Բա ինչպե՞ս է նախարարն ապրելու մեկ ամիս

«Ժողովուրդ»-ը հարցազրույց է անցկացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Ներկայացնում ենք մեկ հատված հարցազրույցից:

– Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով սոցիալական մեծ բունտ է հասունանում, Դուք որպես սոցապնախարար, ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարցի լուծումը, եւ ինչպե՞ս է իրագործվելու վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարած սուբսիդավորումը:

– Նախ պետք է տարանջատենք երկու ոլորտները. սուբսիդավորման մեխանիզմը սոցապնախարարության խնդիրը չէ. դրա համար կան լիազոր մարմիններ՝ էներգետիկայի նախարարություն եւ այլն, որոնք այսօր բանակցությունների մեջ են: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացման արդյունքում ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ, եւ սոցիալապես անապահով ընտանիքների հետ կապված ինչպիսի ծրագրեր կիրականացվեն, երբ կավարտվեն այդ բանակցությունները, եւ կլինի հստակ որոշում, այդ ժամանակ մենք կնախապատրաստենք մեր առաջարկությունները եւ կներկայացնենք կառավարությանը:

– Իսկ ինչպիսի՞ օգնություն եք պատրաստվում ցուցաբերել կարկտահարությունից տուժած գյուղացիներին, որոնք այսօր հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Ինչպե՞ս եք պատկերացնում գյուղացիների վնասի փոխհատուցումը:

– Գիտեք, որ փոխանցումներ արել ենք, վարչապետի հանձնարարականով կառավարության բոլոր անդամները եւ ԱԺ պատգամավորները մասնակցել են:

– Դուք անձամբ Ձեր աշխատավարձը փոխանցե՞լ եք:

– Այո, փոխանցել եմ:

– Իսկ այս մեկ ամիսն ինչպե՞ս եք ապրելու առանց աշխատավարձի:

– Ես առիթ ունեցել եմ ասելու, եթե նեղության մեջ գտնվող քաղաքացիներին օգնելու խնդիրը կա, ու մեկ անձ ուզում է օգնել մեկ այլ անձի, ուրեմն ինքն իրեն պետք է նեղություն տա, եւ կարծում եմ՝ այս իրավիճակում գտնվող մեր համաքաղաքացիներին օգնելը մեր յուրաքանչյուրիս պարտքն է:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում