Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը
Նմանատիպ
Խաչելությունից առաջ Հիսուս Քրիստոսի վերջին զատկական ընթրիքը կոչվում է Խորհրդավոր: Այն անվանվում է նաև Վերջին ընթրիք: Հրեական բաղարջակերաց տոնի օրը Հիսուս Քրիստոս Իր տասներկու առաքյալների հետ սեղան է նստում Վերնատանը: Չորս ավետարանները, միմյանց լրացնելով, պատմում են Խորհրդավոր ընթրիքի մասին (Մատթեոս 26:17-30; Մարկոս 14: 12-25; Ղուկաս 22:7-23; Հովհաննես 13:21-30): Այս մասին հիշատակում է նաև Պողոս առաքյալը (Ա Կորնթացիներ 11:17-34): Հրեական Զատիկը հիշատակումն էր հրեա ժողովրդի՝ եգիպտական գերությունից ազատվելու: Այս տոնին հրեա ամեն մի ընտանիքում ճաշակում էին բաղարջ և կատարում գառան զոհաբերություն (Ելք 12:1-28):
Աշակերտները, համաձայն Հիսուսի պատվերի, պատրաստեցին զատկական ընթրիքը, որի ընթացքում Քրիստոս լվաց Իր աշակերտների ոտքերը, պատվիրաններ տվեց, ապա մարգարեացավ Հուդայի մատնության մասին և հաստատեց Ս. Հաղորդության խորհուրդը: Մատթեոս ավետարանիչը գրում է. «Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն Ինձ մատնելու է»: Եվ նրանք խիստ տխրեցին: Նրանցից յուրաքանչյուրն սկսեց ասել Նրան. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»: Նա պատասխան տվեց և ասաց. «Ով իր ձեռքն Ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա է Ինձ մատնելու: Մարդու Որդին կգնա այս աշխարհից, ինչպես Նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի Մարդու Որդին: Ավելի լավ կլիներ նրա համար, եթե այդ մարդը ծնված չլիներ»: Հուդան, որ մատնելու էր Նրան, պատասխանեց ու ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ դու ասացիր» (Մատթեոս 26:21-25):
Մեր Տերը վերցրեց հացը, օրհնեց, կիսեց և տալով աշակերտներին՝ ասաց. «Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը», այնուհետև գինու բաժակը տալով՝ ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար իրենց մեղքերի թողության համար»: Հիսուս և Իր աշակերտները, չխախտելով Մովսիսական օրենքը, նույնպես նշեցին Զատիկը, սակայն, հակառակ հրեական արտաքին ծեսի, կատարվեց հոգևոր զոհաբերություն: Աստծո Որդին՝ Գառն Աստծո, առաքյալներին բաժանելով ճաշակելիք հացն ու գինին, խորհրդաբանորեն դրանք ներկայացրեց որպես Իր Անձի զոհաբերություն՝ հացը և գինին վերածելով Իր Մարմնի և Արյան:
Քրիստոնեական արվեստում «Վերջին ընթրիքի» պատկերները պահպանվել են 5-րդ դարից: Հայկական արվեստում այն հայտնի է 11-րդ դարի պատկերազարդ Ավետարաններից («Մուղնիի Ավետարան», ՄՄ № 7736, 1038 թվականի Ավետարան, ՄՄ № 6201 և այլն):
«Խորհրդավոր ընթրիք» գեղարվեստական կոմպոզիցիան կազմվում է հետևյալ կերպ. սեղանի ձախ մասում, որը ամենապատվավոր տեղն էր համարվում, պատկերվում է Հիսուս՝ աշակերտներով շրջապատված, աջում՝ Պետրոս առաքյալը, Հիսուսից ձախ՝ Հովհաննեսը: Մյուս առաքյալները նստած են սեղանի ետնամասում: Տեսարանն ըստ երևույթին պատկերում է այն պահը, երբ Հիսուսը հայտնում է, թե Իրեն մատնել են, քանի որ առաքյալների կեցվածքը շփոթմունք է արտահայտում, նրանց դեմքերին կարելի է կարդալ այն հոգեկան ապրումները, որ կարող են առաջ գալ նման հանգամանքներում՝ զարմանք, վարանում, կասկած և այլն: Սեղանի վրա պատկերվում են պնակներով հաց, գինու սկահակներ, զատկական գառը, նաև ձկներ, քանի որ ձուկը Քրիստոսի և քրիստոնեության խորհրդանիշն էր առաջին դարերում: Առաջին քրիստոնյաները ձկան նշան էին կրում՝ այն դրոշմելով իրենց հավաքատեղիներում, որովհետև հունարեն ձուկ՝ «իխտիս» բառը իր տառերով կազմում էր հետևյալ ակրոստիքոսը. Հիսուս Քրիստոս Աստծո Որդի Փրկիչ: Եվ ինչպես Լ. Ուսպենսկին է գրում. «Ձուկը երբեք չի կիրառվում Հաղորդության խորհրդի ժամանակ: Նա միայն ցույց է տալիս հացի և գինու նշանակությունը»: Խորհրդավոր ընթրիքի սեղանին պատկերվում է դառը մի բուսատեսակ, որը հիշեցնում է եգիպտական գերությունը: Սեղանին պատկերվում է նաև երկու դանակներ հետևյալ՝ «Տե՛ր, ահավասիկ այստեղ երկու սուր կա» (Ղուկաս 22:38) խոսքի հետևողությամբ:
Տեսարանի պատկերագրության մեջ ընթրիքի սեղանը կամ էլիպսաձև է, կամ ուղղագիծ կիսաշրջանաձև, կամ էլ ուղղանկյուն: Հանդիպում են նաև նշված սեղանաձևերի այլ տարբերակներ պատկերազարդ և ոճական մշակման յուրահատուկ դրսևորումներով: Վերածնության շրջանից սեղանն ուղղանկյուն պատկերվեց, քանի որ վերածնության վարպետները ցանկանում էին դիմագծերի միջոցով ներկայացնել առաքյալներից յուրաքանչյուրի հոգեվիճակը, իսկ կլոր սեղանների դեպքում բոլորը չէ, որ դիտողին դիմահայաց են:
Միջնադարյան նկարիչները, ստեղծելով այս թեմայի պատկերագրությունը, շեշտադրում էին հետևյալ խորհրդանիշ պատկերները՝ ճարտարապետական կառույցը, աստղազարդ երկինքը, սեղանը: Կերպարների մեջ առանձնանում են Քրիստոս, Հովհաննեսը, Պետրոսը, Հուդան:
Վերնատունը երբեմն պատկերվում է եկեղեցու տեսքով. սեղանը դառնում է եկեղեցու բեմ, որտեղ մատուցվում է Պատարագ: Հայկական մի շարք մանրանկարներում դա առավել շեշտվում է կամարաձև խորաններով, որոնց ներքո Պատարագի սեղանն է: Հիսուս հաճախ ներկայացվում է քահանայական հանդերձներով՝ որպես պատարագիչ քահանա: Վերնատան պատկերներում իրենց արտացոլումն են գտել նաև հայկական ճարտարապետության տվյալ ժամանակին բնորոշ ձևերը: Օրինակ՝ 1038թ-ի ավետարանում մանրանկարի երկու խորանները, ինչպես գրում է Տատյանա Իզմայլովան, հիշեցնում են նույն այս շրջանում կառուցված Սանահինի վանքի կամարները, իսկ լուսավորությունը կատարվում է հայկական ավանդական կանթեղների միջոցով:
Համաձայն Հովհաննեսի ավետարանի (Հովհաննես 13:21-26)՝ սեղանի շուրջ Հիսուսին բոլորից մոտ նստած են Հովհաննես ավետարանիչը, Պետրոս առաքյալը և Հուդան: Ըստ Մատթեոս և Մարկոս ավետարանիչների՝ Հիսուս ասում է. «Ում ձեռքն Իր ձեռքի հետ ափսեում է, նա էլ մատնելու է Նրան», իսկ ըստ Հովհաննեսի՝ Հիսուս ասում է, թե՝ «Ում Ես կտամ թաթախյալ կտորը, նա էլ կմատնի Ինձ»: Այն նկարիչները, ովքեր հետևում են Մատթեոս և Մարկոս ավետարանիչներին, Հուդային ներկայացնում են ձեռքը դեպի ափսեն պարզած, իսկ ովքեր Հովհաննեսին՝ Հիսուսից պատառն ընդունելու պահը: Զաքարիա Ձագեցին, անդրադառնալով այն հարցին, թե Հիսուս ինչո՞ւ պատառը թաթախեց և նոր տվեց Հուդային, գրում է, որ պատառը թրջելով ջրի մեջ՝ նրա վրայից ջնջեց այն օրհնությունը, որով այս հացը բաշխվելու էր որպես հաղորդություն: 12-րդ դարի կիլիկյան մեկնիչ Բարսեղ Մաշկևորցին այն հարցին, թե եթե Քրիստոս գիտեր, որ Հուդան մատնելու է Իրեն, ինչո՞ւ թույլ տվեց, որ նա մասնակցի այս ընթրիքին, պատասխանում է, որ հացակից դառնալով՝ հաց կիսելով միմյանց հետ՝ մարդիկ սիրով են լցվում իրար հանդեպ, որ սեղանի շուրջ անգամ թշնամությունն է վերանում, և գազաններն իսկ ընտանի են դառնում, երբ նրանց կերակրում են, ուստի Հիսուս ջանում է մեղմացնել Հուդայի՝ որպես մի չար գազանի սիրտը և նրան փրկել կորստյան մատնվելուց: Շարունակելով խոսքը՝ ասում է, որ Քրիստոս, ճիշտ է, թեև գիտեր, որ Հուդան ետ չի դառնա իր ճանապարհից, սակայն նրան Վերջին ընթրիքին և Ոտնլվային մասնակից դարձնելով մեզ սովորեցրեց, որ մինչև վերջ պետք է աշխատենք փրկել մեղքի մեջ ընկածին: Բարսեղ Շնորհալին նաև ասում է, թե անվանապես Հուդայի անունը չի տալիս՝ նրան ընձեռելով ապաշխարության և դարձի հնարավորություն:
Երբեմն Հուդայի ձեռքը սև է պատկերվում: Հուդան առաջին հերթին ճանաչվում է ձեռքի քսակով: Վերջինիս կերպարանքը, որ միշտ պատկերվել է կիսադեմ, մեկ աչքով և կիսված դեմքով, հաճախ առանց լուսապսակի կամ կես լուսապսակով, ագահության կնիք ունի դեմքին և հանցագործի տիպն է մարմնավորում: Հովհաննես ավետարանիչը նաև ասում է, թե մատնության պահին սատանան մտավ Հուդայի մեջ: Այս խոսքերի հետևողությամբ՝ արևմտաեվրոպական արվեստում Հուդայի թիկունքում երբեմն սատանան է, որ սապատավոր քթով ու այծի մորուքով է ներկայացվում: Մյուս առաքյալներից տարբերվելու համար Հուդան նաև ներկայացվում է մեկուսի, սեղանի հակառակ կողմում կամ էլ սև, մուգ ու խամրած շրջանակով: Հուդան նկարներում ներկայացվում է ագահաբար ձուկ (Քրիստոսի խորհրդանշանը) վերցնելիս: Հուդայի այդ շարժումը կարելի է ընդունել որպես Ուսուցչին մատնելու վերջնական որոշում:
Հուդան խորհրդանշում է այս աշխարհի մեղքի և մահվան գաղափարը: Այդ է պատճառը, որ մանրանկարներում պատկերվող երկինքն արտացոլում է այն խավարածին իրականությունը, որը չընդունեց Աստծո ուղարկած Լույսը՝ Հիսուս Քրիստոսին: Հովհաննես ավետարանչի «Եվ գիշեր էր..» (Հովհաննես 13:30) խոսքի հետևողությամբ՝ Խորհրդավոր ընթրիքի տեսարանում հաճախ պատկերվում է մոմ կամ վերևից կախված կանթեղ՝ խորհրդանշելով, որ այս ընթրիքը կատարվեց երեկոյան:
Խորհրդավոր ընթրիքի նկարներում սովորաբար պատկերվում է այն պահը, երբ Հիսուս ասում է, թե ներկաներից մեկը մատնելու է Իրեն, Հիսուսի սիրելի աշակերտը՝ Հովհաննեսը, Տիրոջ կրծքովն է ընկնում ու ասում Նրան. «Տեր, ո՞վ է»: Ինչպես Մատթեոս ավետարանիչն է գրում, աշակերտները շփոթահար իրար են նայում՝ ասելով. «Մի՞թե ես եմ, Տեր»: Պատկերներում Հիսուսի հայացքը հաճախ ուղղված է հենց Իր սիրելի աշակերտին՝ Հովհաննեսին: Նա առաքյալներից ամենաերիտասարդն է և մյուս առաքյալներից առանձնանում է երիտասարդ և անմորուս լինելով: Հովհաննեսի կողքին Պետրոս առաքյալն է՝ իրեն բնորոշ դեմքի արտահայտությամբ: Թեև, ըստ ավետարանիչների նկարագրության, նա Հիսուսի մոտ է նստած՝ Հովհաննեսի կողքին, սակայն, հաճախ պատկերվում է սեղանի եզրին նստած, երբեմն մեկուսի և այնտեղից նայում է Հիսուսին: Խորհրդավոր ընթրիքին հաջորդեց մատնությունը, իսկ մատնությանն էլ՝ Պետրոսի ուրացումը: Առաքյալի հայացքը լի է մտահոգությամբ ու տագնապով. նրա այս հայացքում ասես արտացոլվել է նրա ուրացումն ու հրաժարումը, համաձայն Տիրոջ այն խոսքերի, թե՝ «Մինչ աքաղաղի կանչելը՝ երեք անգամ պետք է ուրանաս Ինձ» (Մատթեոս 26:34; Մարկոս 14:30; Ղուկաս 22:34; Հովհաննես 13:38): Այս խոսքերի հետևողությամբ, վերնատան վերևում երբեմն պատկերվում են այդ ուրացումը խորհրդանշող աքաղաղներ (Մուղնիի Ավետարան, 11-րդ դար): Պետրոսը մյուս առաքյալներից տարբերվում է նաև ձկնորսներին բնորոշ կարմիր դեմքով, քանի որ մինչ Հիսուսի կողմից առաքելության կոչվելը, նա ձկնորսությամբ էր զբաղվում:
Վերածնության շրջանում, սակայն, նկարիչներն իրենց առջև խնդիր են դնում նոր շրջանի մտածողությանը բնորոշ ձևով՝ անհատապես ներկայացնել առաքյալներից յուրաքանչյուրին, քանի որ վերածննդի արվեստի հիմքում մարդկային անհատականությունն ու զգացմունքներն են ընկած: Նաև այս պատճառով է, որ այդ շրջանում այնքան շատ են դիմել Խորհրդավոր ընթրիքի պատկերմանը: «Խորհրդավոր ընթրիքը» պատկերը ստեղծագործական յուրօրինակ զարգացում ապրելով՝ իր բարձրակետին հասավ Լեոնարդո Դա Վինչիի Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի միաբանական սեղանատան պատին կատարված որմնանկարում (1497թ.): Այս հանճարեղ նկարն իրենից ներկայացնում է մարդկային զգացմունքների հավաքական մի արտահայտություն՝ ամենաբազմազան դրսևորումներով, որոնք, սակայն, բոլորն էլ հակազդեցություն են մատնությանը և դավաճանությանը, որն արտահայտվում է շարժումների և հատկապես՝ ձեռքերի շարժումների միջոցով: Գյոթեն գրում է, որ նման նկար միայն իտալացին կարող էր ստեղծել, քանի որ իտալացիների մոտ է առանձնակի կատարելության հասել ձեռքերի լեզուն, որով առանց խոսքերի տարբեր մտքեր և կապակցություններ են արտահայտվում:
Լեոնարդոն պատկերել է ուղղանկյունաձև, երկար սեղան, որի առջև նստած են առաքյալները, իսկ կենտրոնում Քրիստոսն է: Տերը նոր է ասել. «Ձեզանից մեկը մատնելու է Ինձ» և այս խոսքերն ասես խոցել են առաքյալների հոգիները՝ արտացոլվելով նրանց շարժումներում: Հուդան պատկերված է ետ քաշված՝ ձեռքում պինդ պահած մատնության վարձը խորհրդանշող քսակը: Առաքյալների դեմքերը լուսավորված են՝ բացառությամբ Հուդայի: Նրա դեմքը պատկերված է խավարի մեջ, ինչպես որ միջնադարում խավարի մեջ էր ներկայացվում նրա առաջ պարզած ձեռքը: Նա թեև Հիսուսի մոտ է, սակայն ետ քաշվելուց թեքված հայացքը նրան առանձնացնում է Հիսուսից: Առաքյալները սեղանի շուրջ խմբված են եռյակներով և թվում է, թե չորս ալիք է ծփում սեղանի երկու կողմերից՝ գալով դեպի Հիսուս: Մատթեոս ավետարանիչը գրում է, որ լսելով մատնության մասին Հիսուսի խոսքերը, առաքյալներից յուրաքանչյուրը հարցրեց. «Մի՞թե ես եմ, Տեր»: Քրիստոսի ձախ կողմում Հովհաննես առաքյալն է: Ի տարբերություն միջնադարյան ավանդույթի՝ նա պատկերված է ոչ թե Տիրոջ կրծքին ընկած, այլ իրեն բնորոշ հուզականությամբ՝ Հիսուսի խոսքերից խորապես ցնցված, ետ ընկած դիրքով, վշտից քարացած: Պետրոսը սեղանին հենված ձեռքում նաև մի դանակ է պահել, որի կոթն ուղղված է Հուդայի թիկունքին: Այս դանակը մի կողմից ցույց է տալիս, որ նա իմացել է, թե ով է մատնիչը և մյուս կողմից խորհրդանշում է այն դանակը, որով առաքյալն այնուհետև կտրելու էր Մաղքոս հարյուրապետի ականջը: Հիսուսի ասված խոսքերին բոլորից ուժեղ արձագանքում են Պետրոսն ու Հովհաննեսը. առաջինը բանականությամբ մնացյալին կոչ է անում հակազդեցության, իսկ երկրորդն, իրեն բնորոշ զգացմունքայնությամբ, քարացել է վշտից: Միաժամանակ, ինչպես նշում են արվեստի տեսաբանները, Լեոնարդոն նաև որսացել և պատկերել է այն պահը, երբ Հիսուսի խոսքերի առաջ բերած հուզումը, բացի Պետրոսից և Հովհաննեսից, մյուս առաքյալների դեպքում գումարվում է նաև մարդկային մտահոգությունն իրենց իսկ համար, թե իրենք ինչ են անելու և արդյոք իրենց էլ վտանգ չի սպառնում:
Համաձայն ավանդության՝ Լեոնարդոն այս կտավի վրա աշխատել է տասնվեց տարի: Այնուամենայնիվ չի հասցրել ավարտել այն: Վերջին վրձնահարվածներով չեն ամբողջացվել Հիսուսի և Հուդայի պատկերները, քանի որ նկարիչն այդպես էլ չի կարողացել գեղարվեստի լեզվով լիովին ներկայացնել աստվածային անհուն սիրո և մարդկային հնարավոր ստորության իր ընկալումը: Արդի արվեստագիտության մեջ վիճարկվում է այս տեսակետը: Այն միտքն է հայտնվում, որ այս անավարտվածությամբ է հենց արտահայտվում այս պատկերի ավարտվածությունը: Եթե միջնադարյան պատկերագրությունում Հիսուս ներկայացվում է օրհնությամբ Հաղորդության խորհուրդը հաստատելիս, ապա այստեղ հոգնությամբ նստած Ուսուցիչն է, որի երկրային առաքելությունը մոտեցել է ավարտին: Խորհրդավոր ընթրիքին այդ գիշեր հաջորդելու էր մատնությունը, և միջնադարից մինչև վերածնության վարպետները Խորհրդավոր ընթրիքի սեղանի առջև տարբեր նկարիչներ տարբեր կողմերում, բայց միշտ կենտրոնական դիրքում պատկերել են Հիսուսին, ում տխուր և կենտրոնացած հայացքում արտացոլվել է Գեթսեմանիի ձորակով սկսվող խաչի ճանապարհը և Իրեն վերապահված դառնության բաժակը:
«Խորհրդավոր ընթրիքը» ոչ միայն մանրանկարչության, այլև որմնանկարչության ու գեղանկարչության մեջ առավել տարածված պատկերներից է:
Կազմեց Գայանե Սուգիկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում