Կոմիտաս․ Քնարերգություն

Կոմիտաս․ Քնարերգություն

ՃԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ

Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։

ՄԵՆԱՎՈՐ

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եւ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եւ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ՔՈ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. – Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արեւ-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

ՍԵՐ ՈՒ ԲԵՐ

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

ԱՆՄԱՐ ՍԵՐ

Քեզ չսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կրակով հոգին փորել։

– Քեզի սիրել՝
Դրախտ երթալ
Ու վարդերով քնանալ։

ԻԲՐ ԶԱՐԴ

Օրե օր Նորեն նոր
Ճրագ առ, Կրակ տար
Պահե վառ՝ Անսպառ՝
Մտքիդ յար Սրտիդ լար
Լուսատու, Հուսատու։

ԲԱՂՁԱՆՔ

Ձայնիկ ունիմ՝ հայուն-մայուն,
Սրտիդ բունեմ կայուն-մայուն.
Ո՛վ իմ թևիկ,
Տո՛ւր իմ հևիկ
Թռչեմ երթամ…։

ՆՈՃԻՆԵՐՆ ՈՒ ՄԱՅՐԻՆԵՐ

Մուգ նոճիներ միգապար՝
Ճամփի վերև սիգապար՝
Դեպի երկինք հրազայր,
Կանաչ հուսով սրածայր,
Ճյուղերն ի վեր կոնավոր՝
Կարծես լինին տոնավոր։

Կուսատերեւ մայրիներ՝
Հուսաբեղուն այրիներ,
Փշերն աչքին պիշելով՝
Արև օրեր հիշելով,
Քարերի ծոց պատառել
Ամպերի գոգ կատարել։

ՊԱՏՐԱՆՔ

Հոգիս թիթեռ
Մի վայր, մի վեր
Հույս ծովերով թևելով՝
Հոգիս մի բեռ
Անմայր, անսեր,
Լույս հովերով հևելով…։

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

ՓՇՈՒՐ ՄԸ

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։

ՄԱՅՐԻԿԻՍ ՕՐՈՐԸ
(ՀԱՏՎԱԾ)

Դեռ արգանդում՝ մայրիկս ինձ
Վարդ էր բուրում, ոռոգում.
Եվ իր հոգում այգ-արեւով
Գուրգուրում ու նորոգում։
Ծնած օրեն մայր շրթներով
Սեր էր վառում օրորում,
Արեւ-Լուսին հոգվով-մտքով
Նկարում ու բոլորում։
Հայր զարկերով արի-արի
Խոսում էր իմ երակում,
Մայր կաթերով արյուն-արյուն
Հոսում էր ու կերակրում։
«Ես սիրում եմ՝ Հանուր-Տերը
իմ հոգումը գահավոր.
Քեզ սիրում եմ՝ Նորա Սերը
քո ծովումը ջահավոր.
Արև-արև ու անուշակ
երգ ու տաղով զարթելով,
Օրեր-օրեր փունջ մանուշակ
հյուսելով ու բարդելով,
Օրի՜կ օրին,
Իմ անուշին։

Քեզի՛ տեսնեմ, իմ հատորիկ,
կյանքիս ուղին, սիրազեղ,
Հայտ ու անհայտ դու որոնե,
Քեզի լինին իրազեկ։
Մի՛ թափառե կյանքի պարապ
անապատում դու ի զուր,
Քեզ պահապան սուրբ հավատո,
հուսո, սիրո Լույս ու Հուր։
Օրի՜կ օրին,
Իմ անուշին։

Քեզ դնում եմ խորհրդավոր,
առակավոր հույս-աշխարհ,
Ես գնում եմ, իրար գրկենք՝
վեր, փառավոր լույս-աշխարհ.
Ես գնում եմ ու թողնում եմ
երկիրն ու իր հնություն,
Աջն ու խաչը քեզ ապավեն,
Օրորդ հյուսե բնություն։
Օրի՜կ օրին՝
Իմ անուշին»…

ՍԵՐ-ՀՈՎԻԿ

Շնչե՛, հովիկ,
Դու թոթովիկ՝
Կյանքի սերը՝
Սրտի բերը՝
Պարուրելով,
Ծարուրելով՝
Ծովի ալքեն,
Ամպի ծալքեն,
Ալ ծաղկունաց
Հրո հալքեն,
Թող նա վառե՛ իմ ծոցիկին ոսկի լույս,
Հողմահարե՛ դու բոցիկին, որ իմ հույս՝
Լանջիս վրա
Հավետ եռա՛:

ՍԱԼԱՀԱՏԱԿՆ ՈՒ ՈՒՂԻՆ

Սալահատակ-սալահատակ քալեցի,
Սալի վրա կյանք ու ջանքս հալեցի.
Ոսկի, արծաթ սալի սրտում սարերով,
Ծառ ու ծաղիկ սալի շրջում բարերով:
Սալը հեցած եւ ո՛չ մի բան չիմացավ,
Վրան հիմար կյանքի ուղին վիմացավ:

ԱՆՈՒՇ ԳԱՐՈՒՆ

Անուշ գարուն,
Ծաղիկ, բողբոջ,
Զվարթ առուն,
Կայտառ խոխոջ,
Կանաչ դալար,
Ծիծաղ ցողիկ,
Վտակ դալար,
Դուք ու՞ր թողիք։

ՀՈՒՆՁ

Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։

Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։

Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։

Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

ԵՍ ԵՄ

Ես քու սերն եմ,
Սիրուդ ջերն եմ,
Մենավոր.

Ես եմ քո կին,
Դու՝ իմ հոգին
Հենավոր։

Ձայնդ հնչեց սիրո կայծակ շեշտակի,
Հոգիս շնչեց գարուն-փայլակ հեշտակի։

Շունչդ առա կուռ ծոցերով՝
Գրիչ դառա հուր բոցերով։

ԵԼԱՎ ՇԻՆԱԿԱՆ…

Ելավ շինական՝ ցանեց առավ
Բուռը լի ցորեն.
Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։

Աղբյուր՝ Komitas.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում