«Հետաքրքիր ու գրավիչ ցուցադրություն»՝ Նկարիչների միությունում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Հայաստանի Նկարիչների միությունում մայիսի 1-ից գործում է «Քանդակի Հանրապետական-2019» ցուցահանդեսը, ներկայացված են ժամանակակից 60 քանդակագործի մոտ 80 ստեղծագործություն:
Panorama.am-ի հետ զրույցում Նկարիչների միության անդամ, քանդակագործ Նունե Թումանյանն ասաց, որ նախորդ տարիների ցուցահանդեսից տարբերվում է նրանով, որ այս անգամ ցուցադրությանը մասնակցում են ինչպես Նկարիչների միության անդամ, այնպես էլ միության անդամ չհանդիսացող ստեղծագործողներ: Մասնակիցների շարքերում կան նաև գեղանկարիչներ, որոնք ներկայացել են իրենց քանդակային ստեղծագործություններով:
Ինչ վերաբերում ընտրված նյութերին ու թեմաներին, քանդակագործն ասաց. «Բազմազան է նաև նյութը, որից կերտված են քանդակները՝ քար, բրոնզ, օպսիդիան, երկաթ, ապակի, թուղթ, պլաստիկ… Թեմաների, նյութերի, ոճերի ու մոտեցումների բազմազանության արդյունքում, ունենք շատ հետաքրքիր ու գրավիչ ցուցադրություն»:
Ցուցահանդեսում ներկայացված է Նունե Թումանյանի երեք աշխատանք (կարելի է ներկայացնել 1-3 աշխատանք)՝ «Դոդոշը», «Ցեղասպանության մեքենան» և «Թակարդ»։
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 10-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում