Որտե՞ղ է կռվել Ս. Խաչատրյանը, որ ոչ ոք չի իմացել

«Հրապարակ»-ի հոդվածագիրը գրում է. «Տարիների մշուշը փորձում եմ ետ քաշել ու կրկին վերհիշել Գորիսում Արցախյան պատերազմի սկզբնական շրջանը, երբ մոլեգնում էր քաղցը, մութ տարիներ էին, ու բանակ չունեինք: Ազատամարտիկներին, որոնք եկել էին տարբեր քաղաքներից՝ Գորիսի բարձունքը՝ Կատարին պաշտպանելու համար, նույնպես սննդի ու հագուստի կարիք ունեին: Գորիսեցիները, մի մարդու նման, հոգում էին ազատամարտիկների սննդի ու հագուստի հարցը: Ռազմական լրատվությանը զուգընթաց, կազմակերպել էի սննդի ու հագուստի մատակարարման գործընթացը:

Աստծո յուրաքանչյուր օր մի որեւէ կազմակերպություն, շենք, մարդկանց որոշակի խումբ ճաշ էր պատրաստում՝ 30-40 լիտր տարողությամբ եւ ազատամարտիկների միջոցով, որոնք հիմնականում դրսից էին, կամ անձամբ իմ մասնակցությամբ հասցնում էինք ճակատ: Այդ մասին «Ազատագրում» գրքում վկայել է Կոտայքի գումարտակի հրամանատար, գնդապետ Կիմ Գիլոյանը, ով այսօր էլ կենդանի է, ապրում է Աբովյանում եւ հարկ եղած դեպքում կարող է վկայել, թե Կատարին պաշտպանող իր ջոկատին, ինչպես նաեւ մյուսներին ով եւ ինչպես է օգնել:

Անգամ կազմակերպվել էր դագաղներ ու վրաններ տրամադրելու գործընթացը, հազարավոր տաք գուլպաների առաքումը: Այդ ժամանակ «Արմենպրեսի» սեփական թղթակիցն էի Սյունիքի տարածաշրջանում եւ սպարապետի ցուցումով իրականացնում էի Սյունիքի ռազմական թղթակցությունը՝ այլ կետերից ավելորդ ինֆորմացիա չհորդելու առումով: Սրանք նշում եմ, որպեսզի պարզ լինի, որ առաջինը ես պետք է տեղյակ լինեի Սուրեն Խաչատրյանի ռազմական քաջագործությունների մասին ու գոնե մի անգամ անդրադարձ կատարած լինեի: Հիմա ուզում եմ իմանալ՝ որտեղ եւ երբ է կռվել Ս. Խաչատրյանը, որ ես՝ Սյունիքի ռազմական թղթակիցս, չեմ իմացել, ուղտի ականջում քնած եմ եղել»:

Հոդվածի շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում