Ալիս Կիրակոսյան․ բանաստեղծություններ
Նմանատիպ
Վահագն Դավթյանի թարգմանությամբ
***
Ի՞նչ կլիներ հոգին,
Եթե հարցականի վերածվեին հանկարծ
Կողոսկրները մեր…
Վերածվեին
Մեկ-մեկ,
Երկու-երկու
Երեք-երեք
Եվ թվերով բոլոր,
Որ գոյություն չունեն:
Ի՞նչ կլիներ արդյոք,
Թե աշխարհի
Հարցականներն ամեն
Չձուլվեին մտքի շփոթ խցում,
Դադարեին հանկարծ բեղմնավորել
Զարկերակները մեր…
Ի՞նչ կլիներ հանկարծ,
Թէ աշխարհի
Հարցականներն ամեն վերանային,
Չստիպեին հանկարծ,
Որ թռչուններ ծնվեն
Եվ տրոփեն օդում
Փետուրների փափուկ նվագներով…
Բանաստեղծ չէր լինի…
***
Սահեք
Սպասումիս խոռոչների միջով:
Խլե՛ք,
Տարեք ինձնից
Իմ մենավոր ու որբ
Երազների ռիթմը:
Բազմապատկեք քաղցս:
Ես, որ ահա այսօր
Առանց կրունկների կոշիկներ եմ հագել,
Առավել եմ մոտիկ բարձրությանը:
Հասկանում եմ այսօր,
Որ շրջագիծը մեծ
Կսեղմվի հանկարծ,
Ու հղության պես
Կվերածվի կետի,
Եվ այնտեղ ծնունդ կառնեն ատոմները:
Այդ խելահեղ խղճի ընդերքի մեջ
Սերը կցանկանա փոխվել կյանքի…
***
Անցավ իբրև երազ,
Երազ,
Որ երազվեց առանց լույսի:
Ժամանակի բարակ թելին թառած,
Սուրաց իբրև թռիչք,
Սուրաց
Դեպի մի նոր, անհայտ աշխարհ:
Իսկ ես,
Իսկ ես ահա
Վերադառնամ պիտի իմ բույնը հին,
Որ ծեփված է հույսով,
Բնակեցված ծանոթ հոգիներով,
Որ սպասում են ինձ,
Սակայն ես չեմ զգում անձկությունը նրանց:
Վերադառնամ պիտի
Իմ բույնը հին,
Բայց հոգնած ու տխուր՝
Անձրևի տակ ընկած տերևի պես…
***
Եվ գետերը զսպեցին
Իրենց մոլուցքը
Լուռ բողոքներ փոխանակելով
Աստղագուշական նշանների հետ:
«Քաղցկեղ» եմ,- ասի հանդունգն:
Մի կապույտ-կապույտ
Պոեմ եմ ուզում,
Որ ապաստաններս զարդարեմ:
Եվ ծաղիկների մի սեր,
Որ ինձ սպասի
Իմ ճանապարհին:
Համր գետերը շարունակեցին
Ոճիրներ գործել իմ տնակի դեմ
Եվ չլսեցին
Լեռան աղոթքը:
Այդ օրը, ավա՜ղ,
Չբաժանեցին
Անսպառ հացը…
Մենակ մնացի:
Դիվահանեցի ձեռքերս հողին հարած:
Ու դիպա այն նույն գետին, որ կսնանի նշանս:
***
Չեմ կարող գրել…
Այս ուշ գիշերվա խոր լռության մեջ
Չեմ կարող գրել:
Ուղեղիս միջից
Կախման կետեր են անվերջ թափթփում:
Երեսուն տողից
Բաղկացած երազն արարվում է լուռ՝
Առանց շշուկի:
Ես ուշ եմ եկել…
Հայացքիս անտես շառավիղներով,
Որ մոլորվում են անձրևների դեմ:
Պիտի ետ դառնամ…
Պիտի ետ դառնամ այն մրրիկի հետ,
Որ թրթռում է ձայնիս զուգահեռ:
Ուզեցի
Երկվորյակը լինել
Դիցուհիների,
Բայց ճանաչեցի հանկարծ
Տանջող քաղցը,
Որը վիրավոր երգեր էր լալիս
Արդար հացի հետ…
Դանդաղ եմ մարսում:
Մահվամ հետ կապված
Մանուշակագույն ժապավեններով:
Շատ լռություն կա,
Թաղման լռություն,
Որն աղարտում է այս թուղթը մաքուր…
Եվ կա խնկահոտ,
Թանձր խնկահոտ,
Ու անզոր եմ ես
Այս թղթի վրա քանդակել
Մի կարճ երազ,
Որ բաղկացած է
Երեսուն տողից…
***
Անգամ հուսալքված,
Անգամ անզոր,
Պիտի մերժենք, այո,
Եվ չընդունենք Ոչինչն
Իբրև ճակատագիր…
Պիտի գնանք դեպի
Վճիռը մեծ,
Ուր կա մի տևական արագություն,
Որի նյութը լույսն է:
Եվ հանճարի
Վերջին ներշնչումով
Պիտի դարպասները
Հավետ բանանք…
***
Ամեն ինչից հեռու,
Այնտեղ,
Ուր հավատ ու խորհուրդ
Հանդիպում են իրար,
Հանդիպում նույն ոճով
Ու նույն մակարդակով,
Այնտեղ,
Ուր «հետո»-ին
Սպասելուց հոգնած
Ամպն է տարուբերվում,
Այնտեղ պիտի լինեմ:
Այնտեղ,
Ուր ես իբրև զտված մի նյութ,
Գիտության
Եվ Աստծո
Սեղանի շուրջ
Հացի պիտի նստեմ
Օդից առկախ
Եվ նույն գինին ըմպեմ,
Նույն խոսքերը ասեմ,
Այնտեղ պիտի լինեմ:
Այնտեղ,
Ուր ամեն ինչ
Զարկում ու բախվում է
Ամեն ինչի: