Պարտքով ապրող ՕԵԿ

Այս տարվա մայիսի 6-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը որոշում է կայացրել «Օրինաց երկիր» կուսակցության դեմ պետական գույքի կառավարման վարչության հայցը վերադարձնելու մասին: Բանն այն է, որ պետգույքի կառավարման վարչությունը դիմել էր դատարան’ պահանջելով պարտավորեցնել ՕԵԿ-ին իրեն վճարել տարածքի վարձակալության համար 5 մլն 336 հզ. 892 դրամ պարտքը:

Այս թեմային ժամանակին անդրադարձել էր նաև «Ժողովուրդ» օրաթերթը: Եվ ահա, մինչև կսկսվեր այս գործի դատավարությունը, ՕԵԿ-ը չխայտառակվելու համար շատ արագ վերադարձրել է ավելի քան 5 մլն դրամի պարտքը: Դատարանն էլ գործը վերադարձրել է:

Բայց սա միակ խայտառակությունը չէ այդ կուսակցության համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ մինչ այս եղել են դեպքեր, երբ դատարանը բավարարել է ՕԵԿ-ի դեմ կրկին պարտքը վերադարձնելու պահանջով ներկայացված հայցերը, օրինակ’ պետգույքի կառավարման վարչության հայցի հիման վրա 2012թ. դատարանը ստիպել է ՕԵԿ-ին վերադարձնել 110 հազար դրամ պարտքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում