Դասականն ու ջազը «խաչվեցին» բեմում

Դասականն ու ջազը «խաչվեցին» բեմում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 5-ին դասական և ջազ երաժշտության իսկական տոն էր: Լեփ-լեցուն դահլիճում կայացավ «Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին» համերգը: Հանդես եկան Հայաստանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական ջազ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց) նվագախմբերը: Երեկոն ինքնատիպ էր իր ձևաչափով: Համերգի ընթացքում ներկայացվում էր դասական ստեղծագործությունը՝ այնուհետև նույն գործը՝ ջազային տարբերակով:

Նվագախմբերը՝ Վահան Մարտիրոսյանի և Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, ներկայացրին Չայկովսկու Շչելկունչիկ և Գրիգի Պեր Գյունտ ստեղծագործությունները: Հայաստանում նման համերգի իրականացման գաղափարը Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանինն էր, որը եղել է Կամերային նվագախմբի տնօրենը: Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, մի քանի տարի շարունակ ցանկություն ուներ իրականացնելու նման մասշտաբի համերգ: Ավելին, համերգը նախանշված էր իրականացնել նախորդ տարվա մայիսին, սակայն այն իրականություն դարձավ միայն այս տարվա մայիսի 5-ին:

«Շատ հետաքրքիր նախագիծ է. այսպիսի ձեւաչափ արտերկրում բազմիցս ներկայացվել է, բայց Հայաստանում` ոչ: Գաղափարն այն է, որ բացատրենք, թե ինչպես միևնույն ստեղծագործությունը կարող է հնչել տարբեր ոճերում»,-համերգի մասին նշում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

1968 թվականին՝ արդեն աշխարհահռչակ Դյուկ Էլլինգտոնի նույնքան հռչակավոր ջազ նվագախումբը մի շատ հեղինակավոր պրոդյուսերական ընկերության հետ պայմանավորվածություն ձեռք բերեց նոր ձայնապնակի ձայնագրության վերաբերյալ: Երբ ընկերության մենեջերը հայտնեց, որ Էլլինգտոնը ազատ է իր նյութի ընտրության մեջ և կարող է հնչեցնել նվագախմբի կատարմամբ ամենն, ինչ ցանկանա, Էլլինգտոնը բացառիկ որոշում կայացրեց և որոշեց մշակել և գործիքավորել Չայկովսկու Շչելկունչիկ սյուիտը ջազ նվագախմբի համար և ձայնագրել։ Ալբոմի արձագանքն ու հաջողությունը շատ մեծ էին, Շչելկունչիկի ջազային տարբերակը սիրվեց հանրության կողմից: Հաշվի առնելով այդ հաջողությունը՝ Էլլինգտոնը որոշեց հանրությանը ներկայացնել ևս մեկ դասական ստեղծագործություն՝ ջազային մշակմամբ: Լույս տեսավ ևս մեկ ձայնապնակ, որում Էլլինգտոնը արդեն հնչեցրեց Էդվարդ Գրիգի Պեր Գյունտ սյուիտի ջազային մշակումը, որը նույնպես մեծ արձագանք ստացավ:

Համերգի վերջում Կամերային և Ջազ նվագախմբերի կատարմամբ հնչեց «Վաղարշապատի պարը» (Կոմիտաս-Ասլամազյան)՝ բոլորովին ինքնատիպ գործիքավորմամբ, որը ևս շատ ջերմ ընդունվեց ունկնդրի կողմից: Ի դեպ, վերջինս հատուկ այս համերգի համար փոխադրել էր Արմեն Հյուսնունցը:

Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում