Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին
Նմանատիպ
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս Այրեսի (Արգենտինա) մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին:
ՀԲԸՄ անդամ, Մայր Աթոռի բարերար Ռուբեն Քեշիշյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտագնացությանը մասնակից հայուհիներին և խմբին միացած արգենտինացիներին` ուրախություն հայտնելով Հայաստանում գտնվելու առիթով:
Այնուհետև ներկաներին իր հայրական օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Հայրապետը` գուհանակությամբ վերհիշելով Արգենտինա կատարած իր հովվապետական այցելությունները և արձանագրելով արգենտինահայ համայնքի կազմակերպվածությունը և հայ կյանքի ու ազգային արժեքների պահպանման գործում դրսևորած նախանձախնդրությունը:
Այցի առիթով Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը հայտնեց Բուենոս Այրեսի ՀԲԸՄ կենտրոնական մասնաճյուղի անդամներին` ընդգծելով, որ ՀԲԸՄ անուրանալի դերակատարություն ունի ինչպես արգենտինահայության կյանքում, այնպես և համայն ազգային կյանքում:
Հանդիպմանը Նորին Սրբությունը հետաքրքրվեց նաև համայնքի կյանքով, հայկական վարժարանների գործունեությամբ և գաղութի առջև ծառացած զանազան խնդիրներով:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավոր հայորդիներին մաղթեց Աստծո զորկացությունն ու պահպանությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում