«Ռեմբո-5»-ի նկարահանումները` Սյունիքի մարզում

Դատելով իշխանությունների պահվածքից՝ Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո նրանք ամենևին էլ մտադիր չեն պատժել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նույնիսկ չեն բարձրացնում նրա պաշտոնանկության հարցը: Համենայնդեպս, երեկ հրապարակվել է կառավարության’ այսօր կայանալիք նիստի օրակարգը, որտեղ չկա Ս. Խաչատրյանին պաշտոնանկ անելու հարցը:

Դատելով իրադարձություններից՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ չի փորձի կառավարության նիստում անձամբ բարձրացնել Սյունիքի մարզպետի պաշտոնանկության հարցը, թեև դա հենց իր իրավասության շրջանակներում է գտնվում: Իշխանությունը սկսեց անթաքույց սատարել Ս.Խաչատրյանին այն բանից հետո, երբ սպանված Ավետիք Բուդաղյանի՝ Ռուսաստանում բնակվող մեծահարուստ եղբայրը հայտարարեց, թե չի ներելու եղբորը սպանողներին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բուդաղյան եղբորը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է անձամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ փորձելով համոզել արյունն արյամբ մաքրելու ճանապարհ չընտրել: Սակայն Բուդաղյանների թասիբը պաշտպանելու համար 7 տասնյակից ավելի տղամարդիկ ոտքի են ելել: …Ինչևէ, Վլ. Գասպարյանը, ըստ տեղեկությունների, բավական լուրջ զրույց է ունեցել ռուսաստանաբնակ Բուդաղյանի հետ, որը ոստիկանապետին խնդրել է չխառնվել իրենց հարցերին՝ «սա մեր բազարն է» պատճառաբանությամբ։

Թերթի տեղեկություններով՝ «արցախյան ազատամարտի ճանապարհով անցած Բուդաղյանների ռուսաստանաբնակ եղբայրը հանդիպել է իրենց ազատամարտիկ գրեթե բոլոր ընկերներին, որոնք պատրաստակամություն են հայտնել անձամբ վնասազերծել Սյունիքի մարզպետին՝ վերջ տալու համար այս «բեսպրեդելին»։ 7 տասնյակից ավելի տղամարդիկ միմյանց «տղավարի» խոստացել են, որ անգամ զենք կվերցնեն ու կլինեն կրակողներից մեկը՝ «Եթե պիտի դատեն, թող 70-80 մարդու միաժամանակ դատեն» հիմնավորմամբ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում