նորմալ տեսք են ունենում, և հնարավոր է, որ սրանք նորմալ ձվեր են, այսինքն միայն արտաքինից են տձև, և ուտելու համար պիտանի են. «Հնարավոր է կրագոյացման ժամանակ թույլ օղակ է եղել, մի քիչ պնդացել է ու այդպիսի տեսք է ստացել, պարտադիր չէ էլիպսաձև լինի, իսկ եթե ձուն նեխած է՝ չպետք է օգտագերծել: Մարդու մոտ էլ՝ օրգանիզմում ամեն ինչ հղկված չէ, մի օղակ հնարավոր է դուրս է եկել՝ օդի հետ շփվելով անհարթություն է առաջացել, եթե ձվի մեջի պարունակությունը նորմալ է, ապա արտաքին տեսքը կարևոր չէ»:

Հարցին, թե հնարավո՞ր է ձվի միջուկը չերևացող վնաս պարունակի իր մեջ, այսինքն արտաքին տեսքից նորմալ լինի, իսկ ուտելու դեպքում վնասակար լինի, աշխատակցուհին՝ ով իր անունը չի ցանկացել նշել, պատասխանել է. «Ոչ, հնարավոր չէ, արտաքին տեսքի անոմալիա է պարզապես»։

«Ժամանակի» թղթակիցը զրուցել է նաև բժշկուհի Տաթև Արշակյանի հետ, ով ուսումնասիրելով ստացած լուսանկարն՝ ասել է, որ նման ձու օգտագործելու դեպքում մարդը՝ անկախ տարիքից և սեռից, կարող է ենթարկվել ընդհանուր օրգանիզմի ինտոքսիկացիայի: Այն կարող է ուղեկցվել սրտխառնոցով, գլխապտույտներով և նույնիսկ՝ մարմնի ջերմությամբ: Նրա բնորոշմամբ՝ այս ձուն կարող է արտաքինից այսպես դեֆորմացված լինել, սակայն ջարդելու դեպքում և՛ դեղնուցը, և՛ սպիտակուցը լինեն մնացած ձվերի միջուկների նման, հետևաբար մարդը եթե ուշադրություն չդարձնի ձվի արտաքին տեսքին, ապա ձվի մեջինը հաստատ նրա համար արտառոց չի թվա:

Բժշկուհին խորհուրդ է տվել ձու առնելուց առաջ անպայման ստուգել, որ այն մակնշված լինի և արտառոց տեսք չունենա՝ անցանկալի հետևանքերից՝ աղեստամոքսային խանգարումներից խուսափելու համար: Հարցին, թե բացի ստամոքսային խանգարումներից ուրիշ ինչ հետևանքներ կարող է ունենալ նման ձու օգտագործելը՝ նա պատասխանել է. «Աղիների ախտահարում, անգամ պերիտոնիտ՝ աղիների պարունակությունը լցվում է որովայնի խոռոչ, ինչի հետևանքով կարող է առաջանալ ներքին արյունահոսություններ, որի հետևանքով կարող է զարգանալ անեմիա, անգամ շոկ, բայց այս ամենը ժամանակին չբուժվելու դեպքում՝ նաև գործընթացի ծանրացման հետևանք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում