Սոս Գիմիշյան. Իշխանությունը չի սիրում փոփոխություն, բայց ստիպված է լինելու գնալ դրան

«Կրիմինալը մեղավոր չէ, առաջին մեղավորը իշխանությունն է»,-Aravot.am-ի փոխանցմամբ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված միջադեպը՝  կարծիք  է հայտնել  «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Հարցին, թե այս պահին արդյոք ՀՀ իշխանությունների արձագանքը համարժե՞ք է կատարվածին: Ս. Գիմիշյանը պատասխանել է. «Չեմ ուզում դեռ գնահատական տալ, քանի որ կարևորը արդյունքն է: Կլինի քրեորեն հետապնդելի արարքի նկատմամբ քրեական օրենսգրքի համապատասխան կիրառում, կասենք լավ, եթե չի լինի, ուրեմն կասենք նույնն է: Սակայն մինչև հիմա վիճակը հուսադրող չէ: Քանի որ այս դեպքերը հաճախակի ու ակնհայտ են դարձել,սա մեղմ ասած լավ չի խոսում իշխանության մասին»:

 Գիմիշյանը նշել է, որ արժե գոնե մեկ անգամ սյունեցիներին մի մեծ ուրախություն պարգևել ու խնդիրը լուծել և շարունակել. «ՀՀԿ-ի շարքերում բազում մարզպետների թեկնածուներ կան, և ՀՀԿ-ն կարող է հանգիստ մեկին, որ չարություն է արել, փոխել, քանի որ նույն որակի բազում կադրեր ունի: Հաճախ մենք նշանակովի մարդկանց ենք մեղադրում, բայց ինքը համակարգն է թելադրում, թե պաշտոնյան ինչպես պիտի գործի: Դեռ չեմ տեսնում քաղաքական վճիռ իշխանությունների կողմից, որ երկրում իրավիճակ ու գործելակերպ փոխվի»:

Մեկ այլ աղբյուր’ Aysor.am-ը գրում է, որ Գիմիշյանի խոսքով’ իշխանությունը չի սիրում փոփոխություն, բայց նա ստիպված է լինելու գնալ փոփոխությունների, եթե ուշացնի, բոլորի համար ծանր հետևանքներ կունենա:

Նա նաև նշել է, որ ՀՀԿ-ն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նման կադրեր շատ ունի, որոնք կարող են փոխարինել իրեն այդ պաշտոնում, սակայն դեռևս քաղաքական վճիռ չի տեսնում:

«Երկրում պետք է իրավիճակ փոխվի, նման մարզպետ կլինի, բայց գոնե ժողովուրդը կուրախանա, որ մեկը պատժվեց: Մեր իշխանությունները միայն անձնական խնդիրներ են լուծում, իսկ երկրում ծանրագույն վիճակ է, և ՀՀԿ-ի ասած կայունությունը պետք է խախտվի»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում