Համաշխարհային բանկի պատվիրակությունը հյուրընկալվել է Տարածքային կառավարման նախարարությունում
Նմանատիպ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՏԿՆ մամուլի ծառայությունից:
Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրել են, որ Երկրի աջակցության նոր ռազմավարության շրջանակում առաջարկվում է սկսել նոր ծրագիր, որն ուղղված է լինելու տարածքների զարգացմանը:
Ծրագրի նպատակն է նպաստել մարզերում և համայնքներում տնտեսական նոր հնարավորությունների, աշխատատեղերի ստեղծմանը, տարածքները գրավիչ դարձնել մասնավոր ներդրումների ներգրավման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար:
Առաջիկայում հայկական կողմի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել մարզերի տնտեսական հնարավորությունների ուսումնասիրություն, որից հետո կներկայացվի գործողությունների պլան: Զուգահեռ կուսումնասիրվեն նաև մարզերում զբոսաշրջային զարգացման հնարավորությունները:
Գևորգյանը նշել է, որ նախաձեռնությունը միանգամայն համահունչ է Հայաստանի կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը և առաջիկայում նախատեսվող բարեփոխումների համատեքստում է:
Նա տեղեկացրել է, որ Տարածքային կառավարման նախարարությունը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել նախապատրաստական աշխատանքներին և կարևորեց դրանք սեղմ ժամկետներում իրականացնելու հանգամանքը: Կողմերը քննարկել են նաև ծրագրի իրագործման ժամկետների, առաջընթացն ապահովող հնարավոր տարածքների և բնակավայրերի ընտրության, ինչպես նաև իրականացման մեխանիզմների հետ կապված հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում