«Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը»

«Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը»

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Մեծահամբավ արվեստագետ Ալիսիա Թերզյանը հայրենիքում է

Արգենտինայում մեծ համբավ ունի հայազգի դիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ, Encuentros անսամբլի գեղարվեստական ղեկավար Ալիսիա Թերզյանը: Օրերս նա դիրիժորի կարգավիճակով «Արամ Խաչատրյան» համերգասրահում իր անսամբլի, մեցցո սոպրանո Մարթա Բլանկոյի եւ Նատալյա Մասեր-Տոբիաս Բերտ պարային դուետի մասնակցությամբ ներկայացրեց «Ժամադրություն տանգոյի հետ» շքեղ ծրագիրը:

20-րդ դարի վերջին արգենտինական Բուենոս Այրես քաղաքը դարձավ հայտնի տարբեր երկրներից ժամանած գաղթականներով, ովքեր այստեղ էին եկել ավելի լավ կյանք գտնելու նպատակով: Հենց այդ քաղաքում տարբեր մշակույթների համադրումից ստեղծվեց նոր պար՝ տանգոն: Գաղթականների թվում էր Թերզյան ընտանիքը, որի դուստրը՝ Ալիսիան, ծնվել էր Թուրքիայի Գորտոպա քաղաքում, 1934թ.: (Տարիներ անց՝ 1948թ. ընտանիքը տեղափոխվում է Բուենոս Այրես): Ինչպես երաժշտագետ Ցիցիլիա Բրուտյանն է գրում իր «Սփյուռքի հայ երաժիշտները» աշխատության մեջ՝ «Ալիսիան երաժշտական կրթություն ստացավ Բուենոս Այրեսի ազգային կոնսերվատորիայում, որպես դաշնակահար, երաժշտագետ, դիրիժոր եւ կոմպոզիտոր ուսանելով անվանի պրոֆեսորների դասարաններում: Իսպանացի նշանավոր կոմպոզիտոր Ալբերտո Հինասթերայից 21 տարի հետո նրա սանը՝ Ալիսիան, արժանանում է «Երգահանության առաջին մրցանակին»: Հետագայում բազմաժանր կոմպոզիտորի ստեղծագործություններում պարզ է դառնում, որ նա իր ստեղծագործություններում ելնում է ազգային երաժշտության ակունքներից եւ այդ ազգայինը նրա համար հարավամերիկյան ժողովուրդների երաժշտությունն էր… Իր երաժշտական խորությամբ ու տրամադրությունների նրբությամբ, երաժշտական մտքի տրամաբանական զարգացմամբ Թերզյանը հայ երաժշտության մշակութային հիմքերի ցայտուն առկայությամբ թեւակոխում է հայ ազգային մթնոլորտը եւ իրավունք ստանում իր «հաջողությունների գաղտնիքը» հայկական ոգուն վերագրելու: Նա իր երաժշտատեսական ուսումնասիրությունների մեջ անդրադարձել է հայկական երաժշտության ուսումնասիրությանը, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում ուսումնասիրել է հայ միջնադարյան, հոգեւոր երգարվեստը: Նաեւ Արգենտինայի հայ գաղութի նորաստեղծ «Հայ երաժշտական գործադրություն» ընկերության հիմնադիր անդամներից է»:

Առաջին անգամ Ալիսիա Թերզյանի երկերին հայաստանցի հանդիսատեսը ծանոթացել է 1970թ.: Այս եւ հետագա հյուրախաղային այցելությունները Հայաստան, սիրով է հիշում տիկին Թերզյանը: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետն ասաց, որ հենց 1970-ին է ծանոթացել հայ կոմպոզիտորական դպրոցի անվանի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի եւ մյուսների, ինչին հաջորդել է նշյալ կոմպոզիտորների առաջին այցը Արգենտինա: Տիկին Թերզյանը հիշեց նաեւ տասնամյակներ առաջ իր առաջին ծանոթությունը թավջութակահար Մեդեա Աբրահամյանի, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի, ջութակահար Ռուբեն Ահարոնյանի, երգիչներ Ռաիսա Մկրտչյանի, Ռուբեն Մաթեւոսյանի հետ: Արգենտինայում հաստատված հայ առաջին սերնդի ներկայացուցիչը մանրամասն ներկայացրեց եղեռնից փրկված իր «մեծ ծնողների» մասին, հետո սահուն անցում կատարեց՝ փաստելով, որ երբ առաջին անգամ Արգենտինա ժամանած Արամ Խաչատրյանին ներկայացրել են նրա հայրենակցի ստեղծագործությունները, անվանի կոմպոզիտորն ասել է՝ «Հրաշալի է… Արգենտինայի հայ զավակ է, ես չեմ զարմանում»:

Ալիսիա Թերզյանը հավաստիացրեց, որ Խաչատրյանի գնահատականից հետո հաջողությունը կարծես իր ուղեկիցն է դարձել. մասնակցել է հեղինակավոր փառատոների, համագործակցել անվանի դիրիժորների, մենակատարների հետ եւ այդ հաջողությունը ուղեկցում է մինչ օրս: Օրինակ՝ օգոստոսին Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Լանդեի ղեկավարած նվագախմբի ընկերակցությամբ ծնունդով իտալացի, արգենտինաբնակ ճանաչված ջութակահար Ռաֆայել Գինտոլին ձայնագրելու է հայազգի կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ քանի որ այս տարին իր համար հոբելյանական է, ակնկալիք ունի՞ Հայաստանի կառավարությունից, տիկին Թերզյանը ժպիտով ասաց, որ ինքը դեռ 84 տարեկան է, հուլիսի 1-ին նոր կդառնա 85 եւ մեծ ակնածանքով խոսեց արդեն 40 տարի գործող իր հիմնած Encuentros անսամբլի մասին, որը շրջագայել է ողջ աշխարհով: Պարգեւների ու մրցանակների պակաս չունեցող արվեստագետը առանձնացրեց 1988 թվականին Վազգեն Առաջինի կողմից իրեն շնորհված «Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանը: Հավելեց, թե իր համար ամենամեծ կոչումը «հայ ըլլալն է»: Հարցին՝ ըստ մեր տեղեկությունների՝ այսօր էլ Արգենտինայի մշակույթի նախարարը հաշվի է նստում իր կարծիքի հետ, տիկին Թերզյանը չի՞ գտնում, որ ընդհանրապես քաղաքականության մեջ պետք է ավելի շատ մշակույթի գործիչներ լինեն, մեր զրուցակիցը հաստատեց, որ իսկապես մշակույթի նախարարը հաշվի է առնում իր կարծիքը, իսկ ինչ վերաբերում է քաղաքականությանը, այդ ոլորտում հնարավորինս շատ պետք է նախապատվություն տալ արվեստագետներին:

Անդրադառնալով տանգոյին, Ալիսիա Թերզյանը հաստատելով, որ ժանրը առաջացել է Արգենտինա ժամանած գաղթականների տարբեր մշակույթների համադրումից, ընդամենն ասաց. «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ.Գ.

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Ժամադրություն տանգոյի հետ» ծրագիրը կներկայացնի նաեւ ապրիլի 18-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում