«Եթե քաղաքում իրականությունը միշտ պարտվում է հիշողություններին, ապա կարոտը պարտվում է իրականությանը»
Նմանատիպ
«Իրատեսի» հյուրն արձակագիր ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆՆ է: Զրույցի թեման «Արտագաղթած կարոտ» էսսեների ու պատմվածքների ժողովածուն է: «Մի քանի կիլոմետրանոց այս քաղաքում մեզ բաժանում է ընդամենը մի քանի կիլոմետր, իսկ մեր կարոտներն անսահման են»,- գրում է արձակագիրը: Գիրքը հրատարակվում է երկրորդ անգամ: Տպագրության է պատրաստել «Էդիթ պրինտ» հրատարակչությունը:
– Մեր նախորդ զրույցը «Ռոդենի ձմեռը» գրքի մասին էր: Տպավորություն ունեմ, որ «Ռոդենի ձմեռը» մարմին է տալիս քաղաքին, այստեղ քաղաքի ստվերներն են: Այս գրքում շատերը կգտնեն իրենց: Եթե «Ռոդենի» պարագայում հարցնում էի՝ կա՞ն իրական կերպարներ, այստեղ այդ հարցը էական չէ:
– Հարցին պատասխանելուց առաջ մի փոքր անդրադարձ անեմ. «Արտագաղթած կարոտը» ժամանակագրական առումով նախորդում է «Ռոդենի ձմեռը» գրքին և ի տարբերություն վերջինիս, առավելապես էսսեներից է կազմված: Համանուն մեկ պատմվածք կա իր շարունակությամբ, որը գրքում բաժանարար դեր է կատարում մինչևների և հետոյի միջև, որը զգացվում է անգամ գրվածքների տրամադրության փոփոխությամբ:
Էսսեները երկու տարվա ընթացքում են գրվել, միշտ նույն մարդու հետ կռիվ չեմ տվել դրանցում, ավելին, գրքում կռիվներս միշտ Վերևի հետ են: Երբեմն հիշողություններդ աներևույթ կերպարների տեսքով են հառնում դիմացդ ու փորձում հաղթել:
Բայց եթե մի բան հիշողություն է, ուրեմն կամ ինչ-որ մեկն է քեզ պարտվել կամ դու ես պարտվել: Գիրքը առերեսում է այդ «պարտությունների» և ինքդ քեզ հետ:
– Դավիթ, ո՞ր պատերն են ավելի ամուր, այն, որ կյանքը, մարդիկ, հանգամանքները շարում են քո դիմաց, թե՞ քո իսկ հնարած պատերը:
– Ես պատեր չեմ սիրում, անգամ ներքին անհանգստություն է առաջանում, երբ երկար ժամանակ պատերից ներս եմ մնում: Բոլոր պատերն էլ փլուզվում են ժամանակի ընթացքում՝ կա՛մ դիմացդ, կա՛մ հենց քեզ վրա:
– Պատերը նաև պաշտպանու՞մ են:
– Պատերից ենք փորձում երբեմն պաշտպանվել: Երբ պաշտպանության կարիք ենք ունենում, պատեր ենք կառուցում արդարացումներից, վախերից, թուլություններից ու մեզ պաշարում ՊԱՏրանքներով: Չգիտեմ, երբեմն պատը նաև որպես սահման պիտի դնես, որ ինքդ էլ չանցնես, թե չէ կգան ու քո վրայով կանցնեն:
– Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը մի՞շտ է պակասում:
– Միշտ, միշտ. Եթե այդ ինչ-որ բանի պակասի զգացողությունը չլիներ, մարդիկ առաջ չէին գնա, բացահայտումները, ձեռքբերումներն ու նոր հաղթանակները չէին լինի: Իսկ ինչ-որ մեկի պակասը մի օր պիտի վերջանա ու լցվի վերջնականորեն, թե չէ կկործանվես հավերժական փնտրտուքի ճանապարհին: Չնայած երբեմն գտածդ ու ձեռք բերածդ են հենց կործանում քեզ:
– Ասում ես, որ սև գույնի մուգ ու բացը չի լինում: Իսկ ի՞նչ կասես մեր օրերի «սև ու սպիտակի» մասին: Հասարակությունը ճամբարների բաժանելը վա՞տ է, թե՞ բնականոն: Մանավանդ որ «սևի մուգ ու բացը չի լինում»:
– Հասարակությունն առանց այդ էլ բաժանված է, բազմաշերտ ու բազմազան է, ինչը բնական է: Կարծում եմ, պետք չէ այդ բաժանման սահմանները գծեն մարդիկ, որոնց ձայնն ու խոսքը կոնկրետ պահի սուր ու ազդեցիկ են: Ասածդ խոսքը հենց քեզ կարող է վնասել: Զորօրինակ, երբ մեկ միլիոն մարդ կա, որոնց դու պետք է ղեկավարես: Եթե, ենթադրենք, նրանցից 300000-ը, քո իսկ բնորոշմամբ, սև են, նշանակում է` դու իշխանություն ունես միայն սպիտակների վրա, որովհետև ինքդ քեզ սպիտակ ես համարում: Այդ դեպքում ո՞նց ես վարվելու սևերի հետ. Վերացնելու՞ ես, թե՞ սպիտակեցնելու: Էմոցիաները մի կողմ պիտի թողնես ու փորձես այնպես անել, որ քո ասած սևերն իրենք ուզենան սպիտակել:
– Քաղաքի լռությու՞նն է ավելի վախեցնող, թե՞ աղմուկը:
– Եթե քաղաքը լուռ է, նշանակում է` մեռած է, նշանակում է` այդ քաղաքում վախի մթնոլորտ է տիրում: Քաղաքները պիտի դինամիկ լինեն, բայց այդ շարժի մեջ չսպանեն, չթաղեն քաղաքի անցյալը: Անգամ ամենաաղմկոտ քաղաքում պիտի քո լռությունը, քո լռելու վայրը ունենաս, այդ վայրը մի ուս կամ գիրկ կարող է լինել:
– «Քաղաքը միշտ ինչ-որ բան է հիշեցնում մեզ»: Ասում են՝ քաղաքը մարդիկ են, քաղաքը մեծ ու փոքր թաղամասերն են, պատմական հուշարձանները, բայց քո գիրքը կարդալուց հետո մտածում եմ, որ քաղաքը հիշողություններն են, որտեղ և՛ մարդիկ կան, և՛ փողոցները, և՛ հուշարձանները, անգամ արդեն գոյություն չունեցող փողոցներն ու հուշարձանները: Համամի՞տ ես:
– Եթե քաղաքում հիշելու բան չունեցար, ապա օտար ես այդ քաղաքում կամ էլ նորեկ: Ես, որպես այս քաղաքում ծնված ու մեծացած մարդ, շատ հիշողություններ ունեմ: Այլ հարց է, որ հիշողություններից շատերը նյութական մակարդակից վեր են ածվում մտայինի: Քաղաքի անցյալը չպիտի սպանեն. ես այդպիսի հիշողություններ չեմ ուզում ունենալ:
– «Չես էլ գիտակցում, որ անգամ մի սիրտ անտեր թողնելով ու լքելով՝ քաղաքն անշունչ ես դարձնում էդ մեկ հոգու համար»: Դու նույնացնում ես Աշխարհը, Սերը, Հայրենիքը և Մեկ մարդուն: Ըստ այդմ, նույնանում են երկրի սահմանները և մեկ մարդու լքելու զգացողությունը, նույնանում են արտագաղթն ու կարոտը. երկուսն էլ հեռվում են, բայց վերադարձ են ուզում:
– Եվ ինչ են քաղաքները, եթե ոչ մարդիկ: Առանց այդ մարդկանց քաղաքի փողոցները դատարկ են: Վերադարձ ուզում են, բայց վախենում են, ու հեռացողի կարոտն արդեն վերածվում է ավելի շատ սովորութային երևույթի: ՈՒ՞մ է պետք ոսկե պատերով տունդ, երբ այն դատարկ է, իսկ մարդկանց կամ կոնկրետ մարդու արտագաղթը քո կյանքի՞ց… վերադարձները երբեմն ուշացած են լինում: Գնալուց առաջ պետք է լավ մտածել:
– Տատն ու պապը ներգաղթել են, հայրն ու մայրը՝ արտագաղթել. մշտակա խնդիր ես արծարծել: Ըստ քեզ՝ հիմա մեր օրերում արտագաղթելու համար ի՞նչ պատճառներ պետք է ունենա ՀՀ քաղաքացին:
– Առաջ ասում էին՝ ապագա չկա այստեղ: Ապագա` ոչ միայն իրենց համար, այլ նաև իրենց երեխաների: Մարդիկ կային, որոնք հազար կտոր էին լինում, օր ու գիշեր աշխատում, որ ընտանիքը որևէ նյութական խնդրի առաջ չկանգնի, դա էլ քիչ էր, զգում էին, որ իրենց ձայնը լսելի չէ, որոշիչ չէ: Իրավիճակ փոխվեց: Հիմա էլ անորոշությունն է շատ: Խոստումները շատ են, գործերը՝ չգիտեմ:
Բայց մի վատ բան էլ կա. մարդիկ կան, որ իներցիայով, ենթագիտակցորեն են արտագաղթում, կարծես մեր գենի մեջ նստած լինի այդ երևույթը: Եթե տասը կամ քսան միլիոն լինեինք, դեռ ոչինչ, բայց, ցավոք, ամեն գնացողի տեղը երևում է: Հեռանում են, թե լքում, ամենևին էական չէ տվյալ դեպքում:
– Լավ, իսկ ինչու՞ են արտագաղթում կարոտները:
-Որովհետև հոգնում են սպասելուց, որովհետև եթե քաղաքում իրականությունը միշտ պարտվում է հիշողություններին, ապա կարոտը պարտվում է իրականությանը:
– Վերջին գործերումդ, որոնք տեղ են գտել գրքի հավելված բաժնում, աստվածաշնչյան թեմաներ են: Գրողակա՞ն հնարք է, թե՞ դեր է խաղացել քո աստվածաբան լինելու հանգամանքը:
– Աստվածային սիրուն արժանանալու համար նախ պետք է կարողանաս սիրել մարդուն, իսկ մարդուն սիրելու համար պիտի ներսումդ ունենաս այդ աստվածային սերը: Սա է հիմքում: Առաջ քաղաքները հանուն աստվածների էին, չէ՞, ստեղծվում. հետո սկսեցին քաղաքներում սերեր ծագել ու մեռնել: Այն քաղաքին, որտեղ սերեր չեն ծնվում,՝ կործանում է սպասում:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում