Արցախցիների ճակատագիրն ու խաղաղության արժեքը՝ «Վերադարձ»-ում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Արցախյան առօրյան, մարդկային ոգու վեհությունը և հայրենիքում արարելու ձգտման մասին պատմող «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ «Մոսկվա» կինոթատրոնում։
Ֆիլմի սցենարը գրել է ռուս հեռուստալրագրող Սվետլանա Կուլչիցկայան՝ այն ժամանակ ՀՀ նախագահի, այսօր՝ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվերով:
90-ականների պատերազմը վերապրած մարդկանց, նրանց երեխաների ու թոռների ճակատագրերը ներկայացնելու միջոցով ֆիլմը լիարժեք պատկերում է Արցախի ներկայիս կյանքը:
Մինչ ֆիլմի շնորհանդեսը՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Արմինե Ադիբեկյանը անդրադարձ կատարեց ֆիլմի ստեղծման պատմությանը։
«1992-1994 թթ. պատերազմի տարիներին Սվետլանա Կուլչիցկայան Արցախում էր, և արցախցիների հետ հավասար վերապրելով պատերազմի բոլոր դժվարություններն ու զրկանքները՝ նկարահանել է երեք ֆիլմ` «Ապրեք», «Գնդակոծությունից հետո» («1992թ.), «Խաղաղության գինը» (1994թ.): Հենց այս ֆիլմերի հերոսների ճակատագրին է նվիրված «Վերադարձ» նոր վավերագրական ֆիլմը: Մինչ «Վերադարձ»-ի նկարահանումները սկսելը մենք սկսել ենք որոնել 25 տարի առաջ ֆիլմում նկարահանված հերոսներին։ Ոմանք զոհվել էին պատերազմի ժամանակ, ոմանք մահացել էին, բայց ոմանք լքել էին Արցախը, բայց այնուամենայնիվ մեզ հաջողվեց գտնել հերոսներից մի քանիսին գտնել և 2018 թվականի ապրիլի 25-ին սկսեցինք նկարահման գործընթացը»,- պատմեց Ադիբեկյանը։
Նա նշեց, որ ֆիլմում խուսափել են խոսել հակամարտության կողմերի մասին և շեշտը դրվել է այսպես «մարդը՝ ողբերգության մեջ»։
Ադիբեկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ այս ֆիլմը իրականություն է դարձել՝ ՊՈԱԿ-ի առաջին ղեկավար Արա Սաղաթելյան, Արմեն Մինասյան և Հովհաննես Մովսիսյան։
Հանդիպմանը ներկա ռուս հեռուստալրագրող, սցենարիստ Սվետլանա Կուլչիցկայան պատմեց. «Դեռ 90-ականներին Արցախում լինելով և դաժան պատմությունների ականատես լինելով՝ շատ ընկերներ ձեռք բերեցի։ Ֆիլմի գաղափարախոսությունը կառուցվում է մեկ գլխավոր մտքի շուրջ՝ միայն խաղաղ կյանքը կարող է ապահովել մարդու ստեղծագործ ապագան։ Արցախը արդեն 27 տարի անընդմեջ հենց դա է ապացուցում համաշխարհային հանրությանը»։
Անդրադառնալով Արցախում արդեն տեղի ունեցած շնորհանդեսին՝ Կուլչիցկայան մեկ բառով ասաց. «Հրաշալի էր»։
Նա նշեց, որ ֆիլմը ցուցադրվել է Ստեփանակերտում և Շուշիում. «Ցուցադրությունից հետո մարդիկ հոտնկայս ծափահարում էին, արտասվում։ Իսկ այսօրվա երևանյան պրեմիերան ինձ համար շատ անհանգստացնող է ու կարևոր։ Երևանն Արցախը չէ, այստեղ կյանքի ուրիշ ռիթմ է, ուրիշ մենտանիտետ։ Շատ եմ ուզում, լավ անցնի, քանի որ մենք հոգի ենք դրել այս ֆիլինի մեջ, իսկ Արցախն իմ կյանքի մի մասն է»։
Սցենարիստի խոսքով՝ խաղաղությունից թանկ բան չկա, իսկ «Վերադարձ»-ում վերկայացվում են այն հնարավորությունները, որ ստեղծել է խաղաղությունը։
Ֆիլմի ռեժիսոր Պավել Մեդվեդևն էլ նշեց, որ իրենց նպատակն է, որ այս ժապավենը հետաքրքիր փառատոնային ճակատագիր ունենա, բայց բացի փառատոններից, շատ կարևոր է, որ տարբեր ուղղակի երկրներում այն ցուցադրվի, ֆիլմի միջոցող աշխարհում իմանան Արցախի ու նրա բնակիչների ճակատագրի մասին։
Կուլչիցկայան հավելեց, որ Սանկտ Պետերբուրգում անհամբերությամբ սպասում են ֆիլմի ցուցադրմանը։
Սցենարիստը նկարահանումների ընթացքում արված լուսանկարներից նաև փոքրիկ ցուցահանդես է կազմակերպել հանդիսատեսի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում