Ռազմիկ Դավոյան․ «ՄԻԱՅՆ ԱՅՆ»
29/04/2019 19:17
Նմանատիպ
Օ՜, լեռների վեհություն,
օ՜, պարզություն ջրերի,
հովիտների մեղմություն,
անմահություն գրերի,
Օ՜, լռություն ինքնասույզ,
ոգու թռի՜չք, մտքի թու՜յն,
արդարության վերջին հույս,
վերջին հույսի անգին գույն.-
դուք ինձ տվեք այն միայն,
որ կոչվում է Միայն Այն:
Միայն մեկը՝ ցանկալին,
ճշմարիտը, միայն մեկ,
այն, որ գրվում է քարին՝
որպես կյանքի հիմնը մերկ:
Բայց երբ թեթեւ ու հոռի
ինչ-որ բան են նետում ինձ՝
ինչ-որ մի բան ԻՆՉ-ՈՐԻՑ-
արդարությունը նման,
ճշմարտությանը նման.-
ինչ-որ բան է դուրս գալիս
խարդախությանը նման:
Ես նման բան չեմ ուզում.
դուք ինձ տվեք այն միայն,
որ կոչվում է ՄԻԱՅՆ ԱՅՆ: