«Մարդը, որ գալիս է էս աշխարհ,պիտի անպայման ինչ-որ բանով տարբերվի շրջապատից»
Նմանատիպ
Վերջերս կյանքից հեռացավ ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, հեռուստատեսության երախտավոր ԷԼՄԻՐԱ ՀԵՔԵՔՅԱՆԸ։ Իմ այս վերհուշը թող դառնա գործընկերոջ հիշատակին ասված խոսք։ Նրան կփորձեմ ներկայացնել 2006-ին կայացած իմ «Օթյակ» հեռուստաշարքի հաղորդումներից մեկի շրջանակներում։
Էլմիրա Հեքեքյանի ստեղծագործական կյանքը սկսվել է Բաքվի Երեմյանի անվան հայկական պետական թատրոնում։ Այդ թատրոնի բեմում նա ստեղծել է բազմաթիվ կերպարներ։ Խաղացել է Սոնա Ալ. Շիրվանզադեի «Չար ոգում», Ադա Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքում»։ Ի դեպ, «Ոճրագործի ընտանիքում» նրա խաղընկերն էր Վահրամ Փափազյանը։
ԷԼՄԻՐԱ ՀԵՔԵՔՅԱՆ– Եվ դերասանուհի էի, և սովորում էի թատրոնի ստուդիայում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր Արտաշես Հովսեփյանը։ Մի օր նա ասաց. «Ռեժիսորական հակումներ եմ տեսնում քո մեջ, դու ռեժիսոր կարող ես աշխատել»։ ՈՒղեղիս մեջ մտավ։ Չնայած որպես դերասանուհի բախտ եմ ունեցել լինելու Վահրամ Փափազյանի խաղընկերուհին։ Նա եկել էր Լենինգրադից բլոկադայից հետո, սկզբում աշխատեց Բաքվում, հետո եկավ Երևան։ «Ոճրագործի ընտանիքն» ինքը բեմադրեց։ Ներկայացումից հետո Փափազյանը դրվատանքի խոսքեր ասաց ինձ և նվիրեց մեծ` 200-գրամանոց անգլիական շոկոլադ։ Դա իր գնահատականն էր իմ դերակատարման համար։ Ես միշտ ասում եմ, որ նա շռայլ էր ոչ միայն իր արվեստով, մեծ արտիստ լինելով, նա շռայլ էր և կյանքում։ Սովի տարի էր, և այդ շոկոլադը մեծ պարգև էր։ Թատրոնում մենք մաս-մաս արեցինք այն և վայելեցինք։
Տեղափոխվելով Երևան, Էլմիրա Հեքեքյանն ընդունվեց գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Ավարտելով ինստիտուտը, բեմադրեց Գալանի «Սերը լուսաբացին» Գորիսի պետական թատրոնում և «Նվաստացյալներն ու անարգյալները» (ըստ Դոստոևսկու) Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում։ Այդ ներկայացումները բարձր գնահատեցին Լևոն Քալանթարը, Վարդան Աճեմյանը, Դավիթ Մալյանը, Գուրգեն Գաբրիելյանը, ռուսական թատրոնի ռեժիսոր Ֆիլիպովը։
ՎԱԼԵՐԻ ՄԿՐՏՉՅԱՆ (ռուսական թատրոնի դերասան) – Ես միշտ զարմացել եմ Էլմիրա Աբրամովնայի հրաբխային էներգիայով, որը մինչ օրս չի սպառվում։ Նա և՛ դերասանուհի էր, և՛ ռեժիսորի օգնական։ Ֆիլիպովն առաջարկեց նրան բեմադրել «Նվաստացյալներն ու անարգյալները»։ Տաղանդավոր աշխատանք էր։ Մեր թատրոնի առաջատար դերասան, ժողովրդական արտիստ Յուրի Վանովսկին հիացմունքով էր խոսում այդ ներկայացման մասին։ Մենք` դերասաններս, նրան շատ էինք սիրում, և այդ սերը փոխադարձ էր։ Թատրոնում նրան փաղաքշական «утюжок» էին ասում. նա հարթեցնում էր թատերական բոլոր կոնֆլիկտները։ Նրա աուրան շատ դրական էր։
1956 թվականին Երևանում բացվեց հեռուստատեսային ստուդիա, և ստուդիայի առաջին տնօրեն Ներսես Կագրամանովը Էլմիրային հրավիրեց աշխատելու հեռուստատեսությունում։ Եվ Էլմիրա Հեքեքյանն իր ամբողջ ստեղծագործական կյանքը կապեց Հայաստանի հեռուստատեսության հետ։
Է. Հ.– Հեռուստատեսության առաջին տարիներին շատ ջերմ մթնոլորտ էր տիրում ստուդիայում, ուրախանում էինք մեկս մյուսի հաջողությամբ, ուրախանում էինք, երբ մի նոր բան էինք ստեղծում, շատ էինք օգնում միմյանց։
Երբ նոր էի եկել Հայաստան, շատ քիչ բան գիտեի եղեռնի մասին։ Ինստիտուտում շատ տուժեցի, երբ բարձրացնում էի այդ թեման։
Եվ ահա հեռուստատեսությունում հաղորդում պատրաստեցի Ցոլակ Ամերիկյանի մասին` «Մանկություն չտեսած ժողովրդական արտիստը»։ Պետք է ցույց տայի Տրապիզոնը, ուր անցել էր մեծ դերասանի մանկությունը։ Մենք ունեինք ընդամենը երկու խցիկ և Տրապիզոնի լուսանկարները, նաև դերասանը պետք է կադրում պատմեր իր մանկության մասին։ Որպեսզի ստեղծեի քաղաքի կենդանի պատկերը, օգտագործեցի ժապավեն` ծովի ալիքներ։ Այդ ալիքները ցուցադրվում էին լուսանկարների վրա` ստացա կրկնակի էքսպոզիցիա։ Իսկ մյուս խցիկը աշխատում էր դերասանի վրա։
Հանդգնեցի և առաջին անգամ եթերում այդ հաղորդման մեջ ես արտասանել տվեցի գենոցիդ բառը ու…
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ (ռեժիսոր, ժողովրդական արտիստ)- Հսկայական ծառայություններ թատրոնում, հեռուստատեսությունում… Այսօր մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, ովքեր հեռուստատեսության հիմնադիր են եղել։ Նրանց մեջ առանձնանում է Էլմիրա Հեքեքյանը, մարդ, որն առաջին հաղորդումից միանգամից հաստատեց, որ ինքը ճիշտ է ընտրել իր մասնագիտությունը։ Հսկայական անցյալով նա եկավ հեռուստատեսություն և իր ամբողջ փորձը մինչև այսօր տալիս է երիտասարդներին։
Էլմիրա Հեքեքյանը հետաքրքիր մարդ է, իսկ հետաքրքիր մարդկանց պահանջն այսօր մենք շատ ունենք, որովհետև, դժբախտաբար, շատերս գնալով իրար ենք նմանվում և դառնում ենք գորշ, անգույն, անհետաքրքիր։ Իսկ Էլմիրա Հեքեքյանը որտեղ էլ որ հայտնվում է, անմիջապես մի իրարանցում սկսվում է։ Շա՜տ եմ սիրում նման մարդկանց։ Շատ եմ գնահատում Էլմիրա Հեքեքյանին` ոչ միայն նրա տաղանդը, այլև նվիրումն իր գործին, որը դաս պիտի լինի երիտասարդությանը։ Կարող ես մասնագիտություն ընտրել, աշխատել, բայց սերդ, նվիրումդ չլինի այդպիսին, ինչպիսին էին մեր ավագ ընկերներինը, որի մի մասը այսօր չկա։ Մարդիկ որ կան, փառք նրանց, որ կարողանում են իրենց ներկայությամբ դաս տալ բոլորիս։
ՍՏԵՓԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (օպերատոր, հեռուստատեսության հիմնադիրներից, արվեստի վաստակավոր գործիչ) – Լավ եմ հիշում, եկավ երիտասարդ, նոր ավարտած մի կին, որ լեփ-լեցուն էր ստեղծագործական մտքերով, որոնք ուզում էր իրագործել հեռուստատեսությունում։ Բայց չգիտեր ոնց, որովհետև էն ժամանակ ոչ մեկս չգիտեր, թե ոնց պետք է օգտագործի այս կամ այն սարքը, չնայած շատ պրիմիտիվ էին, բայց համենայն դեպս անծանոթ էին մեզ։ Հիշում եմ Էլմիրայի առաջին հաղորդումներից մեկը, որ տարբերվում էր մնացած հաղորդումներից կուլտուրայով, ասելիքով` ականավոր դերասան Ցոլակ Ամերիկյանի մասին էր։ Պայմանները սուղ էին, հիմնական նյութերը ֆոտոպատկերներն էին։ Տեսագրության խցիկներ դեռ չկային։ Ժիրայր Ավետիսյանի ղեկավարությամբ նոր էր ստեղծվում կինոխումբը, որի կազմում էին Վիլեն Զաքարյանը, Լաերտ Պողոսյանը և ես։ Մենք կինոյի ծիլերն էինք դնում հեռուստատեսությունում։
Էլմիրայի հաղորդումը մեծ հաջողություն ունեցավ։ Մի անգամ եմ Էլմիրայի հետ ֆիլմ արել։ Դա մեր առաջին մանկական ֆիլմերից մեկն էր` «Մինչև 16 տարեկան երեխաներին թույլատրվում է»։ Այդ ֆիլմը մեր հեռուստատեսությանը բերեց առաջին մրցանակը միջազգային փառատոնից։ Ես լավ եմ հիշում, մեր առաջին տնօրենի` Ներսես Կագրամանովի կաբինետում, պատվավոր տեղում էր դրված այդ մրցանակը։ Դա 50-ականների վերջն էր։ Այդ ֆիլմը Համամիութենական մրցանակ էլ ստացավ և շատ ոգևորեց թե Էլմիրային, թե մյուս աշխատակիցներին։ Մենք դուրս եկանք Հայաստանի սահմաններից։
ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ (ժողովրդական արտիստ)- Էլմիրա Աբրամովնան հեռուստատեսության լավագույն մասնագետներից է և հրաշալի անձնավորություն։ Բազմապրոֆիլ ռեժիսոր է, կարող է աշխատել ցանկացած խմբագրությունում։ Շատ ակտիվ է, մարդկային, մեծ հարգանք է տածում այն մարդու նկատմամբ, ում հետ այս պահին համագործակցում է։ Դա կարևոր հանգամանք է։ Կայացել է և որպես կին. ընտանիքի կին է, երեխաների մայր։ Սովորաբար մեր օրերում արվեստի կանանց մոտ մեկը կամ մյուսն ամպայման տուժում է։ Էլմիրա Աբրամովնան ոչ միայն տաղանդավոր արվեստագետ է, այլև տաղանդավոր մայր։
ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆ (որդին)- Բծախնդիր, բարձրակարգ արվեստագետ, խստապահանջ և բարեհոգի մանկավարժ և մեծ հայրենասեր։ Դա մասնագիտություն չէ, բայց հայրենասիրությամբ են ուղղորդված նրա ապրելաձևը, ապրելակերպը, գործունեությունը, աշխատանքը, ընտանիքը։ Ինձ թվում է, որ ես ու քույրս ներառել ենք մեր մեջ մայրիկիս ամենադրական հատկանիշները և ինչ լավը որ կա մեր մեջ, մայրիկից է։ Հայրիկիս դատարկությունն է և մայրիկիս կենդանի օրինակը։ Իր ապրած կյանքը, իր գործունեությունը, կենսագրությունը, ամենախիտ, ամենահակիրճ ձևով հազիվ տեղավորվում է մի քանի մեքենագիր էջում և ոչ միայն ծավալի իմաստով, այլև իր ապրած, արարված գործերի բովանդակության առումով նույնպես։ Բովանդակությունը, բարձր չափանիշը երևի իր կյանքի կրեդոն է։ Չեմ հավատում, որ մայրիկս երբևէ ինչ-որ բան արած լիներ ի միջի այլոց, նույնիսկ ամենափոքրիկ դիմում, որ գրում է ԲՇԿ (ЖЭК) ինչ-որ մի հարցով, երկար պետք է խմբագրի և իր գրչի տակից դուրս եկած ամենափոքրիկ գրությունն իսկ նույնպես պետք է լինի անթերի, առանց կետադրական, էլ չեմ ասում ուղղագրական սխալների, ուղղակի գեղեցիկ շարահյուսություն։ Գեղեցիկի հանդեպ սերը մեծ է։ Այդպիսին է դաստիարակել և մեզ։
ԱՆՆԱ ՀԵՔԵՔՅԱՆ (դուստրը)- Ինչպիսի արվեստագետ է, այդպիսի էլ ծնող է, մայր է։ Արվեստում նրա համար մանրուքներ չկան, ամեն ինչ կարևոր է ու նրա համար միևնույնն է մեկ օրվա հաղորդում է պատրաստում, թե մնայուն ժապավեն։ Ամեն մանրուք նրա համար կարևոր է։ Եվ նա ժամանակ չի խնայի, շատ կտքնի և կանի այն, ինչ համարում է, որ լավ է։ Պիտի անպայման իր արածը լինի լավ։ Եվ այդ նույն սկզբունքով էլ ապրում է տանը։ Նրա համար արդարացում չկա արվեստում. ժապավենը խոտան է, մոնտաժողը սխալ տեղից կտրեց ժապավենը։ Ոչ, նա պետք է տքնի ու գտնի ամենալավը։ Նույնպես կենցաղում երկրորդական բաներ չկան։ Պետք է, որ սպիտակեղենը լվացված, արդուկված, օսլայված լինի, պետք է, որ երեխաները ստանան լիարժեք սնունդ. լինի առաջին, երկրորդ, երրորդ, պարտադիր նախաճաշ, ճաշ, ընթրիք։ Եվ արդարացում չէր նրա համար, որ նա գլխավոր ռեժիսոր էր հեռուստատեսությունում, զուգահեռ մանկավարժությամբ էր զբաղված։ Դա պետք է լիներ կատարյալ։ Իմ մղձավանջային հուշերից էլ, որ գիշերը ժամը 2-ին, 3-ին քնած արդուկում է, կամ գազօջախի առաջ կանգնած քնած տապակի կոտլետը։ Դա պետք է արվի ու արվի համեղ ու լավ։ Դա բնավորություն է, նպատակասլաց և կուռ, մանրուքներ չհանդուրժող։ Ինքն իր հետ կոմպրոմիսի չէր գնում և չէր հասկանում նրանց, նույնիսկ հարազատներին, ովքեր ուրիշ կերպարի մարդիկ էին։ Լինելով ռեժիսոր, բեմադրելով և բացահայտելով տարբեր բնավորություններ, իր ընտանիքի, հարազատների շրջանակում չէր ընդունում նման մարդկանց։ Եվ եթե ես ասում էի. «Դե լավ, մա, դա էլ էդ տեսակ մարդ է», նա զարմանում էր. «Ну как так можно?»։ Այսինքն մարդիկ պետք է ունենային որոշակի բարոյական չափանիշներ և ապրեին այդ չափանիշներով։ Շեղումը նա չէր ընդունում։ Նա երբեք չի ասել. «Տրամադրություն չունեմ, հավես չունեմ, չանենք էլի…»։ Պետք է` ուրեմն պետք է արվի։
Նա մասսայական հաղորդումներ էր անում։ Կարող էր Սևանի ավազանի գյուղերից հավաքել կանանց, հրավիրել երաժիշտներ, դերասաններ և հոյակապ հաղորդում պատրաստել։ Այդ հաղորդումների համար արժանացել է Գերագույն Խորհրդի պատվոգրի։
Պետք էր խոսել Եղեռնի, Արցախի մասին, նա կաներ։ Պետք էր։ Անում էր առանց մտածելու, որ նրան կարող են հետո հրավիրել Կենտկոմ հատուկ զրույցներ ունենալու…
Էլմիրա Հեքեքյանը 60 տարի է, ինչ զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ Նա դասավանդում է խոսքի կուլտուրա, էթիկա, էսթետիկա, հայ և համաշխարհային թատրոնի պատմություն, դերասանի վարպետություն տարբեր ուսումնական հասարակություններում։
ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆ (երգչուհի)- Էլմիրա Աբրամովնան բարձր կարգի մարդ է։ Ամենակարևորը` նա այն ուսուցիչներից է, որ ընկերանում է իր ուսանողների հետ, պահպանելով պրոֆեսիոնալի դիստանցիան։ ՈՒզում ես գնալ իր դասերին, ուզում ես իր հետ շփվել, ուզում ես իր հետ ընկերանալ։ Ես հիշում եմ, երբ Տիգրան Հեքեքյանի հետ պատրաստում էինք խոշոր համերգ, ինչքան մեծ դեր էր խաղում Էլմիրա Աբրամովնան` կազմակերպչական, մարդկային-կազմակերպչական որակի մասին եմ ուզում ասել։ Մենք ուզում էինք անվերջ իրեն հանդիպել։
Էլմիրա Հեքեքյանը սակավաթիվ հայուհի արվեստագետներից է, որ մասնակցել է Հայրենական Մեծ պատրեազմին։
ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆ– Դեռ 14 տարեկան աղջնակ գնում է երկիր պաշտպանելու։ Ղարաբաղյան շարժման ժամանակ, արդեն տարեց կին, բավականին գործունեություն է ծավալում Ղարաբաղի համար, Ղարաբաղի դպրոցների, հիվանդանոցների համար։ Շատ երեխայասեր է։ Հսկայական էներգիայի տեր է առայսօր։ Մենք միշտ ասում ենք. «Եթե մայրիկը նստեց, վիճակը լուրջ է»։ Նա պիտի վազի, շարժման մեջ լինի։ Եվ նույնիսկ այսօր կարող է շուտ հագնվի, հավաքվի ու գնա։ «Գնում եմ 4-րդ մասիվ, թաղապետի հետ պայմանավորվել եմ, հանդիպում ունեմ։ Պետք է լուծեմ մի ընտանիքի խնդիր, որին անարդարացի նեղում են»։ Իսկ այդ ընտանիքի հետ պատահական է ծանոթացել փողոցում։ Մարդկանց, հասարակությանը օգտակար լինելը երևի ծնվել է իր հետ։ Եվ էներգիան, թվում է, անսպառ է։ Իր մասին մեկն ասել էր`perpetum mobile, մշտական շարժիչ։ Հիշում եմ, մի խնջույքի ժամանակ նկարիչներից մեկն իր կենացն առաջարկելով, ասաց. «Էս պետությունը ինչի մասին է մտածում։ Էլմիրա Աբրամովնայի ոտքից մի մեծ դինամո միացնի, որ հոսանք ստանա, էդ էներգիան ափսոս է, կորում է։ Էնքան ունի. տուն, ընտանիք, աշխատանք, հազար տեղ, բայց էլի էներգիա կա, որ կարելի է օգտագործել»։
Ես կարծում եմ, այսօրվա երիտասարդները կերազեին ունենալ Էլմիրա Աբրամովնայի էներգիան, որն իրեն օգնել է աշխատել և միգուցե խանգարել է ապրելու…
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ (ռեժիսոր), ժողովրդական արտիստ)- Էլմիրա Հեքեքյանին ուզում եմ ցանկանալ երկար կյանք։ Մինչև հիմա պիեսներ է բերում, թարգմանություններ։ Նա ծերանալ գիտի, ոչ հոգնել։ Ես ուրախ եմ դրա համար և ուզում եմ ցանկանալ երջանկություն։ Արդեն տատիկ է դարձել որերորդ անգամ։ Թող բազմանան։ Թող թոռների երեխաներին էլ տեսնի և հնարավորինս մեզ անհանգստացնի, զարմացնի և ընդհանրապես հիշեցնի` մարդը, որ գալիս է էս աշխարհ, պիտի անպայման ինչ-որ բանով տարբերվի շրջապատից։
Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում